Նորություններ
Մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց կենսաթոշակառու, 91-ամյա Հրանտ Գեւորգյանին
01.02.2020
Հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Զովաբեր համայնքում այցելեց աշխատանքի վետերան, կենսաթոշակառու, իննսունմեկամյա Հրանտ Գեւորգյանին, ով վերջերս նամակով դիմել էր մարզպետարան եւ «Գեղամա աշխարհ» թերթի խմբագրություն՝ իր շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնելով թե՛ մարզպետ Գնել Սանոսյանի աշխատանքից, թե՛ թերթում հրատարակված նյութերի բովանդակությունից: Ծավալված զրույցի ընթացքում Հրանտ Գեւորգյանը նշեց, որ մարզի ու մարզպետարանի մասին տեղեկատվությունը հիմնականում ստանում է «Գեղամա աշխարհ» թերթից, որի մշտական ընթերցողն է ու հետեւողը: «Իմ տարիքում դժվար է տիրապետել տեղեկատվական տեխնոլոգիաներին, ուստի շարունակում եմ ընթերցել գրքեր ու թերթեր, որոնց շարքում առանձնակի գնահատում եմ մեր մարզային թերթը: Հրապարակված նյութերի միջոցով պատկերացնում եմ, թե նախորդ տարում ինչպիսի աշխատանքներ են կատարվել մարզում, ինչի համար հայտնում եմ իմ շնորհակալությունն ու երախտագիտությունը մարզպետ Գնել Սանոսյանից: Շատ առավել ուրախ եմ ու զգացված, որ ինձ իր այցով պատվում է մարզի ղեկավարը: «Մանկուց որբ եմ մեծացել, ծանր աշխատանքով տունուտեղ ստեղծել, անասնաբույծի մասնագիտություն ստացել, երեխաներ կրթել ու դաստիարակել, հիմա էլ հպարտ ու երջանիկ եմ իմ 15 թոռներով ու 21 ծոռներով: Շատ եմ ուրախանում, որ օր օրի տեսնում եմ, թե ինչպես է մեր երկիրը ծաղկում, շենանում: Թալան չկա, անօրինականություններն էլ պակասել են: Համոզված եմ, որ մի քանի տարի հետո էլ ավելի լավ է լինելու: Հաջողություն եմ մաղթում Ձեզ Ձեր բարդ ու դժվարին աշխատանքում», –իր խոսքում նշեց Հրանտ Գեւորգյանը եւ շարունակեց, – «Կուզենամ, որ մեր թերթը հարատեւի, իսկ ես նրա էջերից կարդամ մեր մարզի նորանոր ձեռքբերումների մասին», -ասաց Հրանտ Գեւորգյանը: Գնել Սանոսյանը, ողջունելով Հրանտ Գեւորգյանին, ասաց. «Ձեր սերնդի տոկուն կամքի, տքնաջան աշխատանքի ու նվիրումի արդյունքում մենք կարողացանք ունենալ այս հայրենիքը: Եթե Դուք գնահատում եք մեր ջանքերը, ապա մեզ մնում է գործել ավելի եռանդով ու նվիրումով, հասնել ավելի տեսանելի արդյունքների: Դուք մեզ շատ ավելի եք ոգեւորում Ձեր կենսասիրությամբ, հայրենասիրությամբ ու աշխատասիրությամբ: Ուզում եմ հավատացնել, որ այս տարի եւս մենք մեր մարզում հսկայածավալ շինարարություն կիրականացնենք՝ բարելավելով մարդկանց կենսապայմանները, բարձրացնելով կյանքի որակը եւ լուծելով այնպիսի խնդիրներ, որոնք տասնամյակներ շարունակ մնացել են չկարգավորված: Ձեզ ցանկանում եմ առողջություն ու երկար տարիների կյանք», -Հրանտ Գեւորգյանին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը: