Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունու բժշկական կենտրոնում բացվեց հեմոդիալիզի բաժանմունք

29.01.2020

Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնում հանդիսավորությամբ բացվեց հեմոդիալիզի բաժանմունքը՝ ընդունելով առողջական համապատասխան խնդիրներով դիմած քաղաքացիներին: Բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, ՀՀ ԱՆ «Ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրեն Հովակիմ Պողոսայանը, աշխատակազմի անդամներ, Մարտունու բժշկական կենտրոնի բուժաշխատողներ: Բաժանմունքի բացման պատիվը վերապահվեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին եւ Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանին: Նախարարը եւ մարզպետը զրուցեցին նորաբաց բաժանմունքում այդ պահին սպասարկվող հիվանդների հետ: Վերջիններս, իրենց շնորհակալությունը հայտնելով ՀՀ կառավարությանը եւ Մարտունու բժշկական կենտրոնի տնօրինությանը, հավաստեցին, որ իրենց համար հույժ կարեւոր քայլ է արվել, քանի որ նկատելիորեն հեշտացել են բուժման պայմանները, եւ իրենք ստիպված չեն լինի հեմոդիալիզ ստանալու համար երկար ճանապարհ կտրել: Ինչպես նշեց նախարար Արսեն Թորոսյանը, բաժանմունքի ստեղծման ձեռնարկը սկսվել է մոտ մեկ տարի առաջ, ՀՀ Առողջապահության նախարարի՝ Գեղարքունիքի մարզպետի ներկայացված առաջարկությամբ եւ ՀՀ կառավարության համաձայնությամբ: «Այն ծրագրով նախատեսված էր այս բաժանմունքը ստեղծել 2022 թվականին, բժշկական կենտրոնի նորակառույց շենքում, սակայն, ելնելով հիվանդների խնդրանքից ու նրանց բուժումը տեղում կազմակերպելու խիստ անհրաժեշտությունից, որոշվեց ժամանակավորապես այն տեղավորել հին մասնաշենքում՝ մինչեւ նոր շենքի շահագործումը: Տարածքի հիմնանորոգումը կատարվել է բժշկական կենտրոնի, մասամբ էլ՝ տնօրենի տրամադրած անձնական միջոցների հաշվին, իսկ սարքավորումները ձեռք են բերվել ՀՀ Առողջապահության նախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի միջոցներով: Բաժանմունքի բացման համար հատկացվել է շուրջ 96 միլիոն դրամ: Փաստորեն, մենք կարողացանք նախատեսված ծրագիրն իրակականացնել երկու տարի ավելի վաղ՝ հեշտացնելով մեր քաղաքացիների բուժումն ու բարձրացնելով բուժսպասարկման, ինչու ոչ, նաեւ նրանց կյանքի որակը»,-շեշտեց Արսեն Թորոսյանը:
«Մեր կողմից ընտրվել ու վերապատրաստվել է բուժանձնակազմը: Արդեն կատարել ենք 25 հիվանդների հերթագրում, որոնք այս պահին արդեն սպասարկվում են: Ձեռք ենք բերել հեմոդիալիզի 5 սարքավորում, որը մեզ հնարավորություն է տալիս մեկ հերթափոխում սպասարկել 30 հիվանդի: Այս ձեռնարկի արդյունքում մասնավորապես Մարտունու եւ Վարդենիսի տարածքների առողջական խնդիրներ ունեցող մարդիկ արդեն բուժումը ստանում են տեղում՝ խնայելով որոշակի միջոցներ, քանի որ մինչ այդ ստիպված էին դիմել այլ բուժհաստատությունների օգնությանը »,-ներկայացրեց Մարտունու ԲԿ-ի տնօրենը:
«Շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ Առողջապահության նախարարությանը եւ Մարտունու բժշկական կենտրոնի տնօրինությանը՝ ձեռնարկը հաջողությամբ ու ժամանակին իրականացնելու համար: Ձեռք բերված սարքավորումները Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի շահագործումից հետո, 2022 թվականին, կտեղափոխվեն համապատասխան տարածք ու կշարունակեն ծառայել իրենց նպատակին: Ժամանակի ընթացքում մենք կդիտարկենք հիվանդների քանակը, ստեղծված իրավիճակը եւ, անհրաժեշտության դեպքում, կավելացնենք բաժանմունքում սպասարկվող տեղերի քանակը:Այս քայլը մարզի առողջապահական համակարգում այս տարվա կարեւոր ձեռքբերումներից մեկն եմ համարում»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Նախարար Արսեն Թորոսյանն այցելեց նաեւ բժշկակական կենտրոնի լաբորատորիա, որը վերջերս համալրվել է կլինիկական, բիոքիմիական, հեմատոլոգիական բաց համակարգով աշխատող վերլուծիչ նորագույն սարքավորումներով:
Այնուհետ Մարտունու բժշկական կենտրոնի բակում «Հայպետնախագիծ» ինստիտուտի պատասխանատուների կողմից ՀՀ Առողջապահության նախարարին ու Գեղարքունիքի մարզպետին ներկայացվեց բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման նախագիծը:Շենքի կառուցման աշխատանքները կմեկնարկեն 2020 թվականի ապրիլ-մայիս ամիսներին եւ կավարտվեն 24 ամիսների ընթացքում: «Մենք սկզբունքային քաղաքականություն ենք դարձրել՝ ունենալ մոդուլային կարգի նորակառույց բժշկական կենտրոնների շենքեր: Առաջին նման կառույցը լինելու է Մարտունու բժշկական կենտրոնի շենքը:Մինչ շինարարության մեկնարկը մենք կշարունակենք մարզպետարանի հետ համատեղ քննարկել նախագիծը եւ հարկ եղած դեպքում փոխություններ մտցնել նախագծում: Վստահ եմ, որ շինարարությունը կսկսվի եւ կավարտվի սահմանված ժամկետներում»,-հավաստեց Արսեն Թորոսյանը:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38