Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ

30.12.2019

Սիրելի հայրենակիցներ
Մենք միասին հրաժեշտ ենք տալիս 2019 թվականին, որը Գեղարքունիքի մարզի պատմության մեջ մնալու է որպես աննախադեպ հաջողությունների ու նշանակալի ձեռքբերումների տարի: Բավական է ասել, որ անցնող տարում Գեղարքունիքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն եւ այլ պետական ծրագրերի շրջանակներում իրականացվեց 10 միլիարդ 228 միլիոն դրամի կապիտալ շինարարություն, ինչի արդյունքում կառուցվեցին կամ հիմնանորոգվեցին 72 կիլոմետր երկարության միջպետական, հանրապետական ու համայնքային նշանակության ճանապարհներ, խմելու եւ ոռոգման ջրատարներ, լուսավորության ցանցեր, գազատարներ, դպրոցական շենքեր, հանդիսությունների սրահներ, մշակույթի տներ, նախակրթական հաստատություններ, ֆուտբոլի փոքր խաղադաշտեր: Բազմաթիվ համայնքներում կարգավորվեցին կենսական նշանակության այնպիսի խնդիրներ, որոնց լուծմանը մարդիկ սպասել էին տասնամյակներ շարունակ: Հատկապես անգնահատելի նշանակություն ունեցավ Շողակաթ-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի Ծափաթաղ-Արեգունի 12,5 կիլոմետր երկարության գրունտային հատվածի ասֆալտապատումը: Այս ճանապարհի կառուցմամբ ռազմավարական կարեւոր խնդիր լուծվեց, քանի որ այն Հայաստանի հյուսիսային մարզերը Արցախին կապող ամենակարճ ճանապարհն է, որը միաժամանակ խթանելու է նաեւ Սեւանա լճի հյուսիսային ու արեւելյան ափերին տեղակայված սահմանամերձ ու հեռավոր գյուղերի տնտեսական աշխուժացումը և զբոսաշրջության զարգացումը: Մարզի պատմության մեջ նոր էջ բացեց կառավարության նախաձեռնած «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» տնտեսական համաժողովը, որի աշխատանքներին մասնակցություն ունեցան օտարերկրյա պատվիրակություններ, Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող անձինք, արտերկրում ապրող հայ գործարարներ, արտասահմանցի ձեռնարկատերեր, պետական բարձրաստիճան այրեր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Համաժողովում ուրվագծվեց Գեղարքունիքի մարզի տնտեսության զարգացման տեսլականը եւ գերակա ուղղությունները, որոնք են՝ գյուղատնտեսությունը, վերականգնվող էներգետիկան եւ տուրիզմը: Համաժողովում ներկայացվեցին ներդրումային բազմապիսի ծրագրեր, որոնցից մի քանիսն արդեն դրվել են գործողության մեջ կամ սկսել են կյանքի կոչվել:
Տնտեսության մեջ արձանագրված ձեռքբրումների կողքին հիշատակության է արժանի նաեւ հոգեւոր-մշակութային ոլորտը: Բարերարների նվիրատվությամբ ու շինարարների ջանքերով իրենց պատմաճարտարապետական տեսքի մեջ ամբողջությամբ վերականգնվեցին Նորատուսի Սուրբ Աստվածածին եւ Ներքին Գետաշենի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները: Դարերի տեւական լռությունից հետո ոչ միայն մոռացությունից ու լքվելուց փրկվեցին հայկական ճարտարապետության գլուխգործոցները եւ մշակույթի հուշարձանները, այլ նաեւ վերաօծված ու վերաբացված եկեղեցիները կրկին իրենց դռները բացեցին հավատավորների առջեւ:
Մեր ակնկալիքները մեծ են նաեւ արտաքին տնտեսական կապերի ոլորտում, որտեղ թարմացրել ենք համագործակցության հուշագիրը Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզի դեպարտամենտի հետ, հուշագրեր կնքել Չինաստանը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, մի շարք այլ երկրներ ներկայացնող կազմակերպությունների ղեկավարների հետ: ՀՀ ՊՆ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարության հետ համագործակցությամբ մեծ ծավալի աշխատանք է իրականացվել սահմանապահ դիրքերի ամրապնդման, պաշտպանունակության բարձրացման ու զինծառայության պայմանների բարելավման ուղղությամբ:
Սիրելի հայրենակիցներ
Թվարկված ու չթվարկված ձեռքբերումները, անշրջելի հաջողությունները կայուն հիմք են ստեղծել մեզ համար՝ եկող տնտեսական տարում ավելի բարձր արդյունքներ գրանցելու, կուտակված սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները կարգավորելու, մարզի տնտեսության զարգացմանը նոր թափ հաղորդելու, ներդրումային ծրագրերը խրախուսելու , նոր աշխատատեղեր ստեղծելու, կյանքի որակը Գեղարքունիքում էապես վերափոխելու եւ բարելավելու համար: Դրա համար մենք ունենք թե՛ համապատասխան ներուժ, թե՛ կամք ու հավատ՝ անսահման լավատեսությամբ լցված մեր վաղվա օրվա հանդեպ: Հավատացեք, որ գալիք տարում շատ ավելի լավ է լինելու:
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում խաղաղություն, անձնական ու ընտանեկան երջանկություն, ամենայն բարիք, նորանոր հաջողություններ:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-01-24 17:07:49