Նորություններ
Ակունք համայնքում անցկացվեց «Գեղարքունյաց Ձմեռ -2020» մարզամշակութային միջոցառում
21.02.2020
Փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում անցկացվեց «Գեղարքունյաց Ձմեռ -2020» մարզամշակութային միջոցառումը, որ կրում էր «Ոչ ծխախոտին» խորագիրը:
10-ից ավելի մարզական և մշակութային նշանակության խաղերում իրենց ուժերն էին չափում Ակունք համայնքի բնակիչներ և դպրոցականներ: Խաղերն ընթանում էին ազգային երգերի և պարերի կատարումներով: Մարզիկները միմյանց հետ մրցեցին կոխ, բռնցքամարտ, քիգ բոքսինգ, կշռաքարի բարձրացում, պարանի ձգում, շախմատ, հրաձգություն, բազկամարտ, դահուկավազք և այլ մարզաձևերում:
Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ակունք և Վարդենիս համայնքների ղեկավարները, ուժային կառույցների ներկայացուցիչներ: Մրցումների մասին իր տպավորություններով կիսվեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Բոլորիդ շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա առիթով և կարևորում նման միջոցառումները երկու տեսանկյունից: Առաջինը, որ երեխաների մոտ զարգանում է մասսայական սպորտը, երկրորդը՝ նրանք հեռու են մնում ծխելու վատ սովորույթից: Եվ եթե պարզվի, որ Ակունքի դպրոցում ոչ մի աշակերտ չի ծխում, ապա ամռանը կգամ նրանց հետ ֆուտբոլ խաղալու», - ներկաներին դիմեց մարզպետը:
Մրցումների ավարտից հետո հաղթող մարզիկները պարգևատրվեցին Ակունքի համայնքապետարանի կողմից սահմանված մեդալներով և գավաթներով: Պարգևները հանձնեցին մարզպետ Գնել Սանոսյանը և Ակունք համայնքի ղեկավար Նիկոլա Խաչատրյանը:
«Գեղարքունյաց Ձմեռ -2020» մարզամշակութային միջոցառումներ անցկացվում են նաև մարզի այլ համայնքներում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ: