Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աստղաձորում ավարտի է հասցվել սուբվենցիոն երկու ծրագիր

05.12.2019

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում այս տարի իրականացվել է սուբվենցիոն երկու ծրագիր, որոնց արդյունքում բարելավվել է խմելու ջրի մատակարարումը շուրջ 400 տնտեսություններում եւ ասֆալտապատվել Զորավար Անդրանիկ փողոցի մի հատվածը՝ 630 գծամետր երկարությամբ: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, սուբվենցիոն առաջին ծրագրով 1300 գծամետր երկարությամբ խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվել Զորավար Անդրանիկ փողոցում: Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 10 միլիոն 680 հազար դրամ, որի 70 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Աստղաձորի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսից եւ ավարտվել հոկտեմբերին: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով Զորավար Անդրանիկ փողոցի մի հատվածում կատարվել են ասֆալտապատման աշխատանքներ՝ 630 գծամետր երկարությամբ եւ շուրջ 4000 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 43 միլիոն 227 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Աստղաձորի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի հոկտեմբերից եւ ավարտվել նոյեմբերի վերջին: Համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանի խոսքով՝ իրականացված ծրագրերն Աստղաձորում էապես բարելավել են հարյուրավոր ընտանիքների կենսապայմանները: §Զորավար Անդրանիկ փողոցի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցումը շատ կարեւոր նշանակություն ունեցավ ավելի քան 400 ընտանիքների համար: Ջրատարի ներքին ցանցը մոտ 1300 մետր երկարությամբ, կառուցված լինելով անցած դարի 70-ական թվականներին, քայքայվել էր ու կորցրել շահագործման պիտանիությունը: Բացի այն, որ ցանցում ջրի կորուստներն ու վթարները շատ էին, նաեւ խմելու ջրի որակն ու մաքրությունը հնարավոր չէր լինում ապահովել: Իսկ հիմա տնտեսությունները ջուրը ստանում են բավարար չափով ու ժամանակին, նաեւ՝ մաքուր վիճակում: Նույն փողոցի ասֆալտապատումով եւս տնտեսություններն արդեն հիմնովին ազատվեցին անբարեկարգ հատվածներով երթեւեկելու կամ քայլելու հոգսերից, որոնք տեւել են տասնամյակներ¦,-նշեց Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:43:59