Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիսավորությամբ նշվեց Հացառատի օրը

08.10.2019

Ամեն տարվա հոկտեմբերի յոթին Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչները տոնում են իրենց բնակավայրի օրը՝ այն նշանավորելով հանրային կյանքում աչքի ընկած գործիչներին պարգեւատրելով ու քաջալերելով, գեղարվեստական ու մարզական տարաբնույթ միջոցառումներով: Այս տարի Հացառատի օրը կրում էր «Հացառա՛տ, ի՛մ տուն, ի՛մ հայրենիք» խորագիրը: Միջոցառումը, արդեն յոթերորդ տարին անընդմեջ, նախաձեռնում է «Հացառատ բարեգործական հիմնադրամը»: Հրավիրված էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ, Հայաստանում կամ արտերկրում բնակվող հացառատցիներ: Միջոցառումը կայացավ Արցախյան ազատամարտի զոհերի հուշահամալիրի տարածքում: Տոնական հանդիսությունը օրհնության կարգով ու Տերունական աղթոքով բացեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը: Հացառատցիներին ողջունեց եւ շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Հարգելի հացառատցիներ, ես կասեի, որ այսօր աշխարհի ամենատարբեր վայրերում ապրող հացառատցիների միանության ու համերաշխության օրն է: Իսկ դուք կրկին վերահաստատում եք այն միտքը, որ միասնությամբ ու համերաշխությամբ կարելի է հաղթահարել բոլոր դժվարությունները: Այո, Հացառատն այսօր բազմաթիվ հիմնախնդիրներ ունի, որոնք մենք պետք է հաղթահարենք միասնական ջանքերով: Հավատացնում եմ ձեզ, որ Նոր Հայաստանում սրանից հետո ավելի լավ է լինելու, իսկ հետո շատ ավելի լավ է լինելու: Շարունակեք լինել համախմբված ու միասնական», -հացառատցիներին դիմեց Գնել Սանոսյանը:
Հացառատի շենացմանն ու զարգացմանը նպաստելու համար «Հացառատ բարեգործական հիմնադրամի» տնօրեն Արմեն Եդոյանը հիմնադրամի պատվոգրով պարգեւատրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին, երկարամյա մանկավարժներ Քնարիկ Մեհրաբյանին եւ Ամալյա Հայրապետյանին, հանրապետական տարբեր ստուգատեսներում հաղթած աշակերտներին, ինչպես նաեւ Հացառատի տնտեսության մեջ ներդրումներ կատարած ու նոր աշխատատեղեր ստեղծած գործարարներին: ԵԿՄ Գավառի տարածքային մասնաճյուղի շքանշաններով պարգեւատրվեցին 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասնակից հացառատցիները: Պարգեւները հանձնեց Գեղարքունիքի մարզպետարանի զորակոչային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը: Միջոցառումը եզրափակվեց տոնական համերգով ու հրավառությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11