Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներին

19.02.2020

Փետրվարի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին և տեսչական մարմնից մարզ գործուղված աշխատակիցներին: Հանդիպման սկզբում ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարը մարզպետին տեղեկացրեց, որ 2020 թվականին, ըստ ժամանակացույցի, նախատեսված է պլանային տեսչական ստուգումներ իրականացնել մարզպետարանի ենթակայությամբ գործող Ծովազարդի, Վանևանի, Դդմաշենի, Գանձակի թիվ 2, Սարուխանի թիվ 2, Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցներում և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Սևանի ավագ դպրոցում: Նշված կրթօջախներում ստուգվելու են կրթության ոլորտի իրավական ակտերը, իսկ դպրոցականների գիտելիքներն ստուգելու նպատակով նրանց գրավոր աշխատանք է տրվելու հայոց լեզու, մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաներից: Աշխատանքները մարզում ավելի արդյունավետ իրականացնելու և պլանային ստուգումների ընթացակարգին ծանոթացնելու համար կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները նույն օրը հանդիպում կունենան նաև Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության ներկայացուցիչների և մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: «Դպրոցների տնօրենների հետ մեր հանդիպումը կանխարգելիչ միջոցառում կարելի է համարել: Այդ հանդիպմամբ մենք կհորդորենք, որպեսզի դպրոցներում նրանք ինքնաստուգմամբ զբաղվեն, հասկանան ոլորտում առկա խնդիրները և օր առաջ դրանց լուծում գտնեն, որպեսզի ստուգումների ժամանակ դրանք բացառվեն: Տեղեկացնեմ նաև, որ 2019 թվականին մեր տեսչական մարմնին հասցեագրված 134 դիմում-բողոքներից ընդամենը 3-ն են Գեղարքունիքի մարզից եղել, ինչը նշանակում է, որ Գեղարքունիքի մարզային ենթակայության կրթական հաստատություններում խնդիրները լուծվում են տեղում, մարզպետարանի հետևողականության շնորհիվ»,- նշեց Ալեքսանդր Շագաֆյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին կրթության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր և լուծում ենթադրող խնդիրներ: Գնել Սանոսյանն առաջարկեց՝ համատեղ մոտեցում ցուցաբերել նման խնդիրների կարգավորմանը: «Կրթության ոլորտում բավականաչափ անելիքներ կան և, բնականաբար, նաև՝ խնդիրներ: Մենք պատրաստ ենք մեր լիազորությունների շրջանակներում համագործակցել և ընդառաջել ձեր տեսչությանը ցանկացած հարցում, եթե այն կբերի հանրակրության ոլորտում ծագած խնդիրների կարգավորմանը: Այսօր մենք բացահայտում ենք որոշ դպրոցների տնօրենների կողմից թույլ տրված մի շարք ֆինանսական խնդիրներ, որոնք հաճախ խլում են մեր կողմից կրթությանը հատկացվելիք ժամանակը: Մենք պետք է աշխատենք խնդիրներին լուծում գտնել համատեղ ուժերով և թույլ չտալ, որ որևէ օրինազանց կամ իր մասնագիտությանը չտիրապետող անձ պաշտոն զբաղեցնի կրթության համակարգում»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյան շնորհակալություն հայտնեց մարզպետ Գնել Սանոսյանին՝ արդյունավետ հանդիպման համար:Օրվա առիթով մարզպետը հանդիպման մասնակիցներին գրքեր նվիրեց:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55