Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Թատերական Գավառ» փառատոնը եզրափակեցին սունդուկյանցիները

24.09.2019

Սեպտեմբերի 16-23-ը Գավառ քաղաքում անցկացվեց «Թատերական Գավառ» փառատոնը, որի ընթացքում Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկայացումներով հանդես եկան մայրաքաղաքի և հանրապետության տարբեր մարզերի տասը թատրոններ: Փառատոնի վերջին օրը «Արծվաբույն» ներկայացմամբ հանդես եկան Գ. Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական  Թատրոնի դերասանները: Մեկշաբաթյա փառատոնը հանդիսատեսի պակաս չունեցավ, թատերասեր հասարակությունը վայելեց հայ ժամանակակից և դասական դրամատուրգների մի շարք ստեղծագործություններ: « Լեփ լեցուն դահլիճները և ջերմ ծափահարությունները փաստում են, որ «Թատերական Գավառը» կայացավ: Թատրոնները Գավառի հանդիսատեսից ստացան անկրկնելի տպավորություններ, և ես համոզված եմ, որ մենք ճիշտ վարվեցինք, որ այս փառատոնը Գավառում կազմակերպեցինք»,- նշեց ՀՀ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Թատերական շաբաթն ամփոփեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, նշելով, որ նման միջոցառումները Գավառում վերականգնում են թատրոնի հանդեպ ունեցած երբեմնի սերն ու հետաքրքրությունը: «Այո, իսկապես «Թատերական Գավառ» փառատոնը կայացավ, և քննարկումները, որ մենք անցկացրել ենք փառատոնի կազմակերպման հետ կապված, իրականություն դարձան: Ես ուզում եմ մեր մարզի բնակչության անունից շնորհակալություն հայտնել այն բոլոր թատրոնների ղեկավարներին և դերասաններին, ովքեր փառատոնի ընթացքում հանդես են եկել ներկայացումներով: Շնորհակալություն Թատերական գործիչների միությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, Գավառի թատրոնի աշխատակիցներին և տնօրինությանը, որոնց համատեղ ջանքերի արդյունքում կայացավ թատերական շաբաթը: Այս մեկ շաբաթը ավելի ամրապնդեց թատերական մշակույթի հիմքերը Գավառում: Մեր հանդիսատեսը կսպասի ձեզ»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Թատերական արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի և «Թատերական Գավառ» փառատոնը կազմակերպելու համար Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց ՀՀ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին, իսկ փառատոնին մասնակցելու համար՝ բոլոր թատերական կոլեկտիվներին:
Փառատոնի անցկացումը լավագույնս կազմակերպելու համար ՀՀ Թատերական գործիչների միության նախագահը միության շնորհակալագրով խրախուսեց Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Հայկ Ղափանցյանին և թատրոնի մի շարք աշխատակիցների՝ ներկայացումների ընթացքում կոլեկտիվներին տեխնիկական սպասարկման հարցերում աջակցելու համար:
Փառատոնի կազմակերպմանն աջակցելու նպատակով Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենը թատրոնի պատվոգիր շնորհեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին, ՀՀ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին և «Թատերական Գավառ» փառատոնի հովանավորներ Հրայր և Աննա Հովնանյաններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10