Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի 2019 թվականի տարեկան հաշվետվության ամփոփ պատկերը
20.01.2020

2019 թ–ն ՀՀ Գեղարքունիքի մարզի համար լայնածավալ շինարարական աշխատանքների իրականացման տարի էր։ Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 103 սուբվենցիոն ծրագիր է իրականցվել, որի համար ներդրվել է 4 մլրդ 460 մլն դրամ։ Կառուցվել եւ հիմնանորոգվել է 7 մանկապարտեզ, 4 մշակույթի տուն, անցկացվել են ոռոգման՝ 17 , խմելու ջրի՝ 13, արտաքին լուսավորության՝ 13 ցանց, կառուցվել է 4 պուրակ եւ խաղահրապարակ, վերանորոգվել է 2 բազմաբնակարան շենքերի մուտքեր եւ տանիքներ, անցկացվել է 2 գազատար, ասֆալտապատվել 36 ներհամայնքային ճանապարհ: Նախորդ տարի մարզում ասֆալտապատվել է 72 կմ ճանապարհ:
Մարզի 16 համայնքում կատարվել են ուսումնասիրություններ, որի արդյունքում հայտնաբերվել է շուրջ 1500հա դասական նշանակության հողամասերի՝ առանց սահմանված կարգով վարձակալական պայմանագրերի կնքման օգտագործման դեպքեր: Կատարվել է նաեւ Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանների ճշգրտում, որի արդյուքնում շուրջ 200 հա-ով ավելացել է Գեղարքունիքի մարզի տարածքը՝ դառնալով 535131,8 հա :
Նախորդ տարի մարզի 57 համայնքից 26–ում չէր իրականացվում աղբահանություն։ Հետեւողական աշխատանքի արդյունքում այժմ աղբահանություն չի իրականացվում ընդամենը 10 բարձրլեռնային համայնքներում՝ կապված համայնքների աշխարհագրական դիրքի և բնակչության փոքր թվակազմի հետ։
Բարելավվել է ոռոգման ջրի մատակարարումը, արդյունքում քաղաքացիների հետ կնքվել է 1024 նոր պայմանագիր: Ամբողջովին գանձվել են ոռոգման ջրի վարձավճարները: Մասնակիորեն գանձվել են նաեւ նախորդ տարիներից կուտակված պարտքերը: Սևանա լճի շուրջ 98 հա ջրածածկ տարածքներում կատարվել են մաքրման աշխատանքներ: Սևանա լճին ափամերձ հատվածներից բաց է թողնվել շուրջ 72000 մանրաձուկ:
Գեղարքունիքի մարզպետարանի անմիջական նախաձեռնությամբ սեպտեմբերին՝ Սեւանի թերակղզում, առաջին անգամ անցկացվել է «Էկո Ֆիշ Ֆեստ» փառատոնը, որը զուգակցվել է համամարզային շաբաթօրյակի անցկացմամբ։
Մարզային ենթակայության 54 հանրակրթական ուսումնական հաստատությունում, 257մլն 894 հազ.դրամի շրջանակներում, վերանորոգվել և գույք է ձեռք բերվել։ Դպրոցների խնայված միջոցների հաշվին եւ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի հետ համագործակցությամբ Վարդենիսի N 2, Վարդենիսի N 3 և Վարդենիսի N 4 հիմնական դպրոցներն անցել են գազով ջեռուցման համակարգի: Մարզի 5 դպրոցում կառուցվել է թեքահարթակ։
Գեղարքունիքի Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում, 2019 թ–ի ընթացքում տեղի է ունեցել ավելի քան 44 միջոցառում։ Թատրոնն ունեցել է 11500 հանդիսատես, որը 6425–ով ավել է 2018 թ–ի այցելուների թվից։
Բնակչությանը որակյալ բուժսպասարկում կազմակերպելու նպատակով նախորդ տարվա ընթացքում մարզային ենթակայության բուժհիմնարկները համալրվել են բժշկական նորագույն սարքավորումներով եւ գործիքներով։ Այդ թվում՝ Սևանի բժշկական կենտրոնում տեղադրվել է համակարգչային շերտագրման սարք, Վարդենիսի հիվանդանոցը նվիրատվությամբ ձեռք է բերել բիոքիմիական անալիզատոր սարքավորում: Մարտունու հիվանդանոցը լաբորատորիայի համար ձեռք է բերել բիոքիմիական, իմունոֆերմենտային և էլեկտրոսրտագրության վերջին սերնդի ապարատներ, ինչպես նաև հեմատոլոգիական նոր ժամանակակից վերլուծիչներ։ Իսկ Մարտունու ծննդատունը ձեռք է բերել ուլտրաձայնային հետազոտման սարք: Վերջին մեկ տարվա ընթացքում մարզի բուժհաստատություններում ավելացել է ուղիղ վճարումների թիվը։ Առողջապահական հիմնակների տնօրենի ընտրության, նշանակման համար հայտարարվել է 43 մրցույթ:
«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, այծաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրման» ծրագրից օգտվում է մարզի 239 նպաստառու ընտանիք։
Համագործակցելով շահագրգիր կողմերի հետ հնարավոր է եղել 2019 թ–ի ընթացքում Գավառի մանկատանից 10 երեխա վերադարձնել կենսաբանական ընտանիք։
Տարին նշանակալից էր նաեւ համագործակցությունների ձեռքբերման առումով։ Համագործակցության համաձայնագիր է կնքվել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջեւ։ Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Ռոյալ Ֆռոնտ» ՍՊԸ-ի ղեկավարի հետ կնքվել է հանդիպման մասին արձանագրություն, տարվա ընթացքում կատարվել են մի շարք փոխայցեր: Համագործակցության հուշագիր է կնքվել «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային հիմնադրամ»–ի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ Սարատովի մարզի կառավարության հետ՝ համաձայնագիր կնքելու շուրջ։
Տարվա ընթացքում քաղաքացիներից ստացվել է 2264 դիմում, բողոք, որից 336-ը վերահասցեագրված է եղել ՀՀ Վարչապետի աշխատակազմից: Կատարվել Է 1713 քաղաքացիների ընդունելություն, որից 588-ը ՀՀ Գեղարքունիքի մարզպետի կողմից։
Ստացված դիմումներից 11–ը ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի վարչություն, 17-ը՝ ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն։ Բողոքների հիման վրա չհայտարարված այցեր են իրականացվել։ 4 կազմակերպություններում՝ Գավառի և Սևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում, Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցում, Վարդենիսի հիվանդանոցում իրականացված ներքին աուդիտի հիման վրա կազմված հաշվետվություններն ուղարկվել են իրավապահ մարմիններին:
Կատարված աշխատանքների հանրային իրազեկման արդյունքում մարզպետարանի պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով հրապարակվել է մարզի կենսագործունեությանն ուղղված 455 նյութ, նույն էջերով և մարզային հեռուստաընկերությունների միջոցով թողարկվել է 50 տեսանյութ: Լույս է տեսել մարզային «Գեղամա աշխարհ» թերթի 30 համար, իսկ «Արմենպրես» լրատվական գործակալության միջոցով թողարկվել է մարզային բնույթի 600 լրատվական նյութ: