Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը մարզի ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները ներկայացրեց ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում

09.10.2019

Հոկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային հանդիպում անցկացրեց Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում: Բացելով հանդիպումը՝ ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչ Արսեն Գրիգորյանը նշեց, որ հանդիպմանը մասնակցում են ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները եւ շրջանավարտները, ովքեր պատասխանատու պաշտոններ են վարում հանրային կյանքի տարբեր ոլորտներում: «Մենք անչափ հպարտանում ենք, որ մեր շրջանավարտներն աչքի են ընկնում ոչ միայն ուսման մեջ, այլ նաեւ հանրային կյանքի պատասխանատու ոլորտներում՝ իրենց ձեռք բերած գիտելիքներով մասնակցելով հայրենաշինությանը: Այստեղ են մեր նախկին ուսանողները, ովքեր որոշել են հանդիպել իրենց ֆակուլտետում ավարտելուց 15 տարի անց՝ կիսվելու իրենց հույզերով ու տպավորություններով: Նրանցից յուրաքանչյուրը հայրենանվեր աշխատանք է կատարում՝ բարձրացնելով մեր բուհի ու ֆակուլտետի անունը: Սակայն ուզում եմ նրանց կողքին առանձնացնել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին եւ Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանին, ովքեր այսօր կարեւոր դերակատարություն ունեն պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում»,-նշեց Արսեն Գրիգորյանը:
Հանդես գալով դասախոսությամբ՝ մարզպետ Գնել Սանոսյանը ներկայացրեց Գեղարքունիքի մարզի ձեռքբերումները, առկա հիմնախնդիրները եւ դրանց լուծման ճանապարհները, մարզի զարգացման գերակա ուղղությունները: Մարզպետը միաժամանակ կոչ արեց ուսանողներին՝ ստանալ լիարժեք կրթություն ու այն ծառայեցնել մեր հայրենիքի զարգացման կարիքներին: «Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս Երեւանի պետական համալսարանի հիմնադրման մեկդարյա հոբելյանի առթիվ:Մայր բուհը մեր հայրենիքին տվել է աշխարհահռչակ գիտնականներ, անգնահատելի դեր խաղացել մեր գիտության, մշակույթի, գրականության, տնտեսության զարգացման մեջ: Եվ այսօր մեր երկրում որքան էլ շատ բուհեր բացվեն ու ներկայանան իրենց կարեւորությամբ, այդուհանդերձ, Մայր բուհը միշտ լինելու է միակն ու բացառիկը, եւ ես հպարտ եմ, որ կրել եմ այդ բուհի ուսանողը լինելու պատիվը:Այն գիտելիքը, որ ինձ տվել է այս համալսարանը, ինձ անչափ օգնում է մարզպետի բարդ ու պատասխանատու աշխատանքում: Սովորեք ջանասիրաբար ու կհամոզվեք, որ ձեռք բերած գիտելիքները ձեզ անչափ պետք են գալու կյանքի յուրաքանչյուր ժամանակահատվածում»,-շեշտեց մարզպետը:
Գնել Սանոսյանն այնուհետ կանգ առավ մարզպետի ինստիտուտի կարեւորությանը, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման ոլորտում սպասվող բարեփոխումներին, մարզի ձեռքբերումներին ու առկա հիմնախնդիրներին, դրանց կարգավորմանը: «Մարզպետի աշխատանքը ծանրաբեռնվածությամբ ու բնույթով նման է վարչապետի աշխատանքին, քանի որ մարզպետարանն է մարզերում կյանքի կոչում կառավարության կողմից ընդունված բոլոր որոշումները: Այնպես որ, մարզպետի ինստիտուտը մեր երկրում գոնե այս պահին շատ մեծ դերակատարություն ունի ու շատ կարեւոր գործառույթներ է իրականացնում: Ինչ վերչաբերում է մարզի ձեռքբերումներին իմ պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում, ապա պետք է համոզված ասեմ, որ մեր մարզի վիճակը երբեք այսքան լավ չի եղել, ինչի մասին փաստում են թվերը: Այսպես, 2018 թվականին մարզպետարանի կողմից մարզում իրականացված սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության ծրագրերի ծավալնեը կազմել են 952 միլիոն դրամ, մինչդեռ այս տարի դրանք հասնում են 5,5 միլիարդ դրամի, իսկ մյուս գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի արդյունքում մարզում իրականացվող կապիտալ շինարարության ծավալները հասնում են 10 միլիարդ դրամի: Միայն ճանապարհաշինության ոլորտում ներդրվել է 6,1 միլիարդ դրամ, ինչի արդյունքում մենք ասֆալտապատում ենք 72 կիլոմետր երկարության միջպետական, հանրապետական ու համայնքային նշանակության ճանապարհներ: Համեմատական կարգով ասեմ, որ 2017 թվականին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում միասին վերցրած հիմնանորոգվել է ընդամենը 68 կիլոմետր ճանապարհ: Շատ կարեւոր էր Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի 12,5 կիլոմետր գրունտային ճանապարհի ասֆալտապատումը, որով արդեն Հայաստանի հյուսիսային մարզերն ու Ջավախքն ամենակարճ ճանապարհով կապվում են Արցախին: Այն խթանելու է նաեւ Սեւանա լճի հյուսիսարեւելյան ափերի գյուղական բնակավայրերի զարգացմանը, զբոսաշրջության ակտիվացմանը: Հավելեմ, որ այս ճանապարհահատվածի ասֆալտապատումը չէր հաջողվել իրականացնել անգամ Խորհրդային Միության օրոք:Մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ուժեղացրել ենք համայնքային ենթակառուցվածքները՝ կառուցելով ոռոգման ու խմելու ջրամատարարման համակարգեր, լուսավորվածության ցանցեր: Մի շարք համայքներում իրականացվում են մշակույթի տների եւ մանկապարտեզների շենքերի կառուցման կամ հիմնանորոգման աշխատանքներ: Սա իրականությունն է, մինչդեռ որոշ լրատվամիջոցներ ամեն ինչ ներկայացնում են սեւ գույների մեջ, աղավաղված, միայն իշխանությունների գործունեությունը փնովելով ու թերությունները մատնանշելով: Այո, մենք լավ տեսնում ենք մեր թերությունները, գնահատում դրանք ու անում անհրաժեշտ հետեւություններ: Պարզապես բոլոր ոլորտներում անչափ շատ են կուտակված հիմնախնդիրները, որոնց կարգավորման համար թե՛ միջոցներ, թե՛ ժամանակ է անհրաժեշտ: Բոլորիդ կոչ եմ անում՝ լցվել լավատեսությամբ ու համոզվել, որ մեր երկրում իրավիճակը երբեք այսքան լավ չի եղել, իսկ վաղը շատ ավելի լավ է լինելու»,-հավաստիացրեց բանախոսը:
Ապա Գնել Սանոսյանին ուղղվեցին բազմաբնույթ հարցեր՝ կապված մարզպետարանի օպտիմալացման, մարզի զարգացման գերակա ուղղությունների, տնտեսության մեջ կատարվող ներդրումների, Սեւանա լճի հիմնահարցերի կարգավորման հետ: «Որպես մարզի զարգացման գերակա ուղղություններ մենք ընդունել ենք երեք հիմնական ոլորտ՝ գյուղատնտեսություն, տուրիզմ եւ այլընտրանքային էներգետիկա: Մենք տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը չենք տվել նախատապվություն, քանի որ Սեւանա լճի առկայությունը սահմանափակում է արդյունաբերական որոշ ճյուղերի գործունեությունը: Մատնանշած գերակա ուղղություններում մենք արդեն արձանագրել ենք որոշակի հաջողություններ, որոնք ավելի տեսանելի կլինեն առաջիկա տարիների ընթացքում: Սեւանա լճի հիմնախնդիրները եւս շատ են, որոնց կարգավորման մեջ առաջնահերթ ենք համարում լճի ջրի որակի ապահովումը: Այսօր ջրի մաքրությանն առաջին հերթին սպառնում են ջրի տակ մնացած անտառային բուսական զանգվածները, որոնց նեխումից լճում առաջանում են անցանկալի, տհաճ երեւույթներ: Մեր առաջնահերթ խնդիրն է՝ առաջիկա երեք տարիների ընթացքում այդ բուսական զանգվածներից մաքրել 700 հեկտար տարածք, իսկ ջրածածկման ենթակա անտառային տարածքները եւս նախապատրաստել Սեւանի բարձրացմանը: Այժմ մաքրման աշխատանքներ են իրականացվում Սեւան Ազգային պարկի Վարդենիսի տեղամասում, 70 հեկտարի վրա: Առանձնակի ուշադրություն կդարձնենք նաեւ Սեւան թափվող գետերի վրա մաքրման կենսաբանական կայանների կառուցման ուղղությամբ, որպեսզի լճի ջրերը զերծ մնան նաեւ կեղտաջրերի աղտոտումից: Նաեւ մտածում ենք լիճը մաքրել ջրի տակ հայտնված շենք-շինություններից: Ամեն կերպ պետք է լուծում տանք այս բնապահպանական լրջագույն խնդիրներին»,- ամփոփեց մարզպետը:
Վարդենիս համայնքի այս տարվա ձեռքբերումների ու հաջողությունների, ինչպես նաեւ առաջիկա հրատապ անելիքների մասին խոսեց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելիքյանը:
«Այս հանդիպումը հրավիրվել էր Գեղարքունիքի մարզպետի խնդրանքով, ու, կարծում եմ, այն ոչ միայն անցավ բովանդակալից, այլ նաեւ ոգեւորեց մեր ուսանողներին՝ բարձր գիտելիքներ ձեռք բերելու պետականաշինության մեջ ակտիվորեն ներգրավվելու համար»,-հանդիպումը եզրափակեց ամբիոնի վարիչ Արսեն Գրիգորյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:02:48