Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիսի համայնքապետարանի շենքում բացվեց «Քաղաքացիների սպասարկման գրասենյակ»

04.02.2020

Վարդենիսի համայնքապետարանի շենքում փետրվարի 4-ին տեղի ունեցավ «Քաղաքացիների սպասարկման գրասենյակ»-ի բացման հանդիսավոր արարողությունը:
Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ԱԺ պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ստեֆանո Լազզարոտտոն, «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը, Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, համայնքի ավագանու անդամները, համայնքապետարանի աշխատակազմը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Գասենյակի բացման առթիվ հնչեցին ելույթներ և շնորհավորանքի խոսքեր: Ներկաներին պարային ելույթով ողջունեցին Վարդենիսի «Սասուն» ազգագրական պարի համույթի սաները:
«Այսօր Վարդենիս քաղաքում, «ՋԻ ԱՅ ԶԵԹ» կազմակերպության օժանդակությամբ բացվեց «Քաղաքացիների սպասարկման գրասենյակ», որն իր տեսակով առաջինն է և կսպասարկի տարածաշրջանի բնակչությանը: Հույսով եմ, որ մի քանի տարի հետո Վարդենիսում կկրկնապատկվի բնակչության թիվը և անհրաժեշտության դեպքում կունենանք նաև նմանատիպ երկրորդ գրասենյակը: Շնորհակալություն եմ հայտնում Վարդենիսի քաղաքապետին, ակտիվ գործունեություն ծավալելու համար և եթե նման տեմպերով շարունակեք աշխատել, մի քանի տարի հետո Վարդենիսը կծաղկի, կզարգանա, կբարգավաճի: Շնորհակալություն «ՋԻ ԱՅ ԶԵԹ» կազմակերպությանը, նման կառույց հիմնելու համար և հույսով եմ, որ մեր համագործակցությունը կկրի շարունակական բնույթ»,- նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալիս «Մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները:
Համայնքապետարանում և ՔՍԳ-ում աշխատանքները կիրականացվեն Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը թույլ է տալիս ապահովել համայնքապետարանի աշխատանքների արդյունավետ կառավարում, բնակիչներին մատուցել վարչական ծառայություններ անմիջապես բնակավայրում և առցանց, հետևել դիմումների և գրությունների ընթացքին: Համակարգը նպաստում է քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության և թափանցիկության բարելավմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30