Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց համայնքային նախաձեռնություններով հանդես եկող երիտասարդների

20.12.2019

Դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Մարտունու Ինֆոտան» «Հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը» ծրագրի երիտասարդներին: Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեց ծրագրի համակարգող Տաթեւիկ Հովհաննիսյանը, ծրագրում ընդգրկված երիտասարդները, ովքեր ներկայացնում են Մարտունու տարածաշրջանի համայնքները, հանդես են եկել ծրագրային տարբեր նախաձեռնություններով, մասնակցել ավագանու նիստերին, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ոլորտում իրականացրել փոքր հետազոտություններ, պատրաստել լրագրողական նյութեր իրենց բնակավայրերում առկա հիմնախնդիրների վերաբերյալ, իրականացրել մեդիատուրեր, հանդես եկել կառուցողական առաջարկություններով: Մարզպետն առաջարկեց՝ հանդիպումը շարունակել հարցուպատասխանի օրակարգով: Երիտասարդները մարզի ղեկավարից փորձեցին ստանալ իրենց համայնքների բնակիչներին հուզող բազմաբնույթ հարցերի պատասխանները: Պատասխանելով Արծվանիստ համայնքը ներկայացնող երիտասարդների հարցերին՝ Գնել Սանոսյանը հավաստեց, որ Արծվանիստի ներհամայնքային ճանապարհները կհիմնանորոգվեն 2020 թվականի ընթացքում, պետական միջոցներով, շուրջ 450 միլիոն դրամի հատկացմամբ, իսկ մանկապարտեզի վերաբացումը հնարավոր կլինի միայն շենքային պայմանների բարելավումից հետո, ինչը կարելի է իրականացնել սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Անդրադառնալով համայնքների միավորման խնդրին՝ մարզպետը նշեց, որ այդ հարցի շուրջ այժմ կառավարությունում մի քանի տարբերակներ են քննարկվում, որոնցից պետք է ընտրվի արդյունավետ կառավարում ապահովող տարբերակը: «Կառավարությունը խնդրին կանդրադառնա 2021 թվականին, երբ համայնքների մեծ մասում տեղի կունենան համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները: Մինչ այդ մենք պետք է վերլուծենք իրավիճակը, հաշվի առնենք հասարակական կարծիքը, ընտրենք միավորման ամենաարդյունավետ տարբերակը: Բայց բոլոր դեպքերում շատ բան կախված է լինելու ղեկավար անձերից: Լավ աշխատող ղեկավարը ցանկացած դեպքում կարողանում է բարձր արդյունքներ ապահովել, իսկ վատ ղեկավարը միշտ փորձոմ է ձախողման պատճառներ փնտրել: Մտածում ենք նաեւ ավագանու դերի բարձրացման մասին»,-պարզաբանեց մարզպետը:
Գնել Սանոսյանի հավաստմամբ՝ Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի շինարարությունը կմեկնարկի 2020 թվականի գարնանից: Եկող տարվա ընթացքում մարզի հինգ բնակավայրերում՝ Գեղհովիտում, Ճամբարակում, Լեռնահովիտում, Ջիլում եւ Շատջրեքում կտրվի դպրոցական նոր շենքերի կառուցման մեկնարկը: Մնացած անբարեկարգ պայմաններ ունեցող դպրոցները կարդիականացվեն առաջիկա տարիների ընթացքում: Մարզպետը հավաստեց նաեւ, որ եկող տարվանից կյանքի կկոչվի նաեւ «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը», որով Գեղարքունիքի մարզում հիմնովին լուծում կստանա Սեւանի ջրահավաք ավազանը կենցաղային աղբի թափոնների աղտոտումից զերծ պահելու խնդիրը: Պետական միջոցների հաշվին կմաքրվեն նաեւ Սեւանա լճի ափամերձ անտառների՝ ջրածածկման գոտում գտնվող տարածքները: «Կարծում եմ, որ մեր բաց զրույցը ստացվեց, իսկ դուք ստացաք ձեզ հուզող հարցերի պատասխանները: Միշտ եղեք ակտիվ, նախաձեռնող, պրպտող, առաջ քաշեք հիմնախնդիրներն ու դրանց լուծմանը եղեք հետեւողական: Քաղաքացիական հասարակության դերի բարձրացմամբ մենք ավելի արագ կհասնենք մեր նպատակներին՝ մեր հայրենիքի շենացմանն ու հզորացմանը»,- հանդիպման մասնակիցներին քաջալերեց Գնել Սանոսյանը:
Հանդիպման ավարտից հետո երիտասարդները հյուրընկալվեցին Գեղարքունիքի մարզպետարանի բոլոր ստորաբաժանումներում՝ ծանոթանալով մարզպետարանի կառուցվածքին, վարչությունների եւ բաժինների գործառույթներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06