Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց Մարտունի քաղաքի տոնը

14.10.2019

Հոկտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչները տոնական տրամադրության մեջ էին՝ մի շարք միջոցառումներով նշելով իրենց բնակավայրի հիմնադրման 189-րդ տարեդարձը: Տոնին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներ, հյուրեր, քաղաքի բազմաթիվ բնակիչներ:
Տոնակատարությունը, որը նշվում է ավանդաբար, այս տարի համընկել էր Սուրբ Թարգմանչած տոնի հետ: Այն սկսվեց Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ Թարգմանչաց տոնի խորհուրդը ներկայացրեց եւ մարտունեցիներին շնորհավորեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Սիմոն քահանա Մկրտչյանը: Այնուհետ տոնակատարությունը շարունակվեց քաղաքի Մյասնիկյանի անվան հրապարակում: Օրհնության կարգ կատարեց Տեր Սիմոն Քահանա Մկրտչյանը, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը: Նա նշեց,որ 1830 թվականին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից 60, այդ թվում՝ Մանկասար գյուղից 42 ընտանիք, գաղթեցին Արեւելյան Հայաստան եւ բնակություն հաստատեցին Սեւանա լճի ափին, Ներքին Կզնուտ գյուղում: «189 տարվա ընթացքում հայրենասեր եւ աշխատավոր մարտունեցիների ջանքերով Ներքին Կզնուտ գյուղը վերածվեց շեն ու բազմամարդ, հզոր Մարտունի քաղաքի: Ինչո՞վ ենք մենք այսօր հատկապես հպարտ. Նրանով, որ ամենաշատը մեր մանկապարտեզներն ու դպրոցներն են երեխաներով ու աշակերտներով ծանրաբեռնված, նրանով, որ ամենաշատ նորակոչիկներ Հայոց բանակին մենք ենք տալիս: Եթե մենք հարուստ ենք մարդկային ռեսուրսներով, ապա կզարգանանք ու կզորանք նաեւ ջանադիր աշխատանքով, կստեղծենք ու կարարենք՝ սրբորեն պահելով մեր մեր լեզուն, մշակույթը, ավանդույթները, պետականությունը: 189 տարիների ընթացքում Մարտունին հայրենիքին տվել է մտավորականների, գիտնականների, մշակույթի ու արվեստի գործիչների, մանկավարժների, բժիշկների, հողի վաստակաշատ աշխատավորների ու արհեստավորների մի կուռ համաստեղություն: Ու այսօր էլ շարունակվում է մեր անկանգ երթը»,- նշեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը: Նա շնորհակալագրերով պարգեւատրեց Մարտունի քաղաքի բնակիչներ Արմեն Վարդանյանին եւ Հուսիկ Հոխանյանին, ովքեր այժմ ապրելով արտերկրում, մշտապես աջակցում են համայնքային ծրագրերի իրականացմանը:
Շնորհավորելով մարտունեցիներին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը վստահեցրեց, որ բոլոր խնդիրները ժամանակին կլուծվեն: «Ես ուզում եմ հավատացնել, որ Մարտունի քաղաքում քայլ առ քայլ, մեր համատեղ ջանքերով լուծում կստանան բոլոր հիմնախնդիրները: Ես էլ համարում եմ, որ մեր աշխարհի ամենաթանկ կապիտալը դա մարդկային ռեսուրսն է, ինչով հարուստ է Մարտունին: Մեր միասնականությամբ ու ոգեւորությամբ մենք նորովի կկերտենք մեր աշխարհը»,-շնորհավորանքի խոսքում նշեց մարզպետը: Այնուհետև միջոցառման մասնակիցները շրջեցին հրապարակում տեղադրված տաղավարներով, դիտեցին քաղաքի կրթամշակութային կազմակերպությունների սաների եւ աշակերտների աշխատանքները, ունկնդրեցին նրանց գեղարվեստական կատարումները, համտեսեցին մարտունեցիների պատրաստած ավանդական ուտեստները, այգիներում աճեցրած պտուղներն ու բանջարեղենը, փռում եփված կարտոֆիլը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06