Նորություններ
Բուն Բարեկենդանի տոնին նվիրված միջոցառում՝ Նորատուս համայնքում
25.02.2020
Փետրվարի 23-ին Նորատուս համայնքում մեծ հանդիսավորությամբ նշվել է Մեծ Պահքին նախորդող Բուն Բարեկենդանի տոնը: Տոնի նախապատրաստման և անցկացման գործում մեծ ներդրում է ունեցել Գեղարքունյաց թեմի սարկավագ Վահե Միքայելյանը, ով լուրջ աշխատանքներ է տանում համայնքում հոգևոր կյանքի ամրապնդման ու զարգացման գործում: Բուն Բարեկենդանի տոնի նախաձեռնման և կազմակերպչական աշխատանքներին աջակցել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը:
Տոնական ծրագիրը նախապատրաստել և ներկայացրել են Նորատուս համայնքի թիվ 1,2,3 միջնակարգ և արվեստի դպրոցների սաներն ու մանկավարժական կոլեկտիվները: Ծրագրում ներառվել են տոնին բնորոշ երգեր, պարեր, խաղիկներ և բանաստեղծություններ: Դպրոցականները համայնքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքից քայլերթով ու շարականների կատարմամբ հասել են մինչև համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածք: Այդ ընթացքում նրանց հետևել և տոնակատարությանը միացել են նաև համայնքի բնակիչներ:
Տոնակատարությունն ուղեկցվել է բարձր տրամադրությամբ, հյուրասիրությամբ և շարունակվել մինչև ուշ երեկո: