Նորություններ
Գեղարքունիքի մարզից ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել 135 սուբվենցիոն ծրագրային հայտ
07.02.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներից 2020 թվականի համար ՀՀ կառավարություն է ներկայացվել 135 նպատակային և հիմնավորված սուբվենցիոն ծրագրային հայտ: Դրանցից 35-ը վերաբերում է ներհամայնքային փողոցների ասֆալտապատմանը,11-ը՝ հրապարակների, պուրակների, մայթերի կառուցմանը և եզրաքարերի տեղադրմանը, 32-ը՝ խմելու և ոռոգման ջրագծերի վերանորոգմանը, ջրամատակարարման ցանցերի անցկացմանը, խորքային հորերի մաքրմանը, ջրահեռացման համակարգերի կառուցմանը և վերանորոգմանը, գաբիոնե հենապատի կառուցմանը, 31-ը՝ բազմաբնակարան շենքերի տանիքների և մուտքերի, մանկապարտեզների, դրանց դահլիճների, հանդիսությունների սրահների և համայնքային ճաշարանների վերանորոգմանը, մշակույթի տների եւ մանկապարտեզների գույքի ձեռքբերմանը, խաղահրապարակների կառուցմանն ու կահավորմանը, երաժշտական, արվեստի, մարզադպրոցների և համայնքային կենտրոնների հիմնանորոգմանը, 23-ը՝ փողոցային լուսավորության ցանցերի կառուցմանը և ընդլայնմանը, ֆոտովոլտային կայանների, լուսատուների և արևային ջրատաքացուցիչների տեղադրմանը, 2-ը՝ գազիֆիկացմանը և ջերմամեկուսացման համակարգի տեղադրմանը, 1-ը՝ բազմաֆունկցիոնալ ամբարձիչ էքսկավատորի ձեռքբերմանը:
Նշված ծրագրային հայտերի գումարի չափը նախնական հաշվարկներով կազմում է շուրջ 6 միլիարդ 390մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ այս տարի Գեղարքունիքի մարզում ծրագրային հայտերի թիվն ավել է 31-ով: Ավելացել է նաև հայտ ներկայացրած համայնքների թիվը: Ընդհանուր հաշվարկներով Գեղարքունիքի մարզի 57 համայնքներից այս տարի ծրագրային հայտ չի ներկայացրել 8 համայնք:
Հաստատված ժամանակացույցին համապատասխան՝ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ծրագրային հայտերը ներկայացվել են ՀՀ կառավարության հաստատմանը: Հավելենք նաև, որ համայնքային 2020 թվականի բյուջեներում արդեն նախատեսված են համաֆինանսավորման նպատակով հատկացվելիք ֆինանսական միջոցները: