Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց « Հարավային Կովկասում կանանց տնտեսական զարգացման ծրագրի» համակարգողին

14.11.2019

Նոյեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՄԱԿ-ի «Հարավային Կովկասում կանանց տնտեսական զարգացման ծրագրի» համակարգող Ռուբինա Դեւրիկյանին: Հանդիպման սկզբում Ռուբինա Դեւրիկյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին ներկայացրեց ծրագրի բովանդակությունը, ընթացքը եւ կես տարվա արդյունքները: «Ծրագիրն առայժմ Գեղարքունիքի մարզում իրականացվում է միայն խոշորացված համայնքներում: Մենք գործակցում ենք «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությանը, համագործակցում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների , ինչպես նաեւ՝ Վարդենիսի, Գեղամասարի, Շողակաթի եւ Ճամբարակի համայնքապետարանների հետ: Համատեղ միջոցառումների արդյունքում մենք ընտրել ենք կարիքավոր կանանց, ովքեր նպաստառու են, սակայն կարող են աշխատանքով ավելացնել իրենց եկամուտները: Այդ նպատակով մենք նրանց հատկացնում ենք արտադրության համար անհրաժեշտ նյութերն ու սարքավորումները, նաեւ մեր գործընկեր կազմակերպության միջոցով կազմակերպում արտադրանքի իրացումը: Տարբեր ոլորտներում կարիքավոր կանանց մասնագիտացնելու նպատակով կազմակերպում ենք համապատասխան դասընթացներ, ապա մասնագիտական ուսուցումը տեղափոխում աշխատանքային ոլորտ: Խմբերը մասնագիտանում են կար ու ձեւի, վարսահարդարման, գյուղմթերքների արտադրության եւ այլ ոլորտներում: Ավելի շատ կենտրոնանում ենք տնայնագործական արտադրության կազմակերպման վրա՝ կանանց տրամադրելով բոլոր անհրաժեշտ միջոցները: Գեղարքունիքի մարզի 4 համայնքներից 3-ը ցանկանում են միանալ «Գենդերազգայուն ծրագրի» բյուջետավորմանը, որի դեպքում արդեն այդ ծրագրի ֆինանսավորմամբ շահագրգռված կլինեն միջազգային դոնոր կազմակերպությունները:Մենք ուզում ենք ընդլայնվել եւ ավելի տեսանելի արդյունքների հասնել: Գուցե հետագայում կենտրոնանանք նաեւ չխոշորացված համայնքների ուղղությամբ»,-ներկայացրեց Ռուբինա Դեւրիկյանը:
Մարզպետ Գնել Սանոսյանը, ողջունելով ծրագրի բովանդակությունն ու ընթացքը, շեշտեց, որ մարզպետարանը ծրագրին կաջակցի բոլոր խնդիրներում, որպեսզի այն ավելի ընդգրկուն ծավալներ ունենա, ապահովի տեսանելի ու բարձր արդյունավետություն: «Ողջունելի է այն քայլը, որ դուք ծրագրի իրականացման համար թիրախ եք ընտրել խոշորացված համայնքները, որոնց բնակիչների զգալի մասը կազմում են Ադրբեջանից բռնագաղթի ենթարկված մեր հայրենակիցները, որոնց ընտանիքները հիմնականում դեռ մնում են անապահով՝ իրենց ողջ ունեցվածքը կորցնելու հետեւանքով: Իմ անմիջական խնդրանքն ու հորդորն է՝ անել հնարավորը, որպեսզի ծրագիրն ունենա առարկայական եւ ուղիղ արդյունք: Մենք նաեւ համատեղ ուժերով պիտի հասնենք նրան, որ շահառուների ընտրության հարցում մինչեւ վերջ պահպանենք սոցիալական արդարության սկզբունքը, ինչը շատ կարեւոր գործոն եմ համարում »,-նշեց մարզպետը:
Ռուբինա Դեւրիկյանի հավաստմամբ՝ Գեղարքունիքի մարզում 2019 թվականի նոյեմբերի դրությամբ §Հարավային Կովկասում կանանց տնտեսական զարգացում¦ ծրագրից օգտվում են շուրջ 125 շահառու:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06