Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեց ձմեռային զորակոչը

16.12.2019

Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը մեկնարկեց դեկտեմբերի 16-ին՝ Սեւան, Մարտունի եւ Վարդենիս քաղաքներից: Նորակոչիկները բանակ ճանապարհվեցին հանդիսավոր պայմաններում, մարզպետարանի, համայնքապետարանների, զինկոմիսարիատի աշխատակիցների, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի, ծնողների ու հարազատների շնորհավորանքների ու մաղթանքների ներքո:
Սեւանի տարածաշրջանի նորակոչիկները բանակ ճանապարհվեցին Սեւանի համայնքապետարանի բակից, տոնական բարձր տրամադրությամբ: Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնատեւոսյանը: «Մենք միշտ մնում ենք աղոթքով ձեզ համար, ձեր թիկունքում, որ միշտ կրեք Խաչի պարծանքը ձեր ուսերին եւ ձեր սրտերում, ու մենք երկու տարի անց ձեզ դիմավորենք խանդավառությամբ»,- նորակորչիկներին օրհնանքի խոսքեր հղեց Տեր Ստեփանոս քահանան:
Այնուհետ Հայոց բանակի նորակոչիկներին եւ նրանց ծնողներին ողջունեց ու շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Բոլորիս շնորհավորում եմ այս տոնական օրվա կապակցությամբ: Մեր զավակներին բանակ ճանապարհելու ամեն միջոցառում պետք է դառնա այսպիսի տոն՝ երգի, պարի, ուրախ տրամադրության ներքո: Ուզում եմ հավատացնել ծնողներին ու հարազատներին, որ նրանց զավակները ծառայության ողջ ընթացքում գտնվելու են հուսալի ձեռքերում, բարվոք ու անվտանգ պայմաններում: Նորակոչիկներին մի հիմնական ու կարեւոր խնդրանք ունեմ՝ հարգել ու սիրել միմյանց, հեռու մնալ միջանձնային հարաբերություններ սրելուց, ինչի արդյունքում մեր բանակում հաճախ են գրանցվում ողբերգական դեպքեր: Ես չեմ կասկածում, որ դուք ամուր եք կանգնելու թշնամու դեմ, բայց շատ ավելի անպարտելի կլինեք, եթե միշտ լինեք իրար հանդեպ փոխադարձ սիրով ու հարգանքով»,-նորակոչիկներին դիմեց Գեղարքունիքի մարզպետը:
«Հայ տղամարդու համար պետք է միշտ պատիվ լինի Հայոց բանակում ծառայելը:Մեր միակ ցանկությունն այն է, որ դուք ծառայեք միայն խաղաղ պայմաններում ու առողջ եւ կոփված տուն վերադառնաք:Մենք հոգով ու սրտով կլինենք ձեզ հետ, ձեր ընտանիքների կողքին»,-նշեց Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը:
Նորակոչիկներին ողջունեցին ու բարեմաղթանքի խոսքեր հղեցին նաեւ ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետ, փոխգնդապետ Բենիկ Սարգսյանը, նորակոչիկի պապ, Սեւան համայնքի բնակիչ Գուրգեն Տոնոյանը:Նորակոչիկներին պարային կատարումներով ողջունեցին Սեւանի մշակույթի տան պարային համույթի փոքրիկ սաները: Հայոց բանակ մեկնելու կապակցությամբ նորակոչիկները նվերներ ստացան Սեւանի համայնքապետարանի եւ ոստիկան վետերանների կողմից:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59