Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառում անցկացվեց ավանդական «Մեծ փուռ – 2019» փառատոնը

28.10.2019


Գավառի քաղաքային զբոսայգում անցկացվեց «Մեծ փուռ – 2019» փառատոնը՝ «հյուրասիրում են քյավառցիները» խորագրով: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ու Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ, Գավառի տարածաշրջանի բնակիչներ, հյուրեր Երեւանից ու Հայաստանի այլ մարզերից, արտասահմանցի զբոսաշրջիկներ: Փառատոնի ընթացքում ցուցադրվեց մարզի գյուղատնտեսական արտադրանքի տեսականին։ Փառատոնի մասնակիցները շրջեցին տաղավարներում, համտեսեցին առաջարկվող տեսականին եւ զրուցեցին արտադրողների հետ։ Փառատոնը կազմակերպել էին Գեղարքունիքի մարզպետարանը եւ Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության Գավառի տարածքային գրասենյակը։
Ինչպես ներկայացրին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից՝ փառատոնի կազմակերպումը դարձել է հաճելի ավանդույթ եւ խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքը։ Այն իրականացվում է 5-րդ տարին անընդմեջ: Առանձին տաղավարներում Գեղարքունիքի մարզի համայնքներն ու ֆերմերները ներկայացնում էին իրենց արտադրանքը։ Կազմակերպվել էր նաեւ ձեռքի աշխատանքների ցուցադրություն, ներկայացվել նաեւ կարտոֆիլից պատրաստած տարբեր կերակրատեսակներ:
«Կարտոֆիլը մեր մարզի գյուղատնտեսական արտադրանքի գլխավոր այցեքարտն է, որի արտադրությամբ զբաղված են հազարավոր տնտեսություններ։ Կարտոֆիլից պատրաստվում է մինչեւ 40 կերակրատեսակ, որոնց մեջ առանձնահատուկ համ ունի մեր ավանդական փուռը։ Այս փառատոնի շնորհիվ տարեցտարի ավելանում է ցանի մեջ եփված կարտոֆիլը համտեսող հյուրերի թիվը, մեծանում կարտոֆիլից պատրաստվող կերևակրատեսակների հանդեպ հետաքրքրությունը»,-փառատոնի բովանդակոթւյունն առանձնացրեց Գեղարունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Փառատոնի կազմակերպման կարևորությունը ընդգծեցին նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Գավառի տարածքի համայնքապետարանների աշխատակիցները, նշելով , որ այն նպաստում է տուրիզմի եւ տնտեսության զարգացմանը:
Փռնչիներն էլ պատրաստում էին փռի կարտոֆիլը. Նրանք սրտաբաց հյուրասիրում էին ներկաներին։ Կազմակերպվել էր նաեւ «Լավագույն փռնչի» մրցույթ։ Վաճառվող պիտակների միջոցով մասնակիցները կարող էին քվեարկել տարբեր անվանակարգերում ընդգրկված իրենց նախընտրած փռնչու օգտին: Կազմակերպիչների հավաստմամբ՝ պիտակների վաճառքի գումարն ուղղվելու է Սարուխան համայնքի երկարօրյա կենտրոնի ստեղծմանը:
Փառատոնով տպավորված էին հատկապես գավառ այցելած հյուրերն ու զբոսաշրջիկները:
Փառատոնն ուղեկցվեց Գեղարքունիքի մարզի համայնքների պարային ու երաժշտական համույթների, ինչպես նաեւ անհատ կատարողների գեղարվեստական ելույթներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-22 17:03:41