Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունիում բացվեց գեղանկարիչ Արթուր Գասպարյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը

29.10.2019

Մարտունու ՏիգրանԱբրահամյանի անվան ավագ դպրոցի դահլիճում բացվեց գեղանկարիչ Արթուր Գասպարյանի թելային-լարային արվեստի (string art) գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը, Մարտունի քաղաքի արվեստասերներ, մտավորականներ, մանկավարժներ: Ցուցահանդեսում ներկայացված էր ավելի քան 60 աշխատանք, որոնք արվեստագետը ստեղծել է 6-7 ամիսների ընթացքում եւ հանրությանը ներկայանում է առաջին անգամ: Ցուցահանդեսը բացեց Մարտունու Տ.Աբրահամյանի անվան ավագ դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանը, նշելով, որ այն յուրօրինակ է եւ արվեստի այդ ուրույն տեսակը պետք է փոխանցվի սերունդներին :§Այս օրը խորհրդավոր է այնքանով, որքանով որ արվեստի այս ճյուղը, որը ներկայացվում է, բացառիկ է ոչ միայն մեր մարզում, այլ նաեւ Հայաստանում: Իսկ մենք առավել հպարտանում ենք Արթուրի ստեղծագործությամբ, մի անհատի, ով սովորել է մեր դպրոցում, այստեղ է կայացել որպես արվեստագետ ու այժմ էլ վերադարձել է մեր դպրոց՝ այս հիասքանչ արվեստը մեր աշակերտներին փոխանցելու նպատակով: Մենք նրան հատկացրել ենք արվեստանոց եւ խմբակի գործունեության համար համապատասխան տարածք: Եվ ես համոզված եմ, որ ոչ հեռու ապագայում մենք ականատես կլինենք նաեւ Արթուրի աշակերտների ցուցահանդեսների բացմանը¦,-նշեց Մարտունու ավագ դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանը :
«Երբ որոշ արտառոց դեպքերի մասին եմ լսում, անմիջապես մտածում եմ, որ տգեղ արարք կամ հանցանք գործած մարդու մեջ բացակայում է արվեստի հանդեպ սերը, որը պետք է անդադար մատուցել հանրությանը՝ մարդկանց մեջ բարության, գեղեցիկի հանդեպ սեր արթնացնելու համար: Գնահատելի է, որ Արթուր Գասպարյանը ոչ միայն այս հետաքրքիր արվեստի կրողն ու կերտողն է, այլ նաեւ նրա գաղտնիքները սերունդներին ուսուցանողը: Ես իմ աջակցությունն եմ հայտնում արվեստագետին, անելով հնարավորը, որպեսզի այս հրաշալի գործերը ճանաչելի դառնան շատերի կողմից»,-իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Քանդակագործ եւ գեղանկարիչ Արթուր Գասպարյանին ճանաչում եմ շատ վաղուց ու միշտ զարմացել եմ նրա համբերատարության, համառ կամքի վրա: Նա տարիներ առաջ մի խաչքար կերտեց, որի աշխատանքներն ավարտեց երկու տարում՝ ստեղծելով արվեստի անկրկնելի գլուխգործոց: Այս աշխատանքները եւս պահանջել են կամք, միտք, համառություն: Ես ափսոսում եմ, որ մենք մեր արվեստը, նրա կերտողներին պատշաճորեն չենք կարողանում գնահատել, ճանարեչելի դարձնել այնպես, որ այս հիասքանչ ստեղծագործությունները տարածվեն ու գնահատվեն մեր մարզի ու հանրապետության սահմաններից դուրս»,-նշեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:
«Արթուր Գասպարյանին դասավանդելու, ապա նրա հետ աշխատելու երջանկությունն ունեցել եմ, խորությամբ գիտեմ նրա արվեստը, սակայն այսօրվա տեսածը ինձ առավել զարմանք ու հիացմունք են պատճառում: Ես արտանկարչություն շատ եմ արել ու գիտեմ, թե որքան բարդ է համաշխարհային հանճարներին ընդօրինակելը, որտեղ յուրաքանչյուր գիծ ու պատկեր ստանալու համար հարկավոր է կամքի հզոր ուժ, վարպետություն: Արթուրի աշխատանքներին հիմա ոչ միայն հիացած եմ նայում, այլ նաեւ բարի նախանձով, քանի որ այստեղ ոչ միայն գրաֆիկան է, այլ նաեւ՝ յուրօրինակ փիլիսոփայությունը, գույների ու պատկերների սքանչելի համադրումը»,-իր գնբահատականը ներկայացրեց գեղանկարիչ, ՀՀ քանդակագործների եւ նկարիչների միության անդամ Արամայիս Խլղաթյանը :
«Այս աշխատանքները ես ստեղծել եմ վերջին յոթ ամիսների ընթացքում, սակայն դրանք ձգվում են մինչեւ իմ մանկության, դպրոցական տարիների ակունքներ, երբ ես տարված էի երկրաչափությամբ, գծագրությամբ, նկարչությամբ ու զարդարվեստով: Երկար տարիների մտահղացման արդյունք է այս ամենը: Աշխատանք կա, որ ավարտել եմ մեկ շաբաթվա ընթացքում: Այս արվեստը որքան որ ինձ, նույնչափ էլ ձեզ՝ նրա գնահատողներին է պատկանում»,-իր շնորհակալական խոսքում նշեց Արթուր Գասպարյանը:
Ապա ներկաները երաժշտության հնչյունների ներքո դիտեցին Արթուր Գասպարյանի թելային-լարային արվեստի գրաֆիկական աշխատանքները: Ցուցահանդեսը բաց է մինչեւ նոյեմբերի 2-ը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30