Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Չինաստանի մեքենաշինական ինժեներական ընկերության ներկայացուցիչներին

01.11.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Չինաստանի մեքենաների ինժեներական ընկերության (China Machinery Engineering Company CMEC) Ներդրումների եւ ֆինանսների բաժնի գլխավոր տնօրեն Զանգ Զուին եւ «Ռոյալ Ֆրոնտ» միջազգային կազմակերպության էքսկլուզիվ մենեջեր եւ խորհրդի անդամ Սինա Ֆաթթահին եւ նրանց գլխավորած պատվիրակության անդամներին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գեղարքունիքի մարզում այլընտրանքային էլեկտրաէներգիայի արտադրության ուղղությամբ կատարվելիք ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հանդիպման սկզբում մարզպետը ներդրողներին ծանոթացրեց մարզի տնտեսական հնարավորություններին ու զարգացման հեռանկարներին, Հայաստանի Հանրապետության էներգետիկ քաղաքականությանը, օրենսդրությանը եւ ենթակառուցվածքներին, այս ոլորտում բիզնես ծավալելու հնարավորություններին: «Մեր մարզում այս պահին գործում են արեւային ֆոտովոլտային երկու կայան՝ մոտ 10 մեգավատ հզորությամբ: Շուտով կկառուցվի նաեւ 250 մեգավատ հզորության կայան Մեծ Մասրիկում: Հողմակայանների կառուցման հայտեր են ներկայացրել արտասահմանյան երեք ընկերություններ: Մենք շահագրգռված ենք, որպեսզի այլընտրանքային էներգիայի արտադրության ծավալները մարզում ավելանան, այս ոլորտում ներգրավվեն ավելի շատ ու ավելի խոշոր ներդրողներ: Ձեր արտադրած էներգիան ամբողջովին գնվելու է պետության կողմից, պետությունը միաժամանակ երաշխավորում է ձեր գործունեության անվտանգությունը եւ պայմանագրով սահմանված ժամկետները: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում մեր պետության քաղաքականությունը միտված է երկու ուղղությամբ: Առաջին ուղղությամբ խնդիր է դրված՝ ավելացնելու այլընտրանքային էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները, իսկ երկրորդ ուղղությամբ՝ հզորացնելու էներգետիկ ընդհանուր ցանցերը, որպեսզի արտադրվող էներգիան հնարավոր լինի կառավարել ու իրացնել: Մեր երկրում այժմ արտադրվող էլեկտրաէներգիայի ութսուն տոկոսը ստացվում է 3 խոշոր ջերմակայաններում ու ատոմակայանում՝ գազի եւ ուրանի հումքերի հաշվին, որոնք ներմուծվում են, ուստի մեր կառավարությունը չափազանց շահագրգռված է այլընտրանքային էներգիայի արտադրությամբ, որպեսզի կարողանա ավելի էժան ծախսերով արտադրված էներգիան ավելի շահավետ գներով արտահանել հարեւան երկրներ: Դուք այսօր կարող եք այցելել արդեն գործող արեւային կայաններ, կարող եք անձամբ դիտել այն հողատարածքները, որտեղ հնարավոր կլինի արտադրական գործունեություն ծավալել, կարող եք նաեւ հանդես գալ համապատասխան առաջարկներով, որոնք կներկայացվեն կառավարության ուշադրությանը: Ձեր համաձայնության դեպքում մենք կհաստատենք հուսալի համագործակցություն, իսկ դուք կստանաք բավարար աջակցություն՝ էներգետիկ ոլորտում բիզնես ծավալելու նպատակով»,-ներկայացրեց Գնել Սանոսյանը:
Չինաստանի մեքենաշինական ինժեներական ընկերության ներկայացուցիչները մանրամասնորեն հետաքրքրվեցին Հայաստանի էներգետիկ ռեսուրսներով, զարգացման հեռանկարներով, օրենսդրական դաշտով ու զարգացման ռազմավարությամբ՝ բարձրացված բոլոր հարցերի շուրջ մարզպետից ստանալով միանգամայն համոզիչ ու սպառիչ պատասխան: Հանդիպման ավարտից հետո միջազգային կազմակերպության պատվիրակության անդամներն այցելեցին Գավառի Արծվաքար թաղամասում գործող պանրի արտադրամաս, եղան Նորատուս եւ Շողակաթ համայքներում՝ ճանաչողական այցերի միջոցով հստակեցնելու իրենց ապագա ծրագրերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:44:02