Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց 2020 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը

08.01.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց 2020 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում խոսվեց այս տարվա առաջնահերթ անելիքների եւ մի շարք այլ կարեւոր հարցերի մասին: Մարզպետն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների, ինչպես նաեւ տարվա առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ շնորհավորեց մարզպետարանի աշխատակազմին՝ մաղթելով անձնական ու աշխատանքային հաջողություններ: Ապա Գնել Սանոսյանն անցավ օրակարգային հարցերին՝ համապատասխան հանձնարարականներ տալով մարզպետարանի ստորաբաժանումներին: «Մեզ սպասվում է լարված ու հագեցած աշխատանքային տարի: Դրա համար բոլորս պետք է նորովի նայենք մեր աշխատանքներին, փորձենք առաջ գնալ հաստատուն քայլերով ու նոր ձեռքբերումներով: Դրա համար մարզպետարանի ստորաբաժանումների աշխատակիցները պետք է լինեն նաև նախաձեռնողի դերում: Նախորդ տարվա գոհացուցիչ արդյունքները, կարծում եմ, կկարողանանք նկատելիորեն ավելացնել, գրանցել նոր ու շոշափելի ձեռքբերումներ: Ինչպես ասում են՝ բոլորս ի գործ»,-մարզպետարանի աշխատակիցներին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Անդրադառնալով դպրոցական ու նախադպրոցական շենքերի ջեռուցման հետ կապված հարցին՝ Գնել Սանոսյանը հանձնարարեց՝ վերահսկել բավարար ջերմաստիճանի ապահովումը դասասենյակներում:
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր անասնագլխաքանակի հաշվառմանը: «Պետք է այս հարցում մինչեւ վերջ լինել հետեւողական եւ արձանագրել միայն իրատեսական թվեր, որպեսզի անթերի կարողանանք իրականացնել անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումները, քանի որ պատվաստանյութերը պետության կողմից տրամադրվում են հաշվառված անասնագլխաքանակի չափով: Բոլորիս պարզ է, թե նախկինում ինչ վատ հետեւանքների են հանգեցրել սխալ ներկայացված հաշվառումները»,-հանձնարարեց մարզպետը: Կարեւորվեց նաեւ սուբվենցիոն ծրագրերի հայտերի կազմման ու ընդունման գործընթացի ճիշտ ու սեղմ ժամկետներում կազմակերպելու խնդիրը: «Մենք այս տարի եւս պետք է մեծ քանակի սուբվենցիոն ծրագրեր իրականացնենք՝ առաջ անցնելով նախորդ տարվա ցուցանիշներից: Այս պահից սկսած՝ մենք պետք է լինենք նախաձեռնողի դերում՝ նախօրոք ուսումնասիրելով ու ճշգրտելով համայնքների ֆինանսական հնարավորությունները եւ նախագծերը, որպեսզի համոզվենք, թե որքանով են իրատեսական այդ ծրագրերը: Մյուս կողմից էլ պետք է անենք հնարավորը, որպեսզի վաղ գարնանից կարողանանք տալ շինարարական աշխատանքների մեկնարկը»,-շեշտեց Գնել Սանոսյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաեւ աղբահանության, տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման, հողերի վարձակալական մրցույթների անցկացման ու վարձավճարների հավաքագրման, համայնքներում աղբահանության կազմակերպման, մարզային ենթակայության որոշ հիմնարկներում վարձակալական պայմանագրերի ճշգրտման կամ վերանայման, աշխատանքային բնույթի այլ հարցեր:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-06-02 17:28:11