Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սևանա լճում բաց թողնվեց Սևանի իշխանի Ամառային և Գեղարքունի ենթատեսակների շուրջ 60 հազար մանրաձուկ

20.11.2019

Նոյեմբերի 19-ին Կարճաղբյուր եւ Մաքենիս գետերից Սևանա լիճ բաց թողնվեց Սևանի իշխանի Ամառային և Գեղարքունի ենթատեսակների շուրջ 60 հազար մանրաձուկ: Բացթողման աշխատանքները վերահսկում էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը: Միջոցառմանը մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: Մանրաձկան բացթողումն իրականացվել է «Սևանի իշխանի պաշաների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» ծրագրով, Սևանի իշխանի մանրաձկան գործարանում աճեցված մանրաձկան պաշարների հաշվին: Ինչպես հավաստեց Սևանի իշխանի մանրաձկան գործարանի տնօրեն Տիգրան Վարդանյանը, Սեւանա լիճ է բաց թողնվել Սեւանի իշխանի Ամառային ենթատեսակի 24-25 գրամ միջին քաշով 10 հազար, Գեղարքունի ենթատեսակի 40-50 գրամ միջին քաշով 10 հազար եւ 3-5 գրամ միջին քաշով 40 հազար հատ մանրաձուկ:
«Տեղափոխելուց ընդհանրապես անկում չգրանցվեց: Բավականին առողջ, կենսունակ մանրաձուկ էր: Հույս հայտնենք, որ Սևանի էնդեմիկ ձկնային պաշարները կհամալրվեն: Ձուկը գետով բարձրանում է, և բնական վերարտադրություն է տեղի ունենում: Արդյունքներն ավելի տեսանելի կլինեն, եթե հաջողվի Սևանա լճում կանոնակարգել արդյունագործական ձկնորսությունը»,-հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը:
«Եղել է ընդհանուր ժողով, որի ժամանակ որոշվել են բացթողնման քանակը, չափսերը և վայրը: Մինչև 2015 թվականը Սևանա լիճ բաց թողնվող իշխանի մանրաձուկը գնվում էր հիմնականում Արարատյան դաշտավայրի ձկնաբուծական տնեսություններից` պետական բյուջեի միջոցներով: Արդեն 4 տարի մանրաձուկն ամբողջությամբ իր միջոցների հաշվին բաց է թողնում «Սևանի իշխանի պաշաների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը»: Մեր արտադրածը շատ ավելի կենսունակ մանրաձուկ է, քանի որ այն արտադրվում է տեղում , և՛ ջերմաստիճանային տարբերություններ չկան, և՛ կենսաբանական ծագմամբ այն մաքուր է, խառանծին չէ: Եկող տարվա համար ևս մեր հիմանդրամը սահմանելու է իշխանի մանրաձկան ենթատեսակների արտադրության և Սեւանա լիճ բաց թողնելու չափաքանակները, որոնք կարտադրվեն մեր կողմից: Բնական վերարտադրության միջոցով լճի էնդեմիկ ձկնատեսակների պաշարների համալրումը ևս կարեւորում ենք, սակայն դրան խանգարում են չթույլատրվող որսագործիքներով ապօրինի ձկնորսությունը և ձկների համար ձվադրավայր հանդիսացող գետերի աղտոտվածությունը»,-նշեց Տիգրան Վարդանյանը:
«Սևանի իշխան» ՓԲԸ-ին պատկանող մանրաձկան գործարանում լճի էնդեմիկ և վերացող ձկնատեսակների պահպանման նպատակով սեփական նախաձեռնությամբ հավաքագրվել է Սևանի կողակի որոշ խմբաքանակ: 2020 թվականի գարնանը մեկնարկելու են նաև այս ձկնատեսակի փորձնական վերարտադրության աշխատանքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38