Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակն այսուհետ կրելու է Անդրանիկ Գաբոյանի անունը

25.12.2019

Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի Կարինե Գեւորգյանի անվան միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակը, համաձայն դպրոցի մանկավարժական խորհրդի նիստի որոշման, այսուհետ հավերժացնելու է Հայոց բանակի զինծառայող, Արցախի ազատագրական մարտերի մասնակից, խաչաղբյուրցի Անդրանիկ Գաբոյանի անունը: Ռազմագիտության դասասենյակի անվանակոչման հանդիավոր արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, Խաչաղբյուրի գյուղապետ Սերգո Գալստյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի ներկայացուցիչներ, համայնքապետարանի աշխատակիցներ, դպրոցի մանկավարժներ, աշակերտներ: Դասասենյակի բացման ժապավենը կտրելու պատիվը տրվեց զոհված զինծառայողի մայր Քնարիկ Գաբոյանին եւ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանին: Անդրանիկ Գաբոյանի անցած մարտական ուղու եւ սխրանքների մասին ներկայացրեց դպրոցի տնօրեն Արմեն Խոջաբեկյանը: « Անդրանիկն այս դպրոցի աշակերտն էր, ով նաեւ դարձավ բոլորիս պարծանքը: Նա Հայոց բանակ զորակոչվեց 1993 թվականին, ծառայեց Հատուկ գնդում, որի կազմում մասնակցեց Արցախի ազատագրական մարտերին՝ աչքի ընկնելով տարբեր ռազմաճակատներում: Երբ շատ քիչ էր մնացել մեր հաղթանակին ու զինադադարի հաստատմանը, Անդրանիկը ծանր վիրավորում ստացավ մարտերից մեկի ժամանակ ու մի քանի օրից, 1994 թվականի ապրիլի 11-ին, հրաժեշտ տվեց կյանքին՝ հավերժանալով մեր սրտերում: Նրա նման խիզախ հայորդիների շնորհիվ է, որ այսօր խաղաղ է ապրում մեր հայրենիքը, անձեռնմխելի են մնում մեր սահմանները: Մենք բոլոր ժամանակներում պիտի խոնարհվենք նրանց սխրանքի առջեւ»,-նշեց Արմեն Խոջաբեկյանը: Միջոցառմանը ռազմահայրենասիրական երգերով ու ասմունքով հանդես եկան Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցի աշակերտները:
«Այս դասասենյակում սովորող ցանկացած աշակերտ կիմանա, թե ինչ սխրանքներ է հայրենիքի համար գործել Անդրանիկ Գաբոյանը, ինչպես է իր ընկերների հետ կյանքի գնով փրկել հայրենիքը: Իսկ մենք ձեզ հետ միասին միշտ լցված կլինենք հպարտության զգացումով, որ եղել ենք նման հերոսների ժամանակակիցը՝ ոչ մի ժամանակ չմոռանալով նրանց գործն ու անունները»,-ներկաներին դիմեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը:
Նույն օրը Նարեկ Գրիգորյանը Մարտունի քաղաքում մասնակցեց նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը՝ նրանց մաղթելով խաղաղ, անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30