Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ներկայացվեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության տարեկան աշխատանքային հաշվետվությունը

24.01.2020

Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում լսվեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 2019 թվականի տարեկան աշխատանքային հաշվետվությունը: Հաշվետվությունն ընդունեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ ՀՀ ԱԻՆ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը: Ներկա էին Գեղարքունիքի մարզի ուժային կառույցների, համայնքների, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի փրկարար ծառայության աշխատակիցներ: Հաշվետու զեկուցումից առաջ մարզպետ Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց մարզի փրկարար ծառայությանը՝ ինչպես գրանցված ձեռքբերումների, այնպես էլ՝ մարզպետարանի,մարզի համայնքների եւ մարզի ուժային կառույցների հետ համագործակցված աշխատանք կատարելու համար: Ըստ զեկուցման՝ 2019թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել է 553 արտակարգ դեպք, որոնց հետեւանքով զոհվել է 22, մարմնական վնասվածքներ ստացել 86 մարդ: 2018թվականի նույն ժամնակահատվածի համեմատ արտակարգ դեպքերն աճել են 17-ով: Գրանցված դեպքերից 360-ը տեխնածին են, որոնց հետեւանքով զոհվել է 14, վիրավորվել` 60 մարդ: 2018թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տեխնածին բնույթի արտակարգ դեպքերն աճել են 37-ով: Աղետներից 21-ը տարերային են, որոնց հետեւանքով զոհ և վիրավոր չկա: Աղետներից 172-ը կենցաղային են, որոնց հետեւանքով զոհվել են 6 եւ վիրավորվել 4 մարդ:
Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 653 ահազանգ, որոնցից 100-ը փոխանցվել է այլ շահագրգիռ մարմինների, իսկ մարզային փրկարարական վարչության եւ ստորաբաժանումների կողմից արտակարգ դեպքերի հետեւանքների վերացման համար իրականացվել է 553 ելք:
Անցկացվել է մի շարք հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ տարբեր թեմաներով , իրականացվել կանխարգելիչ բնույթի, ինչպես նաեւ բնակչության եւ քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստմանն ուղղված միջոցառումներ, բարձրացվել է փրկարարական ուժերի պատրաստականությունը, Շողակաթ համայնքի Արտանիշ բնակավայրում հիմնվել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ, ՄՓՎ հատուկ ջրափրկարարական եւ հրշեջ-փրկարարական ջոկատներն անցկացրել են 28 հատուկ տակտիկական ուսումնավարժություն եւ 288 տակտիկական պարապմունքներ: Գեղարքունիքի ՄՓՎ Սեւանի թիվ 30 ՀՋՋ-ի կողմից տարվել են աշխատանքներ՝ լողասեզոնի ընթացքում բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ: Գեղարքունիքի ՄՓՎ 6 ծառայողներ վերապատրաստվել են ՌԴ ԱԻՆ բարձրագույն ուսումնական հաստատություններում:Կատարելագործվել է կապի ազդարարման համակարգը, իրավական, օրենսդրական եւ նյութատեխնիկական բազան: Գեղարքունիքի մարզպետն ընդունել է արտակարգ իրավիճակներոմ բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտին վերաբերող 6 որոշում:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Գեւորգ Գալստյանը համակարգում ներկայացրեց երեք հիմնախնդիր, որոնց կարգավորումը համարվում է առաջնահերթ: «Հիմնախնդիրներից առաջինը կապված է համայնքների ջրատար ցանցերի վրա հրդեհաշիջման հատուկ կետեր տեղադրելու հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզում մեծածավալ սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում խնդրում եմ նոր ծրագրերի իրականացման դեպքում նախագծերում հաշվի առնել այս առաջարկությունը: Երկրորդ խնդիրը կապված է մարզում, հատկապես սահմանամերձ համայնքներում, անվտանգ ապաստարաններ եւ թաքստոցներ ունենալու հետ: Երրորդ խնդիրը վերաբերում է լողասեզոնի ժամանակ Սեւանա լճում շահագործվող լողամիջոցներին, որոնք մասնավոր անձինք օգտագործում են առանց համապատասխան թույլտվության եւ գրանցման»,-ներկայացրեց վարչության պետը:
Անդրադառնալով բարձրացված հարցերին՝ մարզպետ Գնել Սանոսյանը շեշտեց, որ համագործակցությունը պետք է ընթանա պետական կառավարման բոլոր օղակներում, որպեսզի արդյունավետորեն ու ժամանակին կարգավորվի ամեն մի խնդիր: «Մենք այս տարի սուբվենցիոն եւ այլ ծրագրերով շարունակելու ենք ոռոգման եւ խմելու ջրամատակարարման համակարգերի կառուցման կամ նորացման աշխատանքները: Կարծում եմ, որ մշտապես համագործակցված աշխատելու դեպքում նման կարգի խնդիրներ չեն առաջանա, իսկ մենք անպայման հաշվի կառնենք ներկայացված առաջարկությունները»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Հաշվետու զեկուցման շուրջ հանդիպման մասնակիցների հետ տպավորություններով կիսվեց ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը: «Վարչությունն աշխատանքային տարին ամփոփում է լավ արդյունքներով ու նկատելի ձեռքբերումներով: Հուսով եմ , որ հերթական աշխատանքային տարին եւս կլինի կառուցողական, մենք մարզպետարանի, մարզի համայնքների եւ ուժային կառույցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ավելի կկատարելագործենք համակարգը՝ բարձրացնելով մեր քաղաքացիների անվտանգության աստիճանը, ժամանակին արձագանքելով բոլոր արտարգ դեպքերին»,-նշեց նախարարի տեղակալը:
Ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրվեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 23 աշխատակից: ՀՀ ԱԻ նախարարի շնորհակալագրով պարգեւատրվեցին Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների, մարզի ուժային կառույցների ղեկավարներ, մարզային փրկարարական վարչության աշխատակիցներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59