Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունի գյուղի խնձորի ինտենսիվ այգին տվել է իր առաջին բերքը

21.10.2019

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի բնակավայրում մեկ տարի առաջ հիմնված 2 հեկտար ինտենսիվ այգում այժմ ընթանում է առաջին բերքահավաքը: Ինչպես տեղեկացրեց գյուղի բնակիչ, ինտենսիվ այգու նախաձեռնող ու հիմնադիր, «Ատֆրուիդ» ՍՊԸ տնօրեն Թաթուլ Դումանյանը, այգին արդեն ապահովված է հակակարկտային ցանցերով ու կաթիլային ոռոգման համակարգով: Այգում աճեցվել է «տոպազ», «ֆլորինա», «յոնապրինց», «թեզեր», «ռեանդա» տեսակների 2500 խնձորենի, որոնք հիմնականում տվել են իրենց առաջին բերքը: Այգու ստեղծման համար Դումանյան ընտանիքը ներդրել է մոտ 45 միլիոն դրամ: Այգու ստեղծմամբ բացվել է 5 մշտական եւ 15 սեզոնային աշխատատեղ: Կազմակերպությունը միաժամանակ ստեղծել է տնկարանային տնտեսություն՝ ստացված նոր ու բարձրորակ տնկիների տեսակները այգեգործական կամ անհատական տնտեսություններին տրամադրելու նպատակով: «Բոլոր տնկանյութերը բերվել են Ավստրիայից ու Գերմանիայից, իսկ պատվաստումը կատարվել է տեղում՝ կլիմայավարժեցում ապահովելու նպատակով: Պահպանել ենք ծառերի ցածրաճ վիճակը՝ որակյալ ու ապրանքային բերք ապահովելու համար: Մեկ ծառից ակնկալում ենք մինչեւ 50 կիլոգրամ բերք: Այժմ հավաքում ենք առաջին բերքը՝ մեկ ծառից ստանալով մինչեւ 5-10 կիլոգրամ:Այգեգործությամբ զբաղվելու իմ հիմնական նպատակն է՝ դրսից ներմուծված խնձորի ու տանձի ծառատեսակների կողքին պահպանել ու զարգացնել մեր տեղական սորտերը, որոնք հրաշալի համ ու պահանջարկ ունեն: Մեր տնկարանում մենք դրսից բերված տնկանյութի վրա կատարել ենք տանձի, խնձորի, կեռասի, ծիրանի, սալորի եւ դեղձի պատվաստ՝ ստանալով որակյալ տնկիներ, որոնք հանել ենք վաճառքի: Մտադիր ենք ընդարձակել տնկարանի տարածքը եւ փորձնական քայլեր կատարել խաղողագործության ուղղությամբ: Ինտենսիվ այգու մշակության համար ձեռք ենք բերել տեխնիկաներ, մտադիր ենք ստեղծել խնձորի օղու եւ գինու թորման արտադրություններ: Եթե մեր սպասելիքներն արդարանան, ապա կմտածենք այգու տարածքն ընդարձակելու, արտադրության ծավալներն ավելացնելու մասին», -ներկայացրեց Թաթուլ Դումանյանը: Ինտենսիվ այգու տարածքում այս տարի մշակվել է բանջարաբոստանային մշակաբույսեր՝ լոլիկ, վարունգ, պղպեղ, կաղամբի մի քանի տեսակներ, լոբի, բազուկ, որոնց սածիլներն աճեցվել են Դումանյան ընտանիքի կողմից: «Սա նաեւ ընտանեկան բիզնեսի հաջողված օրինակ է: Ինձ նեցուկ են կանգնում ընտանիքիս անդամները՝ կինս, նրա հայրն ու մայրը: Մենք մեր ամենօրյա աշխատանքով ուզում ենք բարիք քամել մեր հողից՝ օգտագործելով բնությունից մեզ պարգեւ տրված բոլոր հնարավորությունները: Մեր հաջող փորձից հետո Մարտունի գյուղում եւս երկու ընտանիք ինտենսիվ այգի ստեղծելու քայլեր են ձեռնարկում այժմ: Արդեն տեղաշարժ է նկատվում մեր գյուղում հողի մշակությունն աշխուժացնելու, գյուղատնտեսությունը զարգացնելու առումով: Մեր ձեռք բերած տեխնիկայով ֆրեզել ենք նախկինում չմշակված վարելահողերը, որոնց վրա արդեն տնտեսությունները 30 հեկտար աշնանացան են կատարել: Հետխորհրդային տարիներին մեր գյուղի պատմության մեջ նման բան չէր եղել: Ուզում եմ կոտրել այն կարծրատիպերը, որ իբր մեր տարածքը, մեր կլիման թույլ չեն տալիս՝ բազմաթիվ այլ մշակաբույսեր ստանալու: Այդ պատճառով մեր այգում պտուղներից բացի աճեցնելու եմ նաեւ խաղող, բանջարեղենների բոլոր տեսակները, որպեսզի մարդիկ համոզվեն, որ կարելի է այս հողի վրա ստեղծել բարեկեցիկ կյանք ջանադիր աշխատանքով» , -եզրափակեց Թաթուլ Դումանյանը:
Խնձորի ինտենսիվ այգու հիմնադրման ծրագիրը ներկայացվել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» տնտեսական համաժողովում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:55:21