Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը ընդունեց ԱՄՆ «ՓԻ ԷՍ ԱՅ» կազմակերպության տնօրենին

04.11.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ԱՄՆ «ՓԻ ԷՍ ԱՅ» կազմակերպության տնօրեն Լեւոն Թորոսին՝ նրա հետ քննարկելով այլընտրանքային էներգիայի արտադրության ոլորտում կատարվելիք ներդրումների հետ կապված հարցեր: Հանդիպման սկզբում Լեւոն Թորոսը հետաքրքրվեց մարզի այլընտրանքային էներգիայի ստացման հնարավորություններով ու զարգացման հեռանկարներով, ապա ներկայացրեց իր ցանկությունը՝ Արտանիշ գյուղում ինը հեկտար սեփական հողատարածքում արեւային ֆոտովոլտային էլեկտրակայան կառուցելու համար, ինչ նպատակով էլ նա իրեն պատկանող հողի գործառնական նշանակությունը փոխելու դիմում է ներկայացրել Գեղարքունիքի մարզպետարան: «Ձեր դիմումն ուղարկված է Հայաստանի Հանրապետության կառավարություն, որտեղ այն անցնելու է որոշակի ընթացակարգեր, ինչի համար եւ անհրաժեշտ ժամանակ է պահանջվում: Ինչ վերաբերում է ձեր կողմից հնչեցված մտահոգություններին, ապա պետք է ասեմ, որ դուք բացառապես գործ եք ունենալու պետության հետ, որը ձեր հուսալի գործընկերն է լինելու եւ երաշխավորելու է ձեր գործունեության անվտանգությունը, ամբողջությամբ գնելու է ձեր արտադրանքը օրենքով սահմանված սակագնով: Մինչեւ 5 մեգավատ հզորության կայանների շահագործման դեպքում պետությունը մեկ կիլովատ ժամ էլեկտրաէներգիան գնելու է 24 դրամով, իսկ դրանից ավել հզորության կայանների դեպքում սահմանվում է ավելի ցածր սակագին: Ի դեպ, մեր պետության շահերից է բխում այլընտրանքային էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ավելացումը, որտեղ արտադրողների շահերը մինչեւ վերջ պաշտպանվելու են օրենքով:Մենք աջակցելու ենք ձեզ առաջացած բոլոր խնդիրներում: Այնտեղ, որտեղ դուք նախատեսում եք ֆոտովոլտային կայանի կառուցումը, շատ մոտիկ է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերին, ինչը լրացուցիչ խնդիրներ չի առաջացնի: Դուք կարող եք ներդրումներ կատարել նաեւ քամու կայանների կառուցման ուղղությամբ, զբոսաշրջության կամ գյուղատնտեսության զարգացման ոլորտներում: Բոլոր դեպքերում, հավատացնում եմ, ստանալու եք մեր աջակցությունը»,-վստահեցրեց Գնել Սանոսյանը:
Լեւոն Թորոսն իր հերթին նշեց, որ այս հանդիպումով իր մոտ ցրվում են բոլոր կասկածներն ու մտահոգությունները, եւ որ ինքը հողի կարգի փոփոխությունից ու արտոնագիր ստանալուց հետո անպայման կձեռնարկի արեւային ֆոտովոլտային կայանի կառուցումը՝ դրան զուգահեռ մտածելով այլ կարեւոր ձեռնարկների մասին: «Մենք հայրենիքում ներդրումային ծրագրեր ենք իրականացնում արդեն շուրջ 15 տարի: Շատ ոլորտներում կարելի է իրականացնել կենսական նշանակության նախագծեր, սակայն դրա համար պետք է աշխատենք համատեղ ու ծրագրված, որպեսզի միասին բարձրացնենք ու զարգացնենք Հայաստանի տնտեսությունը, ապահովենք մեր ժողովրդի բարեկեցությունը: Շնորհակալություն այս հանդիպման համար»,-եզրափակեց Լեւոն Թորոսը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-22 17:03:41