Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գեղարքունիքի մարզում ծանոթացավ «Աղքատության հաղթահարման փուլային ծրագրի» հաջողության պատմություններին

27.11.2019

Մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը» եւ ‹‹City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի եւ ‹‹Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ղեկավար Ժիրայր Էդիլյանի հետ այցելեց Գեղարքունիքի մարզի Ճամբարակ եւ Դրախտիկ համայնքներ՝ նույն կազմակերպության ‹‹Աղքատության հաղթահարման փուլային ծրագրի» հաջողության պատմություններին ծանոթանալու։
Ճամբարակ համայնքում Աննա Հակոբյանին ծրագրի շահառուներ, ամուսիններ Անժելա Ծաղկյանն ու Նվեր Սարիբեկյանը պատմեցին իրենց հաջողության պատմությունը՝ նշելով, որ կազմակերպության աջակցությամբ զբաղվում են անասնապահությամբ, ինչի շնորհիվ իրենց ընտանիքում թե՛ եկամուտներն են սկսել ավելանալ, թե՛ կենսամակարդակն է բարելավվել, թե՛ կենցաղային պայմանները։ ‹‹Կարող ենք համարել, որ ձեր ընտանիքի դեպքում առաջին քայլն է արվել՝ շատ անհուսալի վիճակից դուրս գալու համար, որը սակայն, բավարար չէ, եւ ձեր ձգտումներն այսքանով չպետք է ավարտվեն։ Ես ձեր ապագան պատկերացնում եմ որպես փոքրիկ անասնաբուծական ֆերմայի սեփականատերեր։ Կենտրոնացեք այն աշխատանքի վրա, որը դուք կարողանում եք անել, եւ վստահ եմ, որ արդյունքները սպասեցնել չեն տա»,- ընտանիքի անդամներին քաջալերեց Աննա Հակոբյանը՝ միաժամանակ խոստանալով, որ երկու տարի հետո կրկին հանդիպելու են, սակայն այդ ժամանակ ամուսիններն արդեն պետք է ընդլայնած լինեն իրենց բիզնեսն ու արդեն ունենան նոր հաջողություններ եւ ձեռքբերումներ։
Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղում ‹‹Աղքատության հաղթահարման փուլային ծրագրի» շահառու Զարուհի Պետրոսյանը ներկայացրեց իր հաջողության պատմությունը՝ շեշտելով, որ մասնագիտացել է խոհարարության ոլորտում, սովորել է նաեւ թխվածքներ պատրաստել եւ տորթեր ձևավորել։ Ներկա դրությամբ Զարուհին աշխատում է համայնքի դպրոցում ‹‹Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության երկարօրյա ցերեկային կենտրոնի ճաշարանում, սակայն մտադրություն ունի ստեղծել իր բիզնեսը։ Երեք երեխաների մայրը սեփական ուժերով արդեն կարողացել է հարդարել բնակարանն ու գնել տան համար դռներ։ ‹‹Շատ նպատակասլաց եք, ես ձեզ տեսնում եմ որպես ապագա կին գործարար, քանի որ վստահ եմ, որ առաջին դժվարությունները հաղթահարելուց հետո առաջ եք գնալու»,- ասաց Աննա Հակոբյանը։
Այցի շրջանակում Աննա Հակոբյանը եղավ նաեւ Դրախտիկի միջնակարգ դպրոցում, ծանոթացավ ‹‹Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության օժանդակությամբ այստեղ գործող երկարօրյա ուսուցման խմբակի գործունեությանը, զրուցեց աշակերտների եւ խմբավարների հետ։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-05 10:07:03