Նորություններ
Գեղարքունիքի մարզի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ևս իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ
04.02.2020

Հաշվի առնելով Չինաստանում նոր կորոնավիրուսով պայմանավորված լարված համաճարակային իրավիճակը՝ ՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում համապատասխան պատրաստվածություն ապահովելու նպատակով, իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ: ՀՀ Գեղարքունիքի մարզի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ևս իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ համապատասխան պատրաստվածություն ապահովելու նպատակով, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին սահմանվել է հերթապահություն մարզի արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկներում:
Նոր կորոնավիրուսային վարակով (2019-nCoV) պայմանավորված դեպքերը, որպես նոր վարակիչ հիվանդություն առաջին անգամ արձանագրվել է 2019 թվականի դեկտեմբերին և դեռևս շարունակվում են, ստեղծելով լարված համաճարակային իրավիճակ: Հիվանդության տարածման վտանգը մեծանում է երկրների միջև լայն տրանսպորտային հաղորդակցության պատճառով:
Կորոնավիրուսները վիրուսների առանձին ընտանիք են, որոնք վարակում են մարդկանց, թռչուններին, կովերին, խոզերին և նապաստակներին: Վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1965 թվականին: Կորոնավիրուսներով առաջին անգամ լարված համաճարակային իրավիճակ արձանագրվել է 2003-2004թ.թ.՝ պայմանավորված Ծանր սուր շնչառական համախտանիշով կամ ատիպիկ թոքաբորբով (SARS CoV, sever acute respiratory syndrome) և 2011-2012թ.թ.՝ Մերձավոր արևելքի շնչառական համախտանիշով (MERS CoV, Middle east respiratory syndrome):
Կորոնավիրուսով հիվանդանալու ախտանիշները նման են այլ վիրուսային հիվանդությունների ախտանիշներին։ Տարբերությունն այն է, որ կարճ ժամանակում հիվանդությունը բարդանում է թոքաբորբով։ Հիվանդության գաղտնի շրջանը 14 օր է, հիվանդությունը փոխանցվում է կենդանիներից մարդուն, սակայն արձանագրվում է նաև մարդուց մարդ փոխանցման դեպքեր՝ օդակաթիլային, կենցաղ-կոնտակտային ճանապարհով, հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:
Վարակի տարածումը կանխելու համար խորհուրդ է ժամանակավորապես սահմանափակել ռիսկային գոտում գտնվող երկրներից վերադարձող մարդկանց հետ շփումները, խստիվ պահպանել անձնական հիգիենայի կանոննները, մշտապես օդափոխել սենյակը, հիվանդության ախտանշանների ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմել բժշկի։
Հաշվի առնելով Չինաստանում նոր կորոնավիրուսով պայմանավորված լարված համաճարակային իրավիճակը և Հայաստան կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով, հսկողություն է իրականացվում անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակում գտնվող երկրներից բոլոր տարանցիկ ուղիներով Հայաստան ժամանող ուղևորների նկատմամբ, կատարվում է ուղևորների ջերմաչափում, գրանցվում են նրանց բնակության հասցեները` նրանց նկատմամբ բժշկական հսկողություն իրականացնելու համար։
Բարձր ջերմության առկայության դեպքում քաղաքացին, ով հատում է սահմանը, անցնում է զննում։ Ինֆեկցիոն հիվանդություններին բնորոշ այլ կլինիկական ախտանիշների հայտնաբերման դեպքում նրան մեկուսացնում են` անձնակազմի և մյուս ուղևորների հետ շփումը սահմանափակելու նպատակով։ Քաղաքացու տվյալները փոխանցվում են պոլիկլինիկա` հետագայում նրա վիճակը վերահսկելու համար ։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ԱՍԱ վարչություն