Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծովագյուղում եւ Լճաշենում բացվեցին ֆուտբոլի փոքր խաղադաշտեր

16.01.2020

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ եւ Լճաշեն համայնքներում տեղի ունեցան ֆուտբոլի փոքր խաղադաշտերի բացման արարողություններ: Բացման պատիվը տրվեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին եւ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին: Միջոցառումներին մասնակցեցին ՀՖՖ նախագահի տեղակալ Արմեն Նիկողոսյանը, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանը, Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Ծովագյուղի եւ Լճաշենի համայնքապետարանների, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցներ, դպրոցականներ: «Այսօր մենք բացում ենք 2019 թվականի ընթացքում մեր մարզում կառուցված 15 փոքր խաղադաշտերից երկուսը: Մեր առաջնահերթ խնդիրն է՝ աչալրջորեն հետեւել այս խաղադաշտերի պահպանմանն ու օգտագործմանը, ֆուտբոլային մրցաշարերի կազմակերպմանը, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը: Այս 15 խաղադաշտերը, կարծում եմ, ծառայելու են հայկական ֆուտբոլի զարգացմանը, մեր երեխաներին կապելու են ֆուտբոլային աշխարհին, հնարավորություն են ստեղծելու, որ մեր մարզն էլ ունենա պրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմեր ու ճանաչված ֆուտբոլիստներ: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային եւ համայնքապետարաններին, որոնց միջոցներով կառուցվեցին այս խաղադաշտերը: Մեր երեխաների մոտ այս օրը տպավորվեց նաեւ նրանով, որ իրենք ֆուտբոլի գնդակներ նվեր ստացան լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի ձեռքից: Մեր համագործակցությունը ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կշարունակվի նաեւ այս տարվա ընթացքում: Ի դեպ, մեր երեխաներն օժտված են ֆիզիկական ուժեղ տվյալներով, եւ նրանց հետ մասնագիտական լավ աշխատանք տանելու դեպքում մենք շատ շուտով ունենալու ենք տեսանելի արդյունքներ»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Գեղարքունիքի մարզում այս տարվա առաջնահերթ անելիքների ու ծրագրերի մասին խոսեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: «Այս տարի մենք միջոցներ կներդնենք Սեւանի ֆուտբոլի դպրոցի կառուցման ծրագրի ուղղությամբ՝ փորձելով ավարտի հասցնել այն: Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ կբացենք նաեւ մնացած 13 խաղադաշտերը, այդ խաղադաշտերում կկազմակերպենք ֆուտբոլային մրցաշարեր: Մեր համագործակցությունը մարզպետարանի եւ համայնքապետարանների հետ կգտնվի բարձր մակարդակի վրա: Կանենք հնարավորը, որպեսզի Գեղարքունիքի մարզում զարգանա ֆուտբոլը, մարզն ունենա բարձրագույն խմբում հանդես եկող պրոֆեսիանալ թիմ, կառուցվեն նոր փոքր ու մեծ խաղադաշտեր առաջիկա տարիների ընթացքում՝ համաձայն ՀՖՖ կողմից ծրագրված ու մշակված 2020-2025 թվականների Հայաստանի ֆուտբոլի զարգացման ռազմավարության»,-ներկայացրեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
Առաջիկայում Գեղարքունիքի մարզպետի եւ ՀՖՖ նախագահի մասնակցությամբ ֆուտբոլի փոքր խաղադաշտերի բացման արարողություններ տեղի կունենան Գեղարքունիքի մարզի Հայրավանք, Նորատուս, Կարմիրգյուղ, Լիճք, Գեղարքունիք, Ճամբարակ, Գեղհովիտ, Երանոս, Աստղաձոր, Արծվանիստ, Մեծ Մասրիկ, Ակունք, Ծովակ համայնքներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 16:58:26