Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում կբացվեն «Թումո» ստեղծարար կենտրոնի շարժական ուսումնական կետեր

19.12.2019

Դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Դիլիջան քաղաքում գործող «Թումո» ստեղծարար կենտրոնի ղեկավար Տիգրան Բաղիյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գեղարքունիքի մարզում «Թումո» ստեղծարար կենտրոնի շարժական ուսումնական կետեր հիմնելու եւ մարզի դպրոցականներին ուսման մեջ ներգրավելու խնդիրը: Տիգրան Բաղիյանի ներկայացմամբ՝ այս պահի դրությամբ Դիլիջանի «Թումո» ստեղծարար կենտրոն դպրոցականներ են հաճախում Սեւանից եւ Ճամբարակից: «Նրանց թիվը կարող էր ավելին լինել, եթե երթուղային տրանսպորտ գործեր Դիլիջանի եւ Գեղարքունիքի մարզի բնակավայրերի միջեւ: Թեեւ մենք ուսուցումը կազմակերպում ենք անվճար, սակայն աշակերտները ստիպված են լինում թանկ վճարել ճանապարհածախսի համար: Մեր առաջին խնդիրը պետք է լինի տրանսպորտային երթուղու ապահովումը, իսկ երկրորդ խնդիրը՝ Գեղարքունիքի մարզի տարածաշրջանների բնակավայրերում «Թումո» ստեղծարար կենտրոնի շարժական ուսումնական կետերի բացումը: Մեր ստեղծարար կենտրոնում աշակերտներն իրենց ստեղծագործական ունակությունները դրսեւորում են 14 ոլորտներում՝ ծրագրավորում, ռոբոտաշինություն, երաժշտություն, նկարչություն, շարժական գրաֆիկա, կայքերի եւ խաղերի ստեղծում, ֆիլմարտադրություն, լուսանկարչություն, նոր մեդիա եւ այլն: Սկզբնական փուլում ծրագրում ենք 2020 թվականից ուսումնական ստեղծարար կենտրոնի շարժական կետեր բացել մարզի մեկ տասանյակից ավելի համայնքներում, ապա ընդլայնել ու տարածվել մարզով մեկ: Դա ծրագրելու ենք ավարտի հասցնել 2021 թվականին: Մենք նախնական ուսումնասիրությամբ պարզել ենք, որ Գեղարքունիքում բավականին մեծ է հետաքրքրությունը մեր ուսումնական ծրագրերում ընդգրկվելու առումով: Մեր ստեղծարար կենտրոն կընդունվեն 12-18 տարեկան դպրոցականները: Այս պահի դրությամբ «Թումո» կենտրոնում 19 հազար պատանիներ կերտում են իրենց հուսալի ապագան: Նրանցից ոմանք արդեն բարձր աշխատավարձերով ընդգրկված են արտադրական ծրագրերում»,-ներկայացրեց Տիգրան Բաղիյանը:
Մարզպետ Գնել Սանոսյանը հայտնեց իր աջակցությունը Գեղարքունիքի մարզում կրթական այս կարեւոր ծրագրի արմատավորման ու զարգացման համար: «Մենք կաշխատենք համատեղ, կկարգավորենք ի հայտ եկած բոլոր խնդիրները, կաջակցենք մեր լիազորությունների եւ հնարավորությունների շրջանակներում՝ ներգրավելով նաեւ բարերարների եւ համայնքների միջոցները, որպեսզի ստանանք սպասված արդյունքը: Կանենք հնարավորը, որպեսզի ուսումնական ծրագրերում ընդգրկվեն մարզի բոլոր տարածաշրջանների դպրոցականները: Դրա համար մենք պետք է մեր ծրագրերը կազմենք՝ ելնելով աշխարհագրական, տրանսպորտային, ժողովրդագրական ու մի շարք այլ գործոններից: Մեզ մնում է ոչ միայն ողջունել ձեր նախաձեռնությունն ու ծրագրերը, այլ նաեւ համատեղ ուժերով առաջ շարժվել»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:31:28