Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիկ գյուղում իրականացվում է սուբվենցիոն չորս ծրագիր

17.09.2019

 Վարդենիկ գյուղում արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել են շինարարական լայնածավալ աշխատանքներ ճանապարհաշինության, խմելու եւ ոռոգման ջրի մատակարարարման բարելավման ուղղություններում: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, սուբվենցիոն առաջին ծրագրով , որի պայմանագրային արժեքը կազմում է 252 միլիոն 364 հազար դրամ, նախատեսվում է ասֆալտապատել գյուղի 9 փողոց՝ շուրջ 6 կիլոմետր երկարությամբ եւ 27 հազար 650 քառակուսի մետր մակերեսով:Պայմանագրային արժեքի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով հիմնանորագվում է գյուղի խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարը եւ 80 դիտահորեր՝ իրենց փականներով ու այլ սարքավորումներով: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 18 միլիոն 200 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիկի համայնքապետարանը:Շինարարական աշխատանքները կավարտվեն մեկ ամսից, որից հետո Վարդենիկում հիմնովին կկարգավորվի խմելու ջրի մատակարարումը:
Սուբվենցիոն երրորդ ծրագրով հիմնանորոգվում է գյուղի ինքնահոս ոռոգման հողաշեն ջրատարի՝ 12 կիլոմետր երկարություն ունեցող Սարի առվի առավել վնասված հատվածները՝ 296 գծամետր երկարությամբ, որտեղ պետք է տեղադրվեն երկաթյա խողովակներ՝ կորուստները վերացնելու նպատակով: Նախատեսված է նաեւ ջրթողի կառուցում: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 34 միլիոն 800 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիկի համայնքապետարանը:Շինարարական աշխատանքները մեկնարկել են մեկ շաբաթ առաջ եւ կավարտվեն մինչեւ նոյեմբեր ամիսը:
Սուբվենցիոն չորրորդ ծրագրով, որի մեկնարկը տրվելու է այս շաբաթվա ընթացքում, նախատեսվում է նոր լուսավորության ցանցի կառուցում եւ գործող ցանցի վերափոխում լեդ համակարգով: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 24 միլիոն 75 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Նորաստեղծ թաղամասերում կառուցվելու է մոտ 6,5 կիլոմետր երկարության լուսավորության ցանց՝ 186 հատ լուսատուներով: Լեդ համակարգով է փոխարինվելու 172 լուսատու՝ շուրջ 6 կլիոմետր երկարությամբ՝ էներգախնայողության նպատակով:Շինարարական աշխատանքները կավարտվեն մեկ-մեկուկես ամսվա ընթացքում:
«Վարդենիկում այժմ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 337 միլիոն դրամ, որից 128 միլիոնը ներդրվել է Վարդենիկի համայնքապետարանի կողմից:Գյուղի համար շատ կարեւոր, կենսական նշանակության այնպիսի խնդիրներ են կարգավորվում, որոնք իրենց լուծմանն են սպասել տասնամյակներով: Եկող տարում եւս , համոզված եմ, սուբվենցիոն նոր ծրագրերի հաշվին կկարգավորենք նաեւ մյուս առաջնահերթ հիմնահարցերը»,-նշեց համայնքի ղեկավարը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55