Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մամուլի ասուլիսը հանրապետական ԶԼՄ- ներին

21.02.2020

Փետրվարի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ներկայացրեց Գեղարքունիքի մարզում 2019 թվականին գրանցված աշխատանքային ձեռքբերումները, 2020 թվականի ընթացքում իրականացվելիք կենսական կարեւոր նշանակության ծրագրերը եւ առաջնահերթ անելիքները: Գնել Սանոսյանը 2019 թվականը համարեց աշխատանքային ձեռքբերումներով լի ու հաջողված տարի: Մարզպետը, որպես առաջին կարեւոր ձեռքբերում, առանձնացրեց սուբվենցիոն ծրագրերը: Այս տեսանկյունից 2019 թվականին Հայաստանի Հանրապետությունում Գեղարքունիքի մարզն առաջատար է եղել: Մասնավորապես, նախորդ տարի մարզում իրականացվել է 103 սուբվենցիոն ծրագիր: Աշխատանքներն իրականացվել են 128 տեղամասերում: Ընդհանուր գումարը կազմել է 5.5 միլիարդ դրամ: Համեմատության համար մարզպետը նշեց, որ 2018 թվականին մարզում իրականացվել է 992 մլն դրամի սուբվենցիոն ծրագիր: «Կարծում եմ, որ 2017, 2016 թվականներ հետ գնալու կարիք չկա: 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի ծավալը մի քանի անգամ ավելին է եղել: Ծրագրերը բազմազան են եղել, մասնավորապես, նոր մանկապարտեզների կառուցում, եղածի վերանորոգում, ճանապարհաշինություն, խմելու եւ ոռոգման ջրամատակարարման համակարգերի կառուցում ու բարելավում, փողոցների լուսավորության ցանցի ընդարձակում»,-ասաց մարզպետը:
Նույն ակտիվ տեմպերով մարզը շարունակելու է 2020 թվականին: Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ համայնքներն արդեն 135 սուբվենցիոն հայտ են ներկայացրել, որի մեջ ամփոփված է 177 ծրագիր: Ընդհանուր գումարը կկազմի 6 միլիարդ 400 միլիոն դրամ: «Մենք նախապես հավաքագրել ենք խնդիրները, հստակեցրել անելիքները: Սուբվենցիաները պատահական չեն ընտրված, դրանք այն ծրագրերն են, որոնք համայնքներում կյանքը կարող են որակապես փոխել: Ուրախալին այն է, որ տարեցտարի սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը համայնքերում ավելի շատ թվով բարերարներ են մասնակցում: Այսպես, եթե 2018 թվականին մենք այս ուղղությամբ բարերարների կողմից ունեցել ենք ընդամենը ութ միլիոնի ներդրում, 2019 թվականին արդեն այդ գումարը կազմել է 36 միլիոն դրամ: Իսկ ահա այս տարի մենք բարերարների կողմից այս պահի դրությամբ ունենք 225 միլիոն դրամի ներդրում»,-ասաց մարզպետը: Բացի սուբվենցիոն ծրագրերը, մեծ ներդրումներ են սպասվում պետական բյուջեի միջոցներից, որոնք ուղղվելու են ճանապարհաշինության եւ դպրոցաշինության ոլորտների արդիականացմանն ու զարգացմանը: Նախատեսված է ճանապարհաշինարարական 17 ծրագիր, որոնց ուղղությամբ կապիտալ շինարարության ծավալները կանցնեն 15 միլիարդ դրամից: Պետական միջոցներով դպրոցական նոր շենքեր կկառուցվեն Գեղհովիտ եւ Ճամբարակ համայնքներում, Ջիլ, Շատջրեք, Լեռնահովիտ բնակավայրերում: Մարզպետը խոսեց դպրոցաշինության ոլորտում առկա հիմնախնդիրներից: «Դպրոցների հետ կապված լրջագույն խնդիրներ ունենք: Հանրապետության դպրոցների մեծ մասը 1960-80-ական թվականներին են կառուցվել եւ հիմնականում նախատեսված են 7 բալ հզորության երկրաշարժերի համար: Հիմա սեյսմիկ առումով լուրջ խնդիրներ կան: Հաջորդ հարցն այն է, որ երկար տարիներ բազմաթիվ դպրոցներ ընթացիկ վերանորոգում չեն անցել, եւ հիմա այնպիսի իրավիճակ է, որ որոշ դեպքերում ավելի ձեռնտու է նոր դպրոցներ կառուցելը, քան թե հին շենքերն ամրացնելը: Մենք մարզային ենթակայությամբ ունենք գործող 118 դպրոց, որոնց մեծ մասն արդիականացման խնդիր ունեն: Դրա համար մեզ թե մեծ միջոցներ, թե որոշակի ժամանակ է անհրաժեշտ: 2019 թվականի ընթացքում մենք դպրոցաշինական տարբեր աշխատանքներ ենք իրականացրել 61 հանրակրթական դպրոցներում: 6 դպրոցներում ստեղծել ենք «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, 44 դպրոցներում բարձրացրել ուսուցիչների աշխատավարձերը՝ չհաշված նախորդ սեպտեմբերին կատարված բարձրացումները: Պարգեւատրվել են հազարից ավելի ուսուցիչներ, առողջապահական համակարգի բազմաթիվ աշխատակիցներ՝ հիմնարկներում կատարված խնայողությունների հաշվին: Նկատելի ձեռքբերումներ ենք ունեցել մշակույթի ոլորտում:Գավառի պետթատրոնը, որն իր դռները հանդիսատեսի առջեւ բացել է 2018 թվականի վերջերին, 2019 թվականի ընթացքում բեմադրել է 44 ներկայացում՝ ունենալով շուրջ 11 հազար 500 հանդիսական: Կարծում եմ, որ այս թիվն էապես կավելանա 2020 թվականի ընթացքում: Անցկացվել են մի շարք փառատոներ, որոնք խթան են հանդիսանալու թե տնտեսության, թե առհասարակ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Սեւանի թերակղզում տեղակայված զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակի տվյալներով՝ 2018 թվականի համեմատ 2019 թվականին մարզ այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների քանակն ավելացել է շուրջ 52 տոկոսով: Գրասենյակն արձանագրել է 158 հազար զբոսաշրջիկների այց Սեւանի թերակղզի:  Զբոսաշրջության զարգացման հիմնական նախապայման մենք համարում ենք մարզի ենթակառուցվածների զարգացումը, ճանապարհների եւ պատմական հուշարձանների վերականգնումն ու տարածքների բարեկարգումը, եւ այդ ուղղությամբ նկատելի աշխատանքներ ենք իրականացրել ու շարունակելու ենք իրականացնել: Նախորդ տարում պետբյուջեի միջոցներով նորոգվել է Շողակաթ-Վարդենիս-Մարտակերտ միջպետական ճանապարհի Ծափաթաղ-Արեգունի ավտոճանապարհի 12,5 կիլոմետրանոց հատվածը, որով Հայաստանի հյուսիսային մարզերը կարճ ճանապարհով ու ուղիղ գծով կապվում են Արցախի հետ: Բացի այդ, տնտեսական զարգացման հնարավորություններ են ձեռք բերում Սեւանի հյուսիսային ափի բնակավայրերը: Բարերարների միջոցներով հիմնովին ու ամբողջությամբ վերականգնվել են Նորատուսի Սուրբ Աստվածածին եւ Ներքին Գետաշենի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները: Այս տարի պետական ծրագրերով կհիմնանորոգվեն Արծվանիստի Վանեվան եւ Մաքենիսի վանական համալիրներ տանող ճանապարհները: Շատ ներդրողներ կամ անհատներ հետաքրքրված են նոր հյուրանոցային համալիրների կամ հյուրատների կառուցմամբ: Նկատելի առաջընթաց է գրանցվել նաեւ մարզի առողջապահական ոլորտում: Նորագույն բուժսարքավորումներով համալրվել են Սեւանի, Գավառի եւ Մարտունու բժշկական կենտրոնները, Վարդենիսի հիվանդանոցը, Մարտունու բժշկական կենտրոնում բացվել է հեմոդիալիզի բաժանմունք: Այս տարվա մայիսից պետական միջոցներով մեկնարկում է Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումը: Մի խոսքով, միայն պետական ներդրումներով ու սուբվենցիոն ծրարգրերով իրականացվող կապիտալ շինարարության ծավալներն այս տարի կգերազանցեն 20 միլիարդ դրամը: Նման ծավալների շինարարության նախադեպ մեր մարզում ոչ թե մեկ, այլ գուցե թե վերջին տաս տարիների հանրագումարի արդյունքում չենք ունեցել: Իսկ նախորդ տարվա համեմատ մարզում կապիտալ շինարարության ծավալներն առնվազն կկրկնապատկվեն»,-հավաստեց մարզպետը:
Գնել Սանոսյանը կանգ առավ նաեւ ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքի եւ հիմնահարցերի վրա: «Մայիսին անցկացրած «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» բիզնես համաժողովը հետաքրքիր արդյունքներ է տալիս: Այլընտրանքային էներգետիկայի ոլորտն առաջնահերթ ենք համարում: Այս ուղղությամբ հողերի բազմաթիվ օտարումներ են կատարվել, եւ գործարարները սկսել են շինարարական աշխատանքներ: Մարզում կան մի շարք նախաձեռնություններ նոր հյուրանոցների ու հյուրատների հետ կապված: Ընդհանրապես, Հայաստանում հողի կատեգորիաների, գրանցումների հետ կապված խնդիրներ կան, հաճախ որքան էլ ցանկանում ենք գործարարներին արագ օգնել, չի ստացվում: Կադաստրի համակարգը խնդրահարույց է, հողերի հետ կապված կրկնակի գրանցումներ կան: Կան դեպքեր, երբ հողը գրված է որպես վարելահող, սակայն այնպիսի հատվածում է գտնվում, որ դա չի համապատասխանում իրականությանը: Խնդիր ունենք՝ Սեւանա լճի շրջակա տարածքների հետ կապված: Գրեթե ազատ հող չկա այստեղ, թեպետ շատերն են ցանկանում այդ հատվածում ներդրումներ անել: Բիզնես միջավայրն աշխուժացել է մեզանում, սակայն նախկինում կուտակված խնդիրները գործընթացը բարդացնում են: Երբեմն ոմանց բրթում ես, որ աշխատեն: Այն տեմպը, որ մենք ենք ընտրել, հաճախ չեն համընկնում մյուս կառույցների ունեցած աշխատանքային տեմպի ու կարողությունների հետ: Ես ուրախ եմ, որ Կադաստրի եւ Քաղաքաշինության կոմիտեներն այլեւս նախկինները չեն ղեկավարում: Սրանք այն կառույցներն են, որոնց հետ բավական դժվարություններ ու անհարմարություններ էինք ունենում: Երբեմն անհարկի մերժում էին հողերի կատեգորիաների փոխելը: Նույն թուղթը երկրորդ կամ երրորդ անգամ էինք ուղարկում, նոր հաստատում էին: Այդ դեպքում հարց է առաջանում, եթե ամեն ինչ կարգին էր, ապա առաջին անգամ ինչի՞ էին մերժել»,-ասաց մարզպետը՝ ավելացնելով, որ ներկայում կադաստրի հետ նման խնդիր չունեն:
Գնել Սանոսյանն անդրադարձավ նաեւ ապօրինի հողօգտագործման եւ շենք-շինությունների ապօրինի գրանցման դեպքերին: «Ունեցել ենք դեպքեր, երբ հողերը գրանցված չեն եղել, պայմանագրերը բացակայել են: Գեղամասար եւ Վարդենիս համայնքներում մոտ 1500 հեկտար այդպիսի հող հայտնաբերեցինք: Դրանք փաստաթղթավորված չէին: Հիմա իրավական փուլում ենք, պայմանագրեր ենք կնքում: Շուտով աղմկահարույց բացահայտումներ կլինեն պետական շենքերի, շինությունների օտարումների հետ կապված: Ինչպես գիտեք, Սեւանում կառուցվեց նոր հիվանդանոց: 2015 թվականին կառավարությունը որոշում ընդունեց այն մասին, որ նոր հիվանդանոցի կառուցման պարագայում հին շենքը պետք է հանձնվի պետգույքի կառավարմանը: Որոշման մեջ նշվել է, որ այդ հին շենքը 3400 քառակուսի մետր է: Հիմա նոր շենքը կառուցվեց, եւ երբ պետք է հին շենքը հանձնեինք, պարզվեց, որ այն ոչ թե 3400, այլ՝ 6800 քառակուսի մետր է: Հիմա հարց, ոմանք մեկ հարկը մոռացե՞լ են, թե՞ դիտավորյալ կառավարության որոշման մեջ գրվել է 3400 քառակուսի մետր: Այդպես բազմաթիվ դեպքեր կան, եւ պետք է հասկանանք, թե դրանց ո՞ր մասն է օբյեկտիվ եւ որ մասը՝ սուբյեկտիվ»,-ասաց բանախոսը:
Գնել Սանոսյանն անդրադարձավ նաեւ «Փարոս» համակարգում կատարված զտումներին, որոնց արդյունքում հայտնաբերվել ու համակարգից օգտվելու հնարավորությունից զրկվել են 983 ընտանիք, իսկ խնայված միջոցներն ուղղվել են կարիքավոր ընտանիքիների աղքատության նվազեցման իրական քայլերին: « Ջիպեր, առանձնատներ ունեցողները զրկվել են «Փարոս» համակարգից: Դա բերում է նրան, որ պետությունն իր գումարները խնայում է եւ դրանք ուղղում աղքատ ընտանիքիների համար բավարար եկամուտներ ապահովելու ծրագրերի իրականացմանը: Այսպես, խնայված միջոցների շնորհիվ մենք նախորդ տարվա վերջում մարզում 239 անապահով ընտանիքի տրամադրել ենք անասուններ, անասնակեր ու որոշակի գումար, որ ստեղծեն կայուն եկամուտներ»,-ասաց Գնել Սանոսյանը:
Նկատելի արդյունք է գրանցվել նաեւ աղբահանության ոլորտում: Մարզպետի աշխատանքային գործունեության առաջին շրջանում, 2018 թվականի վերջերին, ընդամենը 26 համայնքում էր իրականացվում աղբահանություն: Այսօր արդեն 47-ում կատարվում է աղբահանություն:
Անդրադառնալով ամռան ընթացքում Սեւանա լճի՝ ջրիմուռներով պատվելու հետ կապված հարցին, մարզպետը նկատեց, որ, ցավոք սրտի, խնդիրը հնարավոր չէ վերացնել շատ արագ ու արմատապես, քանի դեռ չեն վերացվել այդ վնասակար գործոնները ծնող հիմնական պատճառները: «Ցավոք, հերթական ամռանը եւս մենք որոշակի չափով կունենանք նախորդ տարիների տխուր պատկերը, որը բացառելու համար դեռեւս պետք է լրջագույն քայլեր ձեռնարկենք: Առաջին խնդիրը կապված է Սեւանի ափամերձ ու ջրածածկված կամ ջրածածկման ենթակա անտառային տարածքների մաքրման հետ: Ճիշտ է, նախորդ տարի մաքրման աշխատանքներ իրականացվեցին մոտ 80 հեկտարի վրա, սակայն առաջիկա տարիներին եւս այս ուղղությամբ պետք է աշխատանքներն իրականացվեն ամբողջ ծավալներով, որպեսզի լճի ջրերը զերծ մնան նեխումից ու աղտոտումից: Երկրորդ ուղղությունը վերաբերում է բնակավայրերի կոյուղացմանը եւ Սեւան թափվող գետերի վրա մաքրման կենսաբանական կայանների կառուցմանը, որոնք կապահովեն Սեւանի ջրային պաշարների լիակատար մաքրությունը: Դրա համար մեզ թե ժամանակ, թե միջոցներ են հարկավոր: Սակայն, կարծում եմ, որ մենք ամեն գնով կկարգավորենք այս շատ կարեւոր բնապահպանական ու տնտեսական խնդիրը»,-ասաց մարզպետ Գնել Սանոսյանը:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-04-01 16:59:57