Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպությունը մարզում կիրականացնի բուժամբուլատորիաների վերանորոգման նոր ծրագրեր

17.12.2019

Դեկտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության ծրագրերի պատասխանատու Ժան Կլոդ Ռոսեին: Ինչպես նշեց Ժան Կլոդ Ռոսեն, այցի նպատակն է՝ ամփոփել Գեղարքունիք - Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում 2019 թվականի ընթացքում կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների արդյունքները և պլանավորել 2020 թվականի անելիքները:
«2019 թվականին մեր կազմակերպությանը հատկացված բյուջեի շրջանակներում արդեն ավարտին ենք հասցրել Մեծ Մասրիկ, Գեղամասար և Գագարին համայնքների բժշկական ամբուլատորիաների վերանորոգման աշխատանքները: Հունվար ամսվա առաջին տասնօրյակում տեղ կհասնեն մեր կողմից գնված էլեկտրոսրտագրության վեց ապարատները, որոնք կտրամադրվեն Վարդենիսի պոլիկլինիկային և նույն տարածաշրջանի գյուղական բուժամբուլատորիաներին: Սարքավորումները նպատակային օգտագործելու և դրա արդյունքները ճիշտ վերծանելու նպատակով հաջորդ տարեսկզբին ֆրանսիական կողմը կանցկացնի մասնագետների վերապատրաստման դասընթացներ: Եվ քանի որ 2020 թվականին Իզերի դեպարտամենտի կողմից ևս ֆինանսական միջոցներ կհատկացվեն՝ Գեղարքունիքի մարզում առողջապահական ծրագրեր կյանքի կոչելու համար, ուստի խնդրում եմ մարզպետարանի աջակցությունը՝ առողջապահական հիմնարկների ընտրության հարցում»,- նշեց Ժան Կլոդ Ռոսեն:
Խոսվեց նաև Սևան-Գրենոբլ համագործակցության շրջանակներում Գրենոբլի քաղաքապետարանի կողմից Սևանի պոլիկլինիկային աուդիոմետր տրամադրելու անհրաժեշտության մասին:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր գոհունակությունը հայտնեց Իզերի դեպարտամենտի հետ ունեցած արդյունավետ համագործակցության և իրականացված ներդրումների համար, տեղեկացնելով, որ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից արդեն նախապատրաստվել է այն բուժամբուլատորիաների ցանկը, որոնք ունեն առաջնահերթ վերանորոգման անհրաժեշտություն:
«Ուրախ եմ, որ հաճախ ենք հանդիպում և յուրաքանչյուր անգամ քննարկում արված աշխատանքների արդյունքները և նոր պլաններ կազմում: Ես կողմնակից եմ վերապատրաստման դասընթացների անցկացմանը, քանի որ դրանք նպաստելու են ձեր կողմից տրամադրած սարքավորումների նպատակային օգտագործմանը: Ինչ վերաբերում է վերանորոգման ենթակա ամբուլատրորիաների ընտրությանը, ապա մենք դա արել ենք, հաշվի առնելով մի շարք առաջնահերթություններ, և կարծում եմ, որ ձեր դիտարկումները կհավաստեն դրանց վերանորոգման անհրաժեշտությունը: Մենք պատրաստ ենք բոլոր հարցերում լինել ձեր կողքին և աջակցել ձեզ ցանկացած դեպքում»,- նշեց Գնել Սանոսյանը:
ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության պատասխանատու Ժան Կլոդ Ռոսեն տեղի մասնագետների հետ դեկտեմբերի 18-ից դիտարկումներ կանցկացնի վերանորոգման ցանկում ընդգրկված բուժամբուլատորիաներում :

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30