Նորություններ
Կայացավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը
10.01.2020
Հունվարի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները: Զորակոչային հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էին զորակոչի անցկացման փուլերի, Գեղարքունիքի մարզի զինկոմիսարիատից ստացված գրությունների քննարկումների, զորակոչի աշխատանքներին ներգրավված կազմակերպությունների համագործակցության հետ կապված հարցեր:
Օրակարգի առաջին հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գեւորգ Մխեյանը, նշելով, որ ձմեռային զորակոչը մարզում ընթանում է սահմանված կանոնակարգին ու ժամանակացույցին համապատասխան: Միաժամանակ առկա են բոլոր նախադրյալները՝ զորակոչի պլանն ամբողջությամբ կատարելու համար:
Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր տարկետման թույլտվություն տրամադրելուն: Զորակոչային հանձնաժովի քարտուղարի ներկայացմամբ տարկետման իրավունք ստանալու համար Գեղարքունիքի մարզի զինկոմիսարիատից ստացվել են մի շարք զորակոչի ենթակա քաղաքացիների փաստաթղթեր, որոնց զգալի մասի խնդիրները կապված են հանրակրթական դպրոցներն ավարտելու գործընթացի հետ: Տարկետման իրավունք ստանալու համար դիմել են նաև երկու և ավելի երեխա ունեցող, որդեգրված, գիտական աշխատանք իրականացնող, ինչպես նաև «Պատիվ ունեմ» ծրագրում ընդգրկվածները: Հանձնաժողովը քննության առավ նշված քաղաքացիների անձնական փաստաթղթերը և օրենքով սահմանված կարգով տվեց տարկետման եզրակացություն:
Ձմեռային զորակոչի ընթացքը նորմալ ապահովելու նպատակով զորակոչային հանձնաժողովի նախագահը հանձնարարականներ տվեց զորակոչային հանձնաժողովի անդամներին: Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը կշարունակվի մինչև հունվարի 31-ը:
Զորակոչային հանձնաժովի նիստի ավարտը համադրվեց Գեղարքունիքի մարզպետի կողմից կատարած փոքրիկ ընդունելության հետ: Զորակոչային հանձնաժողովի անդամների ներկայությամբ մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի բնակիչ, Գավառի՝ Ակադեմիկոս Թամամշևի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանող Կարեն Ղազարյանին, ով 2019 թվականի հոկտեմբեր ամսին Ուկրաինայում, «Մարտ առանց կանոնների» մարզաձևի պրոֆեսիոնալ մենամարտում, հաղթող է ճանաչվել և արժանացել խրախուսանքի: Գնել Սանոսյանը շնորհավորեց մարզիկին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ: