Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը

18.12.2019

Դեկտեմբերի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մինչ օրակարգային հարցին անցնելը՝ մարզպետը մարզխորհրդի անդամներին ներկայացրեց ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետին, «Գեղարքունիք» ՋՕԸ նորանշանակ տնօրենին, Լճափ, Գեղարքունիք, Վանեվան համայնքների նորընտիր ղեկավարներին, ովքեր արդեն ստանձել են իրենց պաշտոնական լիազորությունները: Մարզպետը միաժամանակ շնորհակալություն հայտնեց ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության նախկին պետին և « Գեղարքունիք» ՋՕԸ նախկին տնօրենին՝ համագործակցված աշխատանքի և դրական արդյունքների ապահովման համար:
Օրակարգային առաջին հարցի՝ 2019 թվականի տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա նշեց, որ 2019 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ համայնքների տեղական բյուջեների սեփական եկամուտները հավաքագրվել են 88,1 տոկոսով, ինչը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ավելին է 8,4 տոկոսով: Մարզի 57 համայնքներից միջինից ցածր ցուցանիշներ են ապահովել 27, 70-100 տոկոս ցուցանիշներ՝ 34, իսկ 100 տոկոսից ավելի արդյունքներ՝ 9 համայնքներ, որոնք են՝ Լճաշենը, Ծովագյուղը, Գեղամավանը, Երանոսը, Ներքին Գետաշենը, Վերին Գետաշենը, Զոլաքարը, Ծովակը և Ակունքը: Ըստ վարչության պետի՝ մարզի միջինից ցածր ցուցանիշներ ապահովել են Գավառի և Վարդենիսի տարածաշրջանների համայնքները: Անդրադառնալով զեկուցմանը՝ մարզպետ Գնել Սանոսյանը հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ սեփական եկամուտների հավաքագրման գործում թերացած համայնքները կկարողանան շտկել իրավիճակը և ապահովել բավարար արդյունքներ:
Օրակարգային երկրորդ հարցը վերաբերում էր մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի արդյունքներին և 2020 թվականին նախատեսվող նոր ծրագրերի իրականացման հետ կապված նախապատրաստական աշխատանքներին: Զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետարասնի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը: Նա նշեց, որ 2019 թվականին մարզում իրականացվում են համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 103 սուբվենցիոն ծրագրեր, որոնցից 36-ը վերաբերում են ներհամայնքային փողոցների ասֆալտապատմանը և մայթերի նորոգմանը, 17-ը՝ ոռոգման, 13-ը՝ խմելու ջրի մատակարարման , 13-ը՝ արտաքին լուսավորության ցանցերի կառուցմանը, 5-ը՝ մանկապարտեզների, 2-ը՝ մշակույթի տների, 2-ը՝ բազմաբնակարան շենքերի, 3-ը՝ հանդիսությունների սրահների հիմնանորոգմանը: Ծրագրերից 2-ը չեն իրականացվել Ճամբարակ և Գավառ քաղաքներում, 6-ը՝ կատարվել են 70 – ից ավել տոկոսով և չեն ավարտվել, 6-ի ավարտը նախատեսված է 2020 թվականին, 4 ծրագիր իրականացվել է 15-30, 3 ծրագիր՝ 30-50 տոկոսով, որոնք որակի առումով խնդրահարույց են: Մարզում դեկտեմբերի 18-ի դրությամբ ամբողջությամբ ավարտվել է 82 սուբվենցիոն ծրագիր: Վարչության պետը մարզի խորհրդի անդամներին ներկայացրեց այն պահանջվող փաստաթղթերի ցանկը, որոնց հիման վրա պետք է կազմվեն և միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացվեն 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի հայտերը:
«Շատ կարևոր է, որ սուբվենցիոն ծրագրերի հետ կապված փաստաթղթերը կարողանանք կազմել համատեղ ուժերով, հունվար ամսվա ընթացքում, որպեսզի մեզ հաջողվի ժամանակին կազմակերպել մրցույթները և աշխատանքները սկսել եղանակային բարվոք պայմաններում, ինչը շատ կարևոր է շինարարության որակը ապահովելու համար»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Գնել Սանոսյանը նաև հորդորեց համայնքներում բացառել ցանկացած ապօրինի շինարարություն և առանց համապատասխան փաստաթղթերի թույլ չտալ որևէ կառուցապատում:
2019 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ Գեղարքունիքի մարզում անցկացված զորահավաքային միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու և զորահավաքային ռեսուրսների հավաքագրումն արդյունավետ կազմակերպելու համար Գեղարքունիքի մարզի Գավառ, Գանձակ, Վաղաշեն, Ակունք, Ծովակ համայնքները, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի ուժային կառույցների, դատական համակարգի, մի շարք համայնքների և Գեղարքունիքի մարզպետարանի որոշ ստորաբաժանումների թվով 34 ղեկավարներ խրախուսվեցին ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրերով: Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետարանի քարտուղարության պետ Վերգինե Ղուկասյանը և մարզպետարանի զորահավաքային բաժնի պետ Տիգրան Հակոբյանը մարզպետարանում աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար խրախուսվեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության շնորհակալագրերով:
Մարզի խորհրդի նիստի աշխատանքների ավարտին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորեց ներկաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով համատեղ արդյունավետ աշխատանք և նորանոր հաջողություններ: «Տարին հաջողված էր Գեղարքունիքի մարզի համար կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում: Գովելի աշխատանք կատարեցին մարզի ուժային կառույցները, իրավապահ համակարգը, համայնքապետարանները: Բավական է ասել, որ այս տարի մեր մարզում իրականացվել է շուրջ 10 միլիարդ 228 միլիոն դրամի կապիտալ շինարարություն, որը հանրապետությունում լավագույն ցուցանիշն է: Համոզված եմ, որ համակարգված աշխատանքի դեպքում եկող տարի մենք կգերազանցենք նաև այս ցուցանիշը»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11