Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիկ գյուղում սուբվենցիոն ծրագրերի ընթացքը դիտարկեց Գեղարքունիքի մարզպետը

29.10.2019

Հոկտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Վարդենիկ համայնք՝ ծանոթանալու այստեղ իրականացվող սուբվենցիոն չորս ծրագրերի ընթացքին: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տեղեկություններով՝ սուբվենցիոն առաջին ծրագրով, որի պայմանագրային արժեքը կազմում է 252 միլիոն 364 հազար դրամ, նախատեսվում է ասֆալտապատել գյուղի 9 փողոց՝ շուրջ 6 կիլոմետր երկարությամբ եւ 27 հազար 650 քառակուսի մետր մակերեսով: Պայմանագրային արժեքի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով հիմնանորոգվում է գյուղի խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարը եւ 80 դիտահորեր՝ իրենց փականներով ու այլ սարքավորումներով: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 18 միլիոն 200 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն մեկ ամսից, որից հետո Վարդենիկում հիմնովին կկարգավորվի խմելու ջրի մատակարարումը:
Սուբվենցիոն երրորդ ծրագրով հիմնանորոգվում է գյուղի ինքնահոս ոռոգման հողաշեն ջրատարի՝ 12 կիլոմետր երկարություն ունեցող «Սարի առվի» առավել վնասված հատվածները՝ 296 գծամետր երկարությամբ, որտեղ պետք է տեղադրվեն երկաթյա խողովակներ՝ կորուստները վերացնելու նպատակով: Նախատեսված է նաեւ ջրթողի կառուցում: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 34 միլիոն 800 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն մինչեւ նոյեմբեր ամիսը:
Սուբվենցիոն չորրորդ ծրագրով ընթանում է լուսավորության նոր ցանցի կառուցում եւ գործող ցանցի վերափոխում լեդ համակարգով: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 24 միլիոն 75 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Նորաստեղծ թաղամասերում կառուցվելու է մոտ 6,5 կիլոմետր երկարության լուսավորության ցանց՝ 186 հատ լուսատուներով: Լեդ համակարգով է փոխարինվելու 172 լուսատու՝ շուրջ 6 կլիոմետր երկարությամբ՝ էներգախնայողության նպատակով: Շինարարական աշխատանքները կավարտվեն մեկ-մեկուկես ամսվա ընթացքում:
«Վարդենիկում այժմ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 337 միլիոն դրամ, որից 128 միլիոնը ներդրվել է Վարդենիկի համայնքապետարանի կողմից: Գյուղի համար շատ կարեւոր, կենսական նշանակության այնպիսի խնդիրներ են կարգավորվում, որոնք իրենց լուծմանն են սպասել տասնամյակներով: Եկող տարում եւս , համոզված եմ, սուբվենցիոն նոր ծրագրերի հաշվին կկարգավորենք նաեւ մյուս առաջնահերթ հիմնահարցերը»,-նշեց համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը:
Մարզպետ Գնել Սանոսյանն իր գոհունակությոնը հայտնեց շինարարական աշխատանքների ընթացքից ու որակից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-22 17:03:41