Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիսի հիվանդանոցում իրականացվել է բարեգործական հերթական ձեռնարկը

10.10.2019

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցում «Ֆիլանտրոպի Արմենիա» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ այս տարվա ընթացքում իրականացվել է բարեգործական երկրորդ ձեռնարկը. Հիվանդանոցն ապահովվել է արեւային էլեկտրակայանով՝ 5 կիլովատ ժամ հզորությամբ: Այս մասին հայտնեց «Ֆիլանտրոպի Արմենիա» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ, մասնագիտությամբ բժիշկ Մարիա Ազիզյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ հանդիպման ընթացքում: Ինչպես ներկայացրեց Վարդենիսի հիվանդանոցի տնօրեն Շահեն Շահինյանը, «Ֆիլանտրոպի Արմենիա» կազմակերպությունը Վարդենիսի հիվանդանոցում բարեգործական առաջին ձեռնարկն իրականացրել է այս տարվա հունիսի ընթացքում՝ ձեռք բերելով եւ տեղադրելով բիոքիմիական ապարատ: Բարեգործական ձեռնարկները Վարդենիսի հիվանդանոցում ունենալու են շարունակություն, քանի որ կազմակերպությունն իր առջեւ խնդիր է դրել՝ փուլ առ փուլ արդիականացնել սահմանամերձ ու հեռավոր տարածքի հիվանդանոցը: «Երկու ծրագիր արդեն իրականություն է դարձել: Մենք ծրագրում ենք հաջորդ փուլում այստեղ շահագործել վերելակ, ձեռք բերել ու տեղադրել ուլտրաձայնային ապարատ ու արեւային էլեկտրակայանի հզորությունը հասցնել 75 կիլովատ ժամի: Բուժհաստատության շենքային պայմանների բարելավման ու տեխնիկական վերազինման հետագա խնդիրները եւս կգտնվեն մեր ուշադրության կենտրոնում»,-հավաստիացրեց Մարիա Ազիզյանը: Ողջունելով կազմակերպության բարեգործական ձեռնարկները՝ մարզպետ Գնել Սանոսյանը հայտնեց իր աջակցությունը սպասվելիք մյուս ձեռնարկներում: «Դուք հանդես եք եկել բավականին ողջունելի ու մարդասիրական նախաձեռնությամբ, ինչի արդյունքում աստիճանաբար բարելավվում է վիճակը Վարդենիսի հիվանդանոցում: Մենք ձեզ աջակից ենք լինելու բոլոր ձեռնարկներում»,-հավաստեց մարզպետը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59