Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն եւ Մադինա համայնքներում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

23.10.2019

Հոկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն եւ Մադինա համայնքներ՝ դիտարկելու սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տվյալներով՝ Ներքին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի հաշվին ասֆալտապատվում է թվով 13 փողոց, կառուցվում 1 կիլոմետր երկարության գազատար 5 տարբեր թաղամասերում եւ արտաքին լուսավորվածության , 2491 գծամետր երկարության խմելու, 988 գծամետր երկարության ոռոգման ջրատարների ներքին ցանցեր: Ասֆալտապատման ծրագրի շինարարության պայմանագրային արժեքը կազմել է 292 միլիոն 892 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ներքին Գետաշենի գյուղապետարանը: Ասֆալտապատվել է 5413 գծամետր երկարության ճանապարհ՝ 21 հազար քառակուսի մետր մակերեսով: Ասֆալտապատման աշխատանքները մոտեցել են ավարտին: Գազատարի շինարարության պայմանագրային արժեքը կազմել է 13 միլիոն 250 հազար դրամ, որի 65 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի առաջին օրերին եւ կավարտվեն առաջիկա երկու ամիսների ընթացքում: Արտաքին լուսավորության ցանցի կառուցման ընդհանուր արժեքը կազմել է 42 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը: Ծրագրի իրականացման շինարարական մրցույթը կայացած է, աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում: «Այս տարի ՀՀ կառավարության կողմից Ներքին Գետաշենի համար հաստատված սուբվենցիոն 5 ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 398 միլիոն դրամ: Ասֆալտապատ ճանապարհները տարեցտարի ավելանում են մեզ մոտ, ու այս ծրագրի ավարտից հետո կարելի է ասել, որ կիսով չափ արդեն ունենում ենք բարեկարգ, ասֆալտապատ եւ լուսավորված փողոցներ, որոնք հարում են կենտրոնական ճանապարհին: Սա մեզ հնարավորություն կտա, որպեսզի հետագա տարիներին մտածենք նաեւ ծայրամասային փողոցները բարեկարգելու եւ ասֆալտապատելու մասին: Գազատարի կառուցումը եւս օրախնդիր հարց էր, քանի որ հինգ տարբեր թաղամասերի նորակառույց բնակարանները զրկված էին բնական գազից օգտվելու հնարավորությունից: Կառուցելու ենք նաեւ 6 կիլոմետր երկարության լուսավորության ցանց, որից կօգտվեն թվով 18 թաղամասի բնակիչներ: Այս կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար մեր համայնքի բնակչության անունից մեր երախտագիտությունն են հայտնում ՀՀ կառավարությանն ու անձամբ մարզպետ Գնել Սանոսյանին, ում ջանքերի ու բարի կամքի շնորհիվ մենք ունեցանք այս ձեռքբերումը: Այսպիսի շինարարական ծավալներ Ներիքն Գետաշենն իր պատմության ընթացքում չէր ունեցել: Մինչեւ տարեվերջ բոլոր ծրագրերը կավարտվեն»,- ներկայացրեց Ներքին Գետաշեն համայնքի ղեկավարը: Գնել Սանոսյանն այցելեց նաեւ Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի շինհրապարակ, որտեղ այժմ պետբյուջեի միջոցներով ընթանում է դպրոցական նոր մասնաշենքի կառուցումը:
Վերին Գետաշեն համայնքում մարզպետը դիտարկեց սուբվենցիոն երկու ծրագրերի իրականացման ընթացքը: ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում 2 թաղամասերի 5 փողոցներում՝ 1200 գծամետր երկարությամբ եւ 6200 քառակուսի մետր մակերեսով: Շինարարության պայմանագրային արժեքը կազմել է 60 միլիոն 480 հազար դրամ, որի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց 2477 գծամետր երկարությամբ: Շինարարության պայմանագրային արժեքը կազմել է 33 միլիոն 123 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը:Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերից եւ կավարտվեն մինչեւ տարեվերջ: «Ասֆալտապատվող ճանապարհների եզրերի ջրահեռացման համակարգերն էլ եթե հաշվենք, որտեղ տեղադրվել եւ վերատեղադրվել է 510 գծամետր կիսախողովակ, ապա ստացվում է, որ համայնքում կառուցվող ոռոգման ներքին ցանցի երկարությունը հասնում է 3 կիլոմետրի: Այն մի կողմից կրճատելու է ջրի կորուստները, մյուս կողմից՝ պաշտպանում համայնքային ճանապարհները քայքայումից»,-ներկայացրեց համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանը: Գնել Սանոսյանը զրուցեց շինարարների եւ բնակիչների հետ:
Մարզպետի այցի վերջին կանգառը Մադինա համայնքում էր, որտեղ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շինարարական աշխատանքներ են ընթանում ոռոգման ջրատարի ներքին եւ գիշերային լուսավորության ցանցերի կառուցման ուղղությամբ: Սուբվենցիոն առաջին ծրագրով կառուցվում է գյուղի 5 թաղամասերով անցնող ոռոգման ջրատարի ներքին ցանցը երկաթյա կիսախողովակներով եւ 940 մետր երկարությամբ: Շինարարությունը սկսվել է օգոստոսի կեսերից եւ արդեն գտնվում է ավարտական փուլում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 22 միլիոն 238 հազար դրամ, իսկ շինարարական մրցույթը շահվել է 12 միլիոն 990 հազար դրամով : Գումարի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մադինայի համայնքապետարանը:
Սուբվենցիոն երկրորդ ծրագրով գյուղի 5 թաղամասերում կառուցվել է գիշերային լուսավորվածության ցանց՝ մոտ 2 կիլոմետր երկարությամբ: Տեղադրվել է 53 լուսատու: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 8 միլիոն 419 հազար դրամ, իսկ շինարարական մրցույթը շահվել է 5 միլիոն 664 հազար դրամով: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսին եւ մոտեցել են ավարտին: Այցի արդյունքներն ամփոփեց մարզպետ Գնել Սանոսյանը: «Մարզում իրականացվող 103 սուբվենցիոն ծրագրերը հոկտեմբերի 22-ի դրությամբ իրականացված են մոտ 60-70 տոկոսով: Որոշ ծրագրերի ընթացքը դանդաղել է ամենատարբեր պատճառներով, որոնց շուրջ առաջացած խոչընդոտները փորձում ենք հաղթահարել: Առանձնակի ուշադրություն ենք դարձնում շինարարության որակի վրա, տալիս համապատասխան ցուցումներ՝ նկատված թերությունները ժամանակին շտկելու համար: Կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ մենք կավարտենք մեր ծրագրերի հիմնական մասը:Ձմռան ընթացքում մենք սուբվենցիոն նոր ծրագրերի փաստաթղթային մասերը կապահովենք, որպեսզի գարնանից ժամանակին կարողանանք տալ շինաշխատանքների մեկնարկը: Իսկ եկող տարում մենք ունենալու ենք կապիտալ շինարարության շատ ավելի մեծ ծավալներ »,-վստահեցրեց մարզպետ Գնել Սանոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06