Նորություններ
Համատեղ ուժերով փորձելու են դուրս բերել Գեղարքունքի մարզին ապագայում անհրաժեշտ մասնագիտությունները
28.10.2019
Հոկտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ընդունեց ՄԱԿ-ի «Ապագա հմտություններ եւ մասնագիտություններ» ծրագրի պատասխանատուներին: Հանդիպման հիմնական նպատակը ՄԱԿ-ի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզում իրականացվող աշխատանքների ուրվագծումն էր եւ տնտեսության զարգացման առաջնահերթ ոլորտի ընտրությունը: «Մենք համագործակցում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների, ինչպես նաեւ մարզպետարանների հետ: Յուրաքանչյուր մարզի համար մենք պետք է ընտրենք մեկ գերակա ոլորտ, որպեսզի համատեղ ուրվագծենք 2020 թվականի աշխատանքները»,-նշեց «Ապագա հմտություններ եւ մասնագիտություններ» ծրագրի պատասխանատու Հասմիկ Սողոմոնյանը: Մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը շեշտեց, որ մարզի զարգացման համար գերակա համարվող գյուղատնտեսության, տուրիզմի ու այլընտրանքային էներգիայի արտադրության ոլորտներից բացի կարեւոր են նաեւ մի շարք այլ ոլորտներ, որտեղ հարկավոր է ներդնել կրթական ծրագրեր՝ մեր տնտեսության մեջ ապագա հմտություններ ու մասնագիտություններ ապահովելու համար: «Մենք հիմա ունենք անասնաբույժների կարիք, մինչդեռ այդ ուղղությամբ շատ քչերն եւ ուզում մասնագիտանալ: Նույնը անասնաբույծների, գյուղատնտեսների պարագայում է: Իսկ առանց մասնագետների դժվար է պատկերացնել գյուղատնտեսության զարգացումը: Նույնիսկ կարելի է գյուղատնտեսական նշանակության մասնագիտությունների հանդեպ մարդկանց մոտ սեր արթնացնել դպրոցական տարիներից: Կարեւոր ենք համարում նաեւ ՏՏ ոլորտը, որտեղ ունենք առանձնակի ձեռքբերումներ: կարծում եմ, որ մենք ապագա քննարկումների ընթացքում կգանք համատեղ եզրահանգման»,-ասաց մարզպետի տեղակալը: