Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Շողակաթ խոշորացված համայնք

22.11.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Շողակաթ խոշորացված համայնքում կատարած աշխատանքային այցի ընթացքում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը: Մարզպետի այցի առաջին կանգառը Շողակաթ համայնքի Դրախտիկ եւ Աղբերք գյուղերում էր: Դրախտիկում այս տարի իրականացվել է սուբվենցիոն երեք ծրագիր՝ լուսավորության ցանցի, խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցերի եւ գազատարի կառուցում: Նոյեմբերի 22-ի դրությամբ ավարտված են բոլոր աշխատանքները, շահագործվում են լուսավորության եւ խմելու ջրատարի ցանցերը, իսկ գազը տնտեսություններին կմատակարարվի առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում:Ընդհանուր առմամբ Դրախտիկում սուբվենցիոն ծրագրերի վրա ներդրվել է շուրջ 42 միլիոն դրամ, որի 65 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը:Դրախտիկում մարզպետը զրուցեց բնակիչների հետ, պատասխանեց նրանց հուզող հարցերին:
Աղբերքում Գնել Սանոսյանն այցելեց տեղի միջնակարգ դպրոց, որտեղ ծանոթացավ շենքային պայմաններին, ուսումնական պարապմունքների ընթացքին:Ինչպես ներկայացրեց դպրոցի տնօրեն Անահիտ Ղալեչյանը, դպրոցի շենքն անբարեկարգ է, դասասենյակներում եւ միջանցքներում նորմալ ջերմաստիճան ապահովելու համար չկան բավարար պայմաններ: Ուսումնական պարապմունքների համար բավարար պայմաններ ապահովելու նպատակով մարզպետը հանձնարարականներ տվեց մարզպետարանի քաղաքաշինության վարչությանը: «Թե՛ Դրախտիկում, թե՛ Աղբերքում դպրոցական շենքերը վթարային վիճակում են, ու երկու տեղերում էլ դպրոցական նոր շենքեր կառուցելու կարիք կա: Բայց մինչ այդ, ինչը մեզանից որոշակի ժամանակ կպահանջի, մենք պետք է կոսմետիկ նորոգումների միջոցով գտնենք միջանկյալ լուծումներ, որպեսզի կարողանանք դպրոցական պարապմունքների համար փոքրիշատե բավարար պայմաններ ապահովել »,-նշեց մարզպետը:
Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ներկայացմամբ այս տարի Աղբերքում իրականացվել է սուբվենցիոն երկու ծրագիր՝ խմելու ջրատարի ներքին եւ լուսավորության ցանցերի կառուցում: Երկու ծրագիրն էլ ավարտվել է: Լուսավորության ցանցը շահագործվում է, խմելու ջրատարի ներքին ցանցը օրերի ընթացքում կմիացվի արտաքին ցանցին, եւ դրանով գյուղի բնակչության համար հիմնովին լուծված կլինի տասնամյակներ ի վեր չարչրկված ջրամատակարարման հիմնախնդիրը:
Աղբերքում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում ջրարբիացվել է ավելի քան 3 հազար հեկտար արոտ, տրամադրվել 5 անվավոր տրակտոր՝ հավաքող-մամլող սարքավորումներով: Ինչպես ներկայացրեց գրասենյակի՝ Գեղարքունիքի մարզային ծրագրերի համակարգող Խորեն Բադալյանը, գյուղտեխնիկայի ձեռքբերման համար ՀՀ կառավարության կողմից եւ համայնքապետարանի ու արոտօգտագործողների ընկերության համաֆինանսավորմամբ ներդրվել է շուրջ 75 միլիոն դրամ: Արոտների ջրարբիացման համար ներդրվել է շուրջ 38 միլիոն դրամ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55