Նորություններ
Մարտունու զինկոմիսարիատից բանակ ճանապարհվեց նորակոչիկների հերթական խումբը
29.01.2020
Մարտունի քաղաքում Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատից նորակոչիկիների հերթական խմբին Հայոց բանակ ճանապարհեցին ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանսոյանը: Նախարարը եւ մարզպետը զրուցեցին նորակոչիկների հետ, հետաքրքրվեցին նրանց հուզող խնդիրներով: Ինչպես տեղում ներկայացրեցին Գեղարքունիքի մարզային զինկոմ Գեւորգ Մխեյանը եւ Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, նորակոչիկները Հայոց բանակ են մեկնում բարձր տրամադրությամբ, հայրենիքի հանդեպ պարտքի ու նվիրումի գիտակցումով, հոգեպես ու ֆիզիկապես կոփված: «Ուրախ եմ, որ մեզանում արդեն Հայոց բանակ զորակոչվելը դարձել է տոն, միմյանց շնորհավորելու առիթ, որ նորակոչիկները բանակ են մեկնում տոնախմբությամբ ու բարձր տրամադրությամբ: Հայրենի կառավարությունն անում է հնարավորը, որպեսզի դուք ծառայեք խաղաղ ու անվտանգ պայմաններում, դաստիարակվեք որպես մեր հայրենիքին արժանի զինվորներ ու գիտակից քաղաքացիներ: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ, անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ: Միաժամանակ հորդորում եմ բոլորիդ՝ սիրել ու հարգել միմյանց՝ ամեն կերպ զերծ մնալով միջանձնային հարաբերություններ պարզելուց»,-նորակոչիկներին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը: «Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Հայոց բանակ մեկնելու կապակցությամբ: Մենք անում ենք հնարավորը, որպեսզի Հայոց բանակ մեկնեն միայն եւ միայն առողջ տղամարդիկ, իսկ առողջական խնդիրներ ունեցող երիտասարդները ծառայության անցնեն առողջանալուց հետո: Հաշվի ենք առնում յուրաքանչյուր դեպք, ուսումնասիրում մանրակրկիտ»,-շեշտեց նախարար Արսեն Թորոսյանը:
Գեղարքունիքի մարզային զինվորական կոմիսար Գեւորգ Մխեյանի տեղեկացմամբ՝ ձմեռային զորակոչը Գեղարքունիքի մարզում կավարտվի 2020 թվականի հունվարի 31-ին: