Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի իրազեկում

25.02.2020

Փետրվարի 25-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց հանդիպում մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցների, մարզի գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, համայնքների ղեկավարների, շահագրգիռ այլ կառույցների եւ գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր՝ մասնակիցներին իրազեկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերին: Օրվա բանախոսներն էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման կոոպերատիվի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը: Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Նարեկ Գիրգորյանը նշեց, որ մարզում իրականացվող ցանկացած գյուղատնտեսական ծրագիր ողջունելի է, քանզի Գեղարքունիքը, հանդիսանալով գյուղատնտեսական մարզ, պետք է զարգացում ապրի հատկապես նորարարական գաղափարների ներդրմամբ: Մարզպետի տեղակալը հույս հայտնեց, որ այս հանդիպումը կարևոր խթան կհանդիսանա մարզի գյուղատնտեսության արդիականացման ու զարգացման համար: « Պետական օժանդակության ծրագրերը նպատակաուղղված են տոհմային «խելացի» անասնապահության, ինտենսիվ այգեգործության, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գյուղատնտեսության զարգացմանը։ Ծրագրերի հիմքում երկրում բարձրարժեք, նորարար, արտահանմանը միտված, արդյունաբերական գյուղատնտեսության խթանման տեսլականն է, որը շահառուներին հնարավորություն կտա՝ ստեղծել և ժամանակակից աշխարհի պահանջներին համաքայլ զարգացնել իրենց ագրոբիզնեսը»,- բացման իր խոսքում նշեց Իռա Փանոսյանը:
Այնուհետև բանախոսը մանրամասն ներկայացրեց յուրաքանչյուր ծրագրի բովանդակությունը, պահանջներն ու արդյունքները:
Ներկայացնելով «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, բանախոսը նշեց, որ վարկերը սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսավարողներին կտրամադրվեն 0, հանրապետության մնացած համայնքների տնտեսավարողներին` 5 և գյուղատնտեսական կոոպերատիվներին` 3 տոկոս տոկոսադրույքով: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով, 3-15 միլիոն դրամ գումարի սահմաններում: Վարկավորման ժամկետը սահմանվում է մինչև 5 տարի` ելնելով ներդրումների ուղղվածությունից:
«ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակում շահառուները կարող են ընդամենը 2 տոկոս տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։ Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին վարկը կհատկացվի 0 տոկոս տոկոսա¬դրույքով։ Մարման ժամկետը 5 տարի է։ Մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 միլիոն դրամը։
«Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակում պետությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում իրականացրած շահառուների ծախսերը:
«Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի սուբսիդավորվող վարկերը շահառուներին կտրամադրվեն 2 տոկոս, իսկ սահմանամերձ համայնքներում կամ գերնորմատիվային ջրապահան¬ջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում կամ առնվազն 3 հա հողատարածքում ներդնող գյուղատնտեսական գործունեություն ծավալող կոոպերատիվներին` 0 տոկոս տոկոսա¬դրույքով, 3 տարի մարման ժամկետով, մյուս տարբերակներում կփոխհատուցվեն կատարված ծախսերի 16 տոկոսը, սահմանամերձ համայնքներում կամ գերնորմատիվային ջրապահան¬ջարկ ունեցող հողատարածք¬ներում ներդրման դեպքում, կամ առնվազն 3 հա հողատարածքում ներդնող կոոպերատիվների դեպքում` 18 տոկոսը:
«Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում տրամադրվում են առավելագույնը տարեկան մինչև 12 տոկոս անվանական տոկոսադրույքով, որի տարեկան մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը սուբսիդավորվում է, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3 տոկոս, իսկ սոցիալական աջակցություն ստա¬ցող սահմանամերձ բնակա¬վայր¬երի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների հա¬մար վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի մինչև 12 տոկոսային կետին համարժեք մասը, որպես¬զի վարկա¬ռուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս:
«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի նպատակը գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է։
«Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագրի նպատակն ագրոպարենային ոլորտի տնտեսավա-րողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է:
Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրի շրջանակում նախատեսվում է տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման մատչելիության ապահովման նպատակով պետական աջակցությունը իրականացնել 2 եղանակով. տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում, որի դեպքում վարկերը կտրամադրվեն 4 տարի մարման ժամկետով, առավելագույնը 12 տոկոս տոկոսադրույքով և կատարված ծախսի փոխհատուցում. այս դեպքում կփոխհատուցվի շահառուի կողմից յուրաքանչյուր գլուխը մինչև 450 հազար ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված տոհմային մատղաշի համար փաստացի վճարված գումարի 23 տոկոսը, իսկ սահմանամերձ բնակավայրերի և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվների կողմից մինչև 450 հազար ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված տոհմային մանր եղջերավոր կենդանիների համար՝ 27 տոկոսը։ Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրի նպատակն է՝ փոքր և միջին ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապա¬հովման պետական աջակցության միջոցով ավելացնել ջերմատնային տնտեսությունների մակերեսն ու արտադրանքի արտադրության ծավալները, բարձրացնել արտադրված արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։
Պարզաբանումներից հետո էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները պատասխանեցին հանդիպման մասնակիցների մտահոգող հարցերին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-04-09 15:45:12