Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդենիս քաղաքում մասնակցեց Հայոց բանակի 28-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությանը

28.01.2020

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 28-ին Վարդենիս քաղաքում մասնակցեց Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։ ՀՀ վարչապետին ուղեկցում էին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ: Մինչ տոնակատարության մեկնարկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ դրեց Երկրորդ համաշխարհային և Արցախյան պատերազմների ժամանակ զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին։
Տոնական միջոցառումը անցկացվեց Վարդենիսի՝ Մ. Մկրտչյանի անվան մշակույթի պալատում: Միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով իր ելույթը սկսեց այն խոսքերով, որոնցով 100 տարի առաջ սկսվել է Հայաստանի առաջին Հանրապետության բանակի կազմավորմանը նվիրված տոնական միջոցառումը: Միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին, Ազգային ժողովի պատգամավորներին, կառավարության անդամներին, մարզպետներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին ու զինվորականներին նախարարը դիմեց մեկ դար առաջ հնչած՝ «Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, Վեհափառ Տեր, սիրելի զինակից ընկերներ, հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, շնորհավորում եմ բոլորիդ բանակի օրվա առիթով» խոսքերով:
«Այս բառերով, որ հիմա լսեցիք, մեր երեք հանրապետությունների պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդն իրար շնորհավորել է հարյուր տարի առաջ: Առաջին անգամ 1919թ. վերջում, ավելի ստույգ` դեկտեմբերի 19-ին, 20-ին և 21-ին հայ ժողովուրդը մեծ շուքով նշել է բանակի օրը: Ինձ համար հուզիչ էր «Հառաչ» պարբերականի 1919թ. դեկտեմբերի 25-ի 70-րդ համարում տպագրված տողերը կարդալը` «Մեր ապագա հույս մատաղ սերունդն անմասն ուզում մնալ հայրենիքի պաշտպան մեր զինվորների համար հայտարարված բանակի օրվա երեք օրյա տոնախմբությանը: Երևանի դպրոցների աշակերտությունը` ցածր դասարաններից մինչև վեր, նվիրաբերում են իրենց ծնողների կարողության չափով մրգեղեն, լուցկիներ, ծխախոտ, շորեղեն, գուլպաներ, և ուրիշ անհրաժեշտ իրեր»,- ասաց Տոնոյանը:
Նախարարը նշեց, որ հրապարակվածը հուզիչ էր, որովհետև նախօրոք դեկտեմբերի 19-ին պլանավորված շքերթի հաջորդ օրը տեղափոխելու պատճառը եղել է այն, որ եղանակը վատթարացել է, իսկ շքերթին մասնակցող աշակերտների մեծ մասը չի ունեցել ձմեռային շորեր ու կոշիկներ:
«Ահա այդ պայմաններում են մարդիկ նվիրաբերել բանակին: Այդ պայմաններում է նշվել բանակի օրը, և այսօր մենք բանակի օրը նշում ենք պայմաններում, որոնց մասին առաջին բանակի օրվա կազմակերպիչները երևի պատկերացնել կամ երազել անգամ չէին կարող: Այսօր մենք նշում ենք մի բանակի օրը, որը բազմաթիվ փորձագետների գնահատմամբ ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում համարվում է առավել մարտունակ ու պատրաստ զինված ուժերից` ունակ յուրաքանչյուր պահի ռազմական գործողություններ վարելու: Մենք նշում ենք օրը մի բանակի, որն արդեն համալրված ժամանակակից զինատեսակներով ու չորրորդ սերնդի ավիացիայով, վերջնականապես բռնել է նախաձեռնող դիրք, և առաջ է շարժվում ոչ միայն համարժեք հակահարված հասցնելու, այլ նաև իրավիճակը թելադրելու, մեծամասամբ կանխարգելիչ հարված հասցնելու, անհրաժեշտության դեպքում գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելու սկզբունքով: Մենք նշում ենք օրը մի բանակի, որը 21-րդ դարի երրորդ տասնամյակ է մուտք գործում նոր զորային կառուցվածքով, կառավարման և ղեկավարման նորացված համակարգով, որն այսօր արագորեն առաջ է շարժվում մարդակենտրոն կառույց դառնալու ճանապարհով: Հետևողականորեն շարունակվում է խրախուսվել և առաջ մղվել ինտելեկտուալ, կիրթ զինծառայողի կողմից կարևոր որոշումների կայացման, դրանց հաջող իրականացման համար պատասխանատվության ստանձման մշակույթը, և ապացուցելով զինվորի հանդեպ պետության վերաբերմունքը, առավելագույն ջանք է գործադրում նրան ըստ արժանվույն հանդերձավորելու և սնունդով ապահովելու համար: Մենք նշում ենք օրը մի բանակի, որի սպաները ստանում են մասնագիտական կրթություն, պարտականության փոխարեն ունեն առաքելության կարևոր զգացումը, գիտակցում են, որ հանձն են առել մեր երկրում ամենապատասխանատու պետական ծառայությունը, և գիտակցում են նաև, որ մեր համազգային երազանքներն իրականացնելու ճանապարհին բոլորս պետք է անենք ոչ թե այնքան, ինչքան հանձնարարված է կամ ընդունված է կամ կարող ենք, այլ անել դրանից գոնե մի փոքր ավելին, առաջնորդվելով որդեգրված` «Անել առավել, քան» նշանաբանով»,- ասաց Դավիթ Տոնոյանը:
Տոնի կապակցությամբ իր Հայրապետական օրհնանքը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը:
«Ժամանել ենք Վարդենիս, Հայրապետական մեր սերն ու օրհնությունը փոխանցելու Հայոց բանակի քաջարի զինվորականներին, ջերմորեն շնորհավորելով մեր ժողովրդին՝ Հայոց բանակի տարեդարձի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի օրվա հաստատումը Անկախ հայրենիքի տոնացույցում և Հայոց բանակի պանծացումը՝ աներկբա վկայությունն ու գնահատականն են Հայոց բանակի կարևոր դերակատարության, մեր երկրի և մեր ժողովրդի խաղաղ ու ապահով կյանքի հարատևության ապահովման գործում: Իբրև Հայոց Հայրապետ, հպարտ եմ յուրաքանչյուր հայ զինվորի ծառայությամբ: Մարտի դաշտ ելնելով, հայորդին կենաց ու մահու կռիվ է տվել, քաջ գիտակցելով, որ ինքն իր անձով սեփական ժողովրդի գոյության երաշխավորն է: Մեր ժողովրդի զավակների համար բոլոր ժամանակներում հայրենասիրությունը, անվեհեր քաջությունն ու նվիրումը վերացական գաղափարներ չեն եղել, այլ եղել են իրական պատասխանատվության զգացում առ հայրենի սրբազան հողը, ճշմարիտ սերը, առ ընտանիքը, ազգը և ազգային արժեքները: Սիրելի զինվորականներ, դուք կանգնած եք մեր երկրի առաջնագծում, սեփական կյանքով ու արյամբ պաշտպանում եք թիկունքում գտնվող հայրենիքն ու հայերնականը: Մերօրյա հերոսներն եք դուք, մերօրյա Վարդանները, Անդրանիկներն ու Մոնթեները: Հայոց Բանակի ոչ հեռավոր անցյալում, Ապրիլյան պատերազմի օրերին գործած սխրանքները ,խոսուն վկայությունն են ձեր հայրենասիրության և ազգի հանդեպ անսակարգ սիրո: Հայոց եկեղեցին միշտ եղել և մնալու է հայ զինվորի կողքին, միշտ օրհնելու է նրա հանձնառությունը, կամքն ու ոգին, ազգի խաղաղ կյանքը երաշխավորելու առաքելությունը»,- իր խոսքում նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ հղեց ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ մեր տոնացույցում հունվարի 28-ն ունի առանձնահատուկ նշանակություն, որովհետև այն խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու իրավունքը:
«Վեհափառ Տեր, Կաթողիկոս Ամենայն Հայոց, Պաշտպանության մեծարգո նախարար, Կառավարության հարգելի անդամներ, Պետական այրեր, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա հարգելի դիվանագետներ, Պարոնայք սպաներ, Զինծառայողներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ: Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի 28-րդ տարեդարձի առիթով։ Մենք՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից մազապուրծ ժողովուրդ, պետք է հստակ արձանագրենք, որ մեր հայրենիքում ապրելու մեր իրավունքը մենք վաստակել ենք Հայոց բանակի շնորհիվ, Հայոց ազատամարտի շնորհիվ։ Ի՞նչ է մեր ունեցած հայրենիքն այսօր։ Մեր ունեցած հայրենիքն այն տարածքն է, որ գտնվում է սահմանին գտնված մեր զինվորի թիկունքում։ Այսօր ունեցած մեր հայրենիքի ամեն քառակուսի մետրը շաղախված է մեր ազատամարտիկ զինվոր նահատակների արյունով։ Վերջին հարյուր տարում սա է հոգեբանական այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել մեր ժողովրդի գիտակցության մեջ։ Մեր հայրենիքի ամբողջ տարածքը 20-րդ դարի մեկնարկին շաղախվեց Ցեղասպանության անմեղ, անզեն զոհերի արյունով։ 20-րդ դարի վերջին արդեն հայ ժողովուրդը որոշեց, որ ինքն այլևս Ցեղասպանության զոհ չի լինելու, և եթե մենք զոհվելու ենք, ապա միայն ու միայն մեր զենքը մեր ձեռքերում, միայն ու միայն ապրելու, լինելու մեր սերունդների իրավունքը պաշտպանելիս։ Այսօրվա մեր հայրենիքն այսօր սահմանին կանգնած զինվորի թիկունքն է, և մենք բոլորս պետք է ամեն օր մեզ հարց տանք՝ իսկ ինչո՞վ ենք մենք զբաղված զինվորի թիկունք հանդիսացող այդ հայրենիքում։ Ինչո՞վ ենք զբաղված՝ կանգնած այն հողի վրա, որում ամփոփվում են մեր հազարավոր նահատակների մարմինները։ Եվ այսօր այն հարցն է, որ ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ և մեր կառավարության անդամները, պետական բոլոր այրերը պետք է իրենց տան ամեն օր աշխատանքի գնալիս։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք բազմաթիվ քայլեր ենք արել՝ Զինված ուժերի մարտունակությունն էլ ավելի բարձրացնելու և զինծառայողների ծառայության պայմանները, սոցիալական խնդիրները լուծելու համար։ Ես չեմ ուզում կրկնել այն, ինչ ասել եմ այս տարվա ամանորյա ուղերձում՝ կապված նոր սպառազինությունների ձեռքբերման հետ, բայց ուզում եմ ընդգծել, որ, այո՜, Հայաստանի Հանրապետությունը և Հայոց բանակը փակել են 80-ականների զենքերի էջը։ Եվ Հայաստանի կառավարությունը և ժողովուրդն այսօր ի վիճակի է և ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է լինելու այս հարցում, որ անհրաժեշտ միջոցները տրամադրի՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Եվ ես էլի ուզում եմ ընդգծել, որ յուրաքանչյուր տնտեսվարող, յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն հաշվի տա, որ որևէ չարձանագրված, չգրանցված ապրանք առաքելիս, առանց հսկիչ դրամարկղային կտրոնի որևէ գործարք անելիս ուղիղ, թե անուղղակի, ուզենալով, թե չուզենալով, գողանում է մեր բանակից և գողանում է մեր զինվորից։ Ես ուրախ եմ, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը և քաղաքացիներն ի վիճակի են եղել պետական եկամուտներն ավելացնել ավելի քան 1 միլիարդ դոլարին համարժեք դրամով։ Եվ այդ գումարների մի հսկայական մասը ծախսվել է և ծախսվում է զինվորների ծառայության պայմանները բարելավելու համար՝ սկսած դիրքերում ծառայության պայմաններից ավարտած զորամասերում սննդի մատակարարման նոր համակարգով։ Մենք նոր պայմաններ ենք ստեղծել զինծառայողների համար, որպեսզի նրանք էժան հիպոթեկային վարկերով կարողանան բնակարաններ ձեռք բերել։ Ավելի քան 8 միլիարդ դրամ ենք հատկացրել զինթոշակառուների բնակարանային կարիքները բավարարելու համար։ Խոսքն այն զինծառայողների մասին է, ում նկատմամբ պետության ունեցած պարտավորությունն արձանագրված է դե յուրե։ Այսօր ժամկետային զինծառայողների ծնողներն օգտվում են պետպատվերով առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորությունից։ Եվ այս քաղաքականությունը՝ Զինված ուժերի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը, լինելու է մեր քաղաքականության անբաժանելի մասը։ Ուրախությամբ եմ ընդգծում, որ 2019 թվականի հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների աշխատավարձերը բարձրացել են շոշափելիորեն։ Ուրախությամբ եմ ընդգծում, որ Հայոց բանակը 21-րդ դարում, այսօր, 2020 թվականին ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է իր ուժերի վրա, և հայ ժողովուրդն ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է Հայոց բանակի ուժերի վրա։ Եվ ես ուզում եմ շատ կարևոր մի ընդգծում անել՝ որևէ կասկած չկա, որ հայրենիքը հպարտ է իր զինվորով, իր բանակով, բայց ես ուզում եմ սրան ավելացնել, որ ամեն զինվոր, ամեն սպա ամեն օր ավելի ու ավելի պիտի հպարտ լինի իր հայրենիքով, պիտի հպարտ լինի այն զարգացումներով, որ տեղի են ունենում իր հայրենիքում, որովհետև Հայոց բանակը մեզ համար այս հայրենիքը նվաճել է ոչ թե նրա համար, որ մենք այն կորստյան մատնենք, այլ նրա համար, որ մենք ապահով, զարգացած, ուժեղ, ինքնավստահ հայրենիք ժառանգենք մեր սերունդներին։ Հարգելի ներկաներ, ձեր թույլտվությամբ ուզում եմ իմ ելույթն ավարտել մի բանաստեղծությամբ, որ գրել եմ 2016 թվականի մայիսի 19-ին՝ Հայոց բանակի կամավորականի կարգավիճակում գտնվելիս։ Բանաստեղծությունը կոչվում է «Հայոց զորքը հարթավայրում»։
***
Հայոց զորքը հարթավայրում
Տիգրանի քաղաքի լանջերից
Հորիզոնն է ծփում անսահման,
Դարեր անց մենք այստեղ ենք նորից,
Մենք կանգնած ենք հեռվին հանդիման։
Մեր սարերը, մեր բախտը, մեր լացը,
Մենք ճեղքել ենք, հաղթել ենք նրանց,
Հորիզոնն այստեղ, մեր դիմաց է,
Թիկունքում՝ մեր արտերը կանաչ։
Մեր հայացքը այլևս ազատ է,
Ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,
Հեռուները մոտիկ, հարազատ են,
Մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր։
Այս հողի մեջ հոգուս զարկերակն է,
Այս հողով իմ արյունն է հոսում,
Ես պատռել եմ զոհի հին կտակը,
Հաղթողի նոր խոսքեր եմ խոսում.
Մեր հայացքը այլևս ազատ է,
Ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,
Հեռուները մոտիկ, հարազատ են,
Մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր։
Եվ ուրեմն՝ կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՜ Արցախի Հանրապետությունը, կեցցե՜ հաղթանակած և փառապանծ Հայոց բանակը»։
Վարդենիսի մշակույթի պալատում, ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառումը եզրափակվեց տոնական համերգով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30