Նորություններ
Գեղարքունիքի մարզպետը Ճամբարակ համայնքում ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
22.11.2019
Աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ճամբարակ համայնքում ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Այստեղ, այս տարի ՀՀ կառավարության կողմից հաստատվել է սուբվենցիոն 17 ծրագիր, որոնց մի մասն ավարտված է, մի մասը գտնվում է ընթացքի մեջ կամ ավարտական փուլում: Սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 256 միլիոն դրամ, որից Ճամբարակի համայնքապետարանի ներդրումը կազմել է 93 միլիոն դրամ: «Նոյեմբերի 21-ի դրությամբ ավարտական փուլում են գտնվում ճանապարհների, մայթերի եւ մեկ հրապարակի ասֆալտապատման աշխատանքները: Ընթացքի մեջ են գտնվում խմելու ջրատարների և մանկական խաղահրապարակների կառուցման աշխատանքները Վահան, Գետիկ, Թթուջուր, Այգուտ, Դպրաբակ, Կալավան, Անտառամեջ համայնքներում: Մինչեւ տարեվերջ ավարտին կհասցվեն բոլոր ծրագրերը»,-ներկայացրեց Ճամբարակի համայնքի ղեկավարի տեղակալը:
Սուբվենցիոն ծրագրերի դիտարկումից հետո մարզպետն այցելեց Ճամբարակի առողջության կենտրոն՝ տնօրենի եւ բուժանձնակազմի հետ քննարկելով աշխատանքային ընթացիկ հարցեր:
Այցի ավարտին Գնել Սանոսյանը հանդիպեց Արծվաշեն համայնքի բնակիչներին՝ նրանց հետ քննարկելով արծվաշենցի ներքին տեղահանված ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու հարցի լուծման հնարավորությունները եւ տարբերակները: Մարզպետը խոստացավ մոտ ժամանակներս հիմնահարցը ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը: