Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի երկրագիտական թանգարանում բացվեց մեծանուն գիտնական Սամվել Քոչարյանցի լուսանկարների եւ հավաքածուների ցուցադրությունը

27.09.2019

Գավառի երկրագիտական թանգարանում հանդիսավորությամբ նշվեց մեծանուն գիտնական, միջուկային եւ ջերմամիջուկային զենքերի գլխավոր կոնստրուկտոր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Քոչարյանցի ծննդյան 110-րդ տարեդարձը, որը նշանավորվեց մեծ գիտնականի ու Գավառի պատվավոր քաղաքացու լուսանկարների ու հավաքածուների ցուցադրության բացմամբ: Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների տնօրեններ, հյուրեր Երեւանի եւ Գավառի պետական համալսարաններից: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին նաեւ Սամվել Քոչարյանցի եղբոր դստեր զավակը՝ Արմեն Ներսիսյանը եւ Մոսկվայի հայկական համայնքի ներկայացուցիչ Տաթեւիկ Մկրտչյանը:
Ինչպես բացման խոսքում նշեց Գավառի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը, մեծ գիտնականի 110-րդ տարեդարձին նվիրված ցուցադրության ողջ հավաքածուն թանգարանին է նվիրաբերել Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար, տեխնիկական գիտությունների դոկտոր, բարերար, ծնունդով կարմիրգյուղացի Սուրիկ Նաջարյանը: Մեծահամբավ գիտնական, աշխարհի գերգաղտնի մարդու՝ Սամվել Քոչարյանցի կյանքի եւ գործունեության մասին ընդարձակ զեկուցմամբ հանդես եկավ Գավառի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանը: «Սամվել Քոչարյանցի նախնիները Նոր Բայազետ քաղաքում են հաստատվել 1830 թվականին: Նրանք ունեցել են կտորեղենի խանութ եւ համարվել են ունեւորներ:Նա նախնական կրթությունը ստացել է հայրենի քաղաքում, մեծ բարերար Կոլոտ Հայրապետի հովանավորությամբ բացված դպրոցում: Խորհրդային իշխանության հաստատումից հետո Քոչարյանների ընտանիքը համարվել կուլակ, ենթարկվել հալածանքի: Երեւանի պետական համալսարանի ուսանողներ, եղբայրներ Սամվել եւ Սոս Քոչարյանները հետապնդվել են կառավարության կողմից, քանի որ համարվել են կուլակի զավակներ: Գավառում գտնվող նրանց բնակարանը պետականացրել են, իսկ եղբայրները հարկադրված են եղել հեռանալ Մոսկվա:Հետագայում Սոսը վերադարձել է Երեւան, իսկ Սամվելը Մոսկվայում աշխատանքի է անցել մի գաղտնի գործարանում, եւ այդ տարիներն էլ դարձել են նրա գերգաղտնի կյանքի սկիզբը:Դեռեւս 37 տարեկանում նա Մոսկվայում եղել է համալսարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչ եւ դեկան, իսկ «Արզամաս-16» գաղտնի քաղաք է տեղափոխվել անձամբ Ստալինի կարգադրությամբ: Նա 47 տարի շարունակ ապրել է նույն գաղտնի քաղաքում, մշտական հսկողության ներքո՝ հանդիսանալով միջուկային եւ ջերմամիջուկային զենքերի գլխավոր կոնստրուկտորը: Քոչարյանցը մեկն էր այն հանճարներից, ովքեր Խորհրդային Միությունը դարձրին ատոմային հզոր տերություն:Քոչարյանցը նշել է, որ ատոմային զենքը շատ ավելի զսպող զենք է, որը մշտապես ապահովելու է խաղաղությունը: Նրա զավակներ Գրիգորը եւ Գենադին եւս նշանավոր գիտնականներ են դարձել: Նա հոգով ու սրտով կապված էր իր հայրենի քաղաքին ու մի քանի անգամ տարբեր առիթներով հասցրել է այցելել հայրենի քաղաք, շփվել հարազատների հետ, անձամբ մասնակցել իր կիսանդրու բացման արարողությանը:Ըստ Գրիգոր Մարտիրոսյանի թողած գրավոր հուշերի՝ առողջարանում, որտեղ հեղինակը հանդիպել է խորհրդավոր հային, նա երբեք մենակ չէր քայլում, այլ միայն զինվորական շքախմբով: Եվ այսօր մենք հպարտ ենք, որ նման աշխարհահռչակ հայրենակից ունենք, ում գործերով ու անունով կհպարտանան նաեւ գալիք սերունդները»,- նշեց Մանյա Չարվադարյանը:
Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի նախկին տնօրեն, վաստակաշատ մանկավարժ Էմմա Հակոբյանը ներկաներին պատմեց իր եւ Սամվել Քոչարյանցի հանդիպման մանրամասները: Հանդիպումը տեղի է ունեցել 1982 թվականին, Մոսկվայում, Սամվել Քոչարյանցի բնակարանում: «Ես սկզբից զանգեցի, խոսեցի նրա կնոջ հետ, շատ մեծ էր իմ ցանկությունը՝ հանդիպելու իմ նշանավոր հայրենակցին:Մի օր հետո նրա կինը զանգեց ու հայտնեց, որ Սամվել Քոչարյանցը տվել է իր համաձայնությունը եւ ինձ սպասում է իր տանը: Երբ նա ինձ ընդունեց, ես հասկացա, որ այդ տաղանդավոր մարդը ոչ միայն մեծ գիտնական է, այլ նաեւ՝ մեծ մարդասեր ու հայրենասեր: Անշուշտ, հայրենիքի հանդեպ սերն ու կարոտն էր, որ նրան մղել եր նման համաձայնության: Մենք զրուցեցինք շատ երկար՝ մոտ 4-5 ժամ: Նրա բնակարանը շատ փոքր էր, իսկ նա նստած էր սեղանի մոտ:Նրա սենյակի պատի մոտ երեք դռներ կային, որտեղից ներսուդուրս էին անում բարձրահասակ, ամրակազմ ու երիտասարդ տղաներ:Իմ անհանգստությունը փարատելու համար նա ասաց՝ մի անհանգստացեք, մեր տղաներն են: Անշուշտ, այդ տղաները նրա թիկնազորի մարդիկ էին: Մենք հետագայում պահել ենք նամակագրական կապ Սամվել Քոչարյանցի տիկնոջ, ինչպես նաեւ եղբոր դստեր հետ»,-պատմեց Էմմա Հակոբյանը:
Ըստ տնօրեն Բյուրեղիկ Հովեյանի՝ մեծանուն գիտնականի ցուցադրական անկյունը մշտապես կպահպանվի Գավառի երկրագիտական թանգարանում
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:33:30