Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերաօծվեց եւ վերաբացվեց Ներքին Գետաշենի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

06.12.2019

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում կայացավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերաօծման եւ վերաբացման արարողությունը՝ ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ էջմածնի հայեցակարգային գրասենյակի տնօրեն Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի՝ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի մասնակցությամբ: Արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, եկեղեցու հիմնանորոգման գործում ֆինանսական միջոցներ տրամադրած բարերար Գագիկ Հովհաննիսյանը, համայնքի բնակիչներ, հյուրեր: Վերաբացման եւ վերաօծման արարողությանը նախորդեց օծված Սուրբ Խաչի տեղադրումը, որը տասնամյակների տեւական բացակայությունից հետո հանգրվանեց նորանորոգ եկեղեցու գմբեթին:
«Սիրելի հավատավորներ, շնորհավորում եմ բոլորիս այս պատմական օրվա առիթով:Աչքներս լույս լինի, քանի որ Գեղարքունյաց հնամենի աշխարհում այսօր մենք վերաբացում ու վերաօծում ենք մի այնպիսի կարեւոր հուշարձան, որը հարյուրամյակներով ծառայել է մեր ժողովրդի հոգեւոր կարիքներին, սակայն ժամանակի չար ձեռքով ավերվել ու մատնվել էր մոռացության: Այսուհետ այն կյանք ու շունչ է առել շնորհիվ ներքին գետաշենցի բարերար ու գործարար Գագիկ Հովհաննիսյանի Աստվածասիրության ու հայրենասիրության, շնորհիվ ճարտարապետի ու շինարարների մտքի ու կառուցող ձեռքերի, շնորհիվ համայնքի ղեկավարի ու համայնքապետարանի աշխատակիցների կազմակերպչական ջանքերի, հավատավոր մարդկանց օժանդակության, մեր ու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի աղոթքների: Մեր սրբազան հավատի դարավոր տաճարն այլեւս վերականգնված է իր հին տեսքի մեջ՝ ավելի շքեղ ձեւ առնելով: Եկեղեցու շինարարության ընթացքում ի հայտ եկած հուշարձանները՝ ավելի քան 240 խաչքարեր ու խաչքարերի բեկորներ, մաքրվել են հողից ու փոշուց և վեհորեն կանգնած են եկեղեցու գավթում ու շրջակայքում: Պահպանել այս ու մյուս եկեղեցիները՝ նշանակում է՝ պահպանել մեր դարավոր ու հերոսական պատմությունը, պահպանել մեր սրբազան հավատը, որ սկիզբ է առնում հենց Գրիգոր Լուսավորչից: Սիրելի հայրենակիցնե՛ր, մեզ մնում է աղոթքով, անդուլ աշխատանքով, մեր մտքի պայծառությամբ զորանալ ու վերակերտել մեր սուրբ հայրենիքը»,-արարողության մասնակիցներին դիմեց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության գրով «Ներսես Շնորհալի» շքանշանով պարգեւատրվեց եկեղեցու հիմնանորոգման ու վերականգնման բարերար, գործարար, ծնունդով ներքին գետաշենցի Գագիկ Հովհաննիսյանը:Շքանշանը հանդիսավոր պայմաններում հանձնեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթեւ վարդապետ Բարսեղյանը: Այնուհետ ձեռամբ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի՝ մատուցվեց Սուրբ Պատարագ, բաժանվեց օրհնված մատաղ: Եկեղեցու առաջին մոմերը վառեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, բարերար Գագիկ Հովհաննիսյանը, Ներքին Գետաշեն համայնքի ղեկավար Կարո Գեւորգյանը, պատվավոր այլ հյուրեր: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ եւ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի մասնակցությամբ օրհնվեց ու բացվեց 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանը: «Սիրելի հայրենակիցներ, այս գեղեցիկ օրվա առթիվ ողջունում ու շնորհավորում եմ բոլորիս: 2019 թվականը ես համարում եմ Ներքին Գետաշենի տարի, քանի որ այստեղ հսկայածավալ շինարարություն իրականացվեց պետական միջոցներով ու տեղական բյուջեի հաշվին: Կառուցվեցին խմելու եւ ոռոգման ջրատարներ, գազատար ու լուսավորության ցանց, ասֆալտապատվեց 12 փողոց, շարունակվեց թիվ 1 միջնակարգ դպրոցի շինարարությունը: Եվ այս կարեւոր ձեռքբերումներն ավելի հարստացան հոգեւոր այս ձեռնարկով, որը լրացնում է մեր ընդհանուր հաջությունները: Ես ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել բարերարին այն բանի համար, որ նա ոչ միայն չի մոռանում հայրենի եզերքը, այլ միջոցներ է գտնում՝ հայրենի գյուղում հոգեւոր ու մշակութային կյանքը վերակերտելու եւ վերաիմաստավորելու համար: Սա միայն եկեղեցու վերաօծման ու վերաբացման արարողություն չէ, սա նաեւ երախտագիտության տուրք է մեր ազգային արժեքներին, հայրենի հավատին ու մշակույթին, մեր ինքնությանն ու պատմությանը: Այս օրը մեկ անգամ եւս փաստում է, որ վաղն ավելի լավ է լինելու, քանի որ մենք այսպես միասնական ենք եւ ամուր հավատով ենք կանգնած հայրենի հողի վրա»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
«Հայրենիքին ու Աստծուն որքան էլ միջոցներ նվիրես, դարձյալ քիչ է: Ես միայն ուրախ եմ, որ տարիների իմ փափագը կատարվել է. ավերակների միջից վերականգնվել եւ շուք է առել այն եկեղեցին, որը տասնամյակներ շարունակ եղել է մոռացված ու լքված, կիսափլված վիճակում: Ամեն անգամ հայրենի գյուղ գալուց սրտի ցավով էի նայում այդ տխուր իրողությանը: Այսուհետ հպարտորեն ու ժպիտով կնայեմ Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցու կողմը: Անթերի գործ կատարեցին եկեղեցու ճարտարապետն ու շինարարարը, կառուցող վարպետները»,-նշեց բարերար Գագիկ Հովհաննիսյանը:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսից հետո, Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից Սեւանի ավազան գաղթած եւ Ներքին Գետաշենում վերաբնակություն հաստատած հայ ընտանիքների կողմից: Այն գյուղի համար հավատի տուն է ծառայել մինչեւ 20-րդ դարի 30-ական թվականները, այնուհետև վերածվել է կոլտնտեսության մթերային պահեստի:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարը Արթուր Հովհաննիսյանն է, ճարտարապետը՝ Անդրանիկ Սարգսյանը:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55