Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն` դպրոցների տնօրենների մասնակցությամբ

28.11.2019

Նոյեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ անցկացրեց խորհրդակցություն` իր մտահոգությունը հայտնելով հանրակրթության ոլորտում առկա մի շարք խնդիրների շուրջ: «Մարզի որոշ դպրոցներում լրջագույն խնդիր ունենք՝ կապված ջեռուցման ապահովման հետ, և այս օրերին աշխատանք ենք տանում այդ դպրոցներում եղած խնդիրները վերացնելու համար: Սակայն խնդրում ու պահանջում եմ՝ դասասենյակներում ապահովել դասապրոցեսի համար նորմալ ջերմաստիճան: Կան մի շարք դպրոցների տնօրեններ, ովքեր ժամանակին չեն դիմել մարզպետարան՝ ջեռուցման հետ կապված խնդիրները լուծելու համար, ու այսօր խնդրի առաջ է հայտնվել ողջ դպրոցը: Հարկավոր է դիմել վաղօրոք, որպեսզի նախապատրաստական աշխատանքներն իրականացվեն ժամանակին, մինչ ջեռուցման սեզոնի սկիզբը»,- նշեց մարզպետը:
Գնել Սանոսյանը նաեւ խոսեց դպրոցներում կադրային խնդիրների, հաճախելիության, հաստիքացուցակների անճշտության, հաշվապահների կողմից թույլ տված ֆինանսական խախտումների ու տնօրենների կողմից պատշաճ վերահսկողություն չապահովելու մասին: «Գնացեք, վերանայեք ձեր դպրոցների ֆինանսական վիճակը, հսկեք և հետևեք, թե ինչի տակ են դրվում ձեր ստորագրությունները:Կարդացեք, ծանոթացեք օրենքներին, ձեր լիազորություններին, առաջնորդվեք օրենքի շրջանակներում», - ասաց Գնել Սանոսյանը: Մարզպետը հորդորեց դպրոցների տնօրեններին՝ չխոչընդոտել դպրոցի տնօրենի համար հավաստագիր ձեռք բերող անձանց և խորհուրդների գործունեությանը, միաժամանակ անդրադարձավ դպրոցների կողմից վարձակալությամբ տրվող տարածքների վարձավճարների սահմանման չափերին, որոնք վերանայման կարիք ունեն: Դպրոցների խնայողությունների մասին խոսելիս Գնել Սանոսյանը նշեց, որ այն կարելի է օգտագործել նպատակային ձևով , նաև հատկացնել դպրոցներում աշխատավարձերի բարձրացմանը, ինչպես արեցին նախորդ տարի: «Ես ամեն անգամ բարձր տրամադրություն եմ ունենում, երբ նույնիսկ մեկ տնօրենի աշխատավարձ է բարձրանում: Այնպես որ, հորդորում եմ՝ լինել ուշադիր և հետևողական, որպեսզի ձեր գործունեությունն ընթանա օրենքի տառին համապատասխան: Նման դեպքերում մարզպետարանը պատրաստակամ է՝ լինել ձեր կողքին, ձեզ հետ քննարկել յուրաքանչյուր խնդիր և օգնել դրանց լուծում տալու հարցերում»,- նշեց մարզպետը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-05 10:07:03