Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելեց Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի շինարարական տեղամաս

01.11.2019

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառութցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 31-ին աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ՝ ծանոթանալու Շողակաթ-Վարդենիս միջպետական ճանապարհի Ծափաթաղ-Արեգունի 12,5 կիլոմետր երկարության հատվածի ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանի տեղեկացմամբ՝ շինարարական աշխատանքների իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է 1 միլիարդ 457 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են օգոստոս ամսից եւ արդեն մոտենում են ավարտին: Հոկտեմբերի 31-ի դրությամբ կատարվել է հիմքի եւ երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի կառուցում մոտ 11 կիլոմետր երկարությամբ: Մնացած մեկուկես կիլոմետրի վրա տեղադրվել է միաշերտ ասֆալտբետոնյա ծածկ, իսկ երկրորդ շերտը կտեղադրվի առաջիկա օրերի ընթացքում: Շինարարների հավաստմամբ՝ Ճանապարհաշինարարական աշխատանքներն ավարտված են ավելի քան 90 տոկոսով: Սուրեն Պապիկյանն իր գոհունակությունը հայտնեց ճանապարհաշինական աշխատանքների ընթացքից եւ որակից: «Գոհացնող են թե՛ շինարարական թափը, թե՛ բարձր որակը, այնպես որ մոտ ապագայում մենք հանդիսավոր կերպով բացելու ենք այն ճանապարհը, որը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Գեղարքունիքի մարզի, այլ նաեւ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների համար: Կառուցվող գրունտային ճանապարհահատվածը մշտապես գտնվում էր անբարեկարգ վիճակում, դժվարանցանելի էր տրանսպորտային կապի համար, ինչի արդյունքում Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերի տրանսպորտային հաղորդակցությունը շատ թույլ էր: Այս ճանապարհի կառուցումը ռազմավարական մեծ նշանակություն ունի, քանի որ այն Հայաստանի հյուսիսային մարզերը Արցախին կապող ամենակարճ ճանապարհն է: Այն խթանելու է նաեւ Սեւանա լճի հյուսիսային ու արեւելյան ափերին տեղակայված սահմանամերձ ու հեռավոր գյուղերի տնտեսական աշխուժացումը և զբոսաշրջության զարգացումը: Սեւանա լճի շուրջ ձգվող ավտոճանապարհի որոշ հատվածներ, այդ թվում եւ այս հատվածը նորոգելու առումով մենք ձեռքբերումներ ունեցանք, սակայն եկող տաևվա ընթացքում պետք է շարունակենք ու աստիճանաբար ավարտին հասցնենք նաեւ մյուս չնորոգված հատվածները» ,- նշեց Սուրեն Պապիկյանը: Նախարարը միաժամանքակ վստահեցրեց, որ 2020 թվականը եւս Գեղարքունիքի մարզի համար լինելու է ճանապարհաշինական լուրջ ձեռքբերումների տարի: «Այս պահին կոնկրետ թվերով չեմ կարող ասել, թե եկող տարում ճանապարհաշինական ինչպիսի ծավալներ կունենա Գեղարքունիքի մարզը, սակայն կարող եմ վստահեցնել, որ տրամադրվող միջոցները պակաս չեն լինի, քան ունեցանք 2019 թվականին, ինչի արդյունքում հիմնանորոգվել է միջպետական, հանրապետական ու ներհամայնքային նշանակության շուրջ 72 կիլոմետր երկարության ճանապարհ, ինչն աննախադեպ ցուցանիշ է»,-հավելեց նախարարը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39