Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լիճք գյուղում բացվեց մանկապարտեզ

12.11.2019

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում տեղի ունեցավ նորակառույց մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը, Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, մանկավարժներ: Մանկապարտեզի բացման ժապավենը կտրեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, եւ Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը՝ մանկապարտեզի երկու սաների մասնակցությամբ: Մարզպետը եւ համայնքի ղեկավարը տնօրեն Կարինե Շաբոյանի ուղեկցությամբ շրջեցին մանկապարտեզի խմբասենյակներում, խոհանոցում ու ճաշարանում, ծանոթացան շենքային, գույքային եւ ուսումնադաստիարակչական պայմաններին: Տնօրենի ներկայացմամբ՝ մանկապարտեզում կեցության, ուսումնառության ու ստեղծագործական ձիրքերի զարգացման համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները: «Բացվել է երեք խումբ՝ 96 տեղով: Աշխատակազմը լիովին պատրաստ է՝ երեխաներին նախադպրոցական անհրաժեշտ կրթություն ու դաստիարակություն ապահովելու համար: Մանկապարտեզը կարող է ապահովել մինչեւ 100 տեղ, սակայն պահանջարկը շատ ավելին է»,-ներկայացրեց Կարինե Շաբոյանը:
Համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանի ներկայացմամբ՝ ներկա պահին Լիճքում հաշվառված է 3-5 տարեկան 250 երեխա, ուստի անհրաժեշտ կլինի մանկապարտեզը ընդլայնել կամ բացել երկրորդ մանկապարտեզը: «Մեր գյուղն իր պատմության 190 տարիների ընթացքում առաջին անգամ է վայելում մանկապարտեզ ունենալու երջանկությունը: Շնորհակալ ենք ՀՀ կառավարությանն ու Գեղարքունիքի մարզպետարանին, որոնց բարի կամքի շնորհիվ արդեն համայնքի երեխաները մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ունեցան: Համոզված եմ, որ նորաբաց մանկապարտեզի շնորհիվ մեր երեխաները կլինեն ավելի կիրթ, ավելի դաստիարակված ու զարգացած »,-նշեց համայնքի ղեկավարը:
«Բոլորիդ ողջունում ու շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա, այս կարեւոր ձեռքբերման առթիվ: Քիչ ջանքեր ու միջոցներ չեն ներդրվել, մինչեւ որ հասել ենք այս ցանկալի պահին: Սակայն, ի ուրախություն մեզ, պարզվում է, որ Լիճքում գրեթե կրկնակի է մանկապարտեզի տարիքի երեխաների թիվը, ու մենք այսօրվանից պիտի մտածենք մանկապարտեզի ընդլայնման մասին»,- ներկաներին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Մանկապարտեզի բացման միջոցառմանը գեղարվեստական կատարումներով հանդես եկան Լիճքի մշակույթի տան «Լիճք» ազգագրական-ժողովրդական երգի-պարի խմբի սաները:
Լիճք համայնքի ղեկավարի տեղեկացմամբ՝ Լիճքի մանկապարտեզը կառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով եւ Լիճքի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ: Ծախսվել է շուրջ 150 միլիոն դրամ, որից 15 միլիոն դրամը կազմել է Լիճքի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Մանկապարտեզը գործելու է շուրջտարյա, որի համար գյուղապետարանի տարեկան ծախսը կազմելու է մոտ 25 միլիոն դրամ:
Մանկապարտեզի բացման արարողության ավարտից հետո Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Լիճքի միջնակարգ եւ հիմնական դպրոցներ՝ ծանոթանալու ուսումնական պարապմունքների ընթացքին ու պայմաններին: Մարզպետը Լիճքում դիտարկեց նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցներով ու համայնքապետարանի համաֆինանսավորմամբ կառուցվող ֆուտբոլի փոքր խաղադաշտի շինարարական աշխատանքները, որոնք արդեն մոտենում են ավարտին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11