Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեծ թեյախմություն «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում

22.11.2019

Նոյեմբերի 21-ին Հայաստանում առաջին անգամ նշվել է Սոցիալական ձեռնարկատիրության միջազգային օրը: Այդ օրը Սևան քաղաքի «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում, թեյի սիրահարների մասնակցությամբ, անցկացվել է ամենամեծ թեյախմությունը: Միջոցառմանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Ինչպես նշել է «Բոհեմ» արվեստանոց-թեյարան սոցիալական ձեռնարկության նախագահ Գոհար Մնացականյանը, այդ օրը իրենք առաջարկել են համատեղել օգտակարն ու հաճելին: « Թեյախմությանը ձեր մասնակցությամբ կնպաստեք մեր երկրում սոցիալական խնդիրների լուծման այլընտրանքային մեխանիզմներ առաջարկող, ստեղծագործ ու բարի բիզնեսի տարածմանն ու զարգացմանը: Առաջարկում ենք գնել թեյախմության բաժակը, որից հետո յուրաքանչյուրի վճարած խորհրդանշական գումարն ուղղվելու է 2020թ. մարտ ամսին կայանալիք ՍՁ գաղափարների մրցույթի կազմակերպմանը»,- նշել է Գոհար Մնացականյանը:
Ներկաներին ողջունել ու օրվա առիթով շնորհավորել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Մեր մարզը ոչ միայն սոցիալական ձեռնարկությունների քանակով է առաջատար, այլ նաեւ՝ որակական հատկանիշներով: Ես համաձայն եմ այն մտքին, որ մեր մարզում ոսկին ոչ թե հողի տակ է, այլ՝ մեր լեռներում ու դաշտերում՝ թեյատու եւ դեղատու բույսերի տեսքով, որոնցից կարելի է անվերջ բարիք քամել, եկամուտ ստեղծել: Բոլոր լավ ձեռնարկների ու գաղափարների համար դուք կստանաք մեր աջակցությունը»,-նշել է Գնել Սանոսյանը:
Մեծ թեյախմության նախաձեռնողները վստահեցրել են, որ Սոցիալական ձեռնարկատիրության միջազգային օրը հրաշալի առիթ էր՝ սոցիալական ձեռարկատիրության մասին ավելի շատ բան իմանալու, պատմելու, ՍՁ համայնքի ներկայացուցիչների հետ փորձի փոխանակման, սեփական ՍՁ գաղափարները ներկայացնելու, պոտենցիալ ներդրողների ու գործընկերների հետ ծանոթանալու, բիզնեսն ու սոցիալականը միացնող թեյի բաժակ ունենալու կամ նվիրելու, հետաքրքիր գաղափարներով ոգեշնչվելու ու ստեղծագործ մարդկանց եւս մեկ անգամ հանդիպելու:
Գոհար Մնացականյանը հավաստել է, որ, հաշվի առնելով Հայաստանում ՍՁ-ների աշխարհագրական բաշխվածությունն ու այս ուրախ տոնին միանալ ցանկացողների մեծ թիվը, թեմատիկ մեծ թեյախմության առանձին միջոցառումներ են անցկացվել ՀՀ բոլոր մարզերի տարբեր քաղաքներում:

Աղբյուրը ՝http://www.sevancity.am/

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:33:30